Մոռացված ֆիլմերի ստվերները

Վիլեն Զաքարյանի` կուլիսներում ապրող ֆիլմերը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Վիլեն Զաքարյանը հայ կինոյի ամենաինքնատիպ ռեժիսորներից է։ Ով տեսել է նրա «Վերջին նետում» ֆիլմը, կհաստատի դա։ Հայկական և խորհրդային էկրանավորման մեջ նոր կինոլեզու բերած ռեժիսորի ֆիլմերն աշխարհի համար հայտնություն եղան և ճանաչում բերեցին ոչ միայն նրան, այլև հայկական հեռուստատեսությանն ու «Երևան» կինոստուդիային։

Կինոռեժիսոր, սցենարիստ, «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի հիմնադիր Վիլեն Զաքարյանի առաջարկած ռեժիսորական լուծումները հեղափոխական էին ոչ միայն հայ այլ նաև խորհրդային կինեմատոգրաֆում:

Ավելի քան երեք տասնամյակ «Երևան» ստուդիայում գործունեություն ծավալած ռեժիսորը, անցյալ դարի 90-ականների սկզբին որոշում է մեկնել Մոսկվա և այնտեղ շարունակել իր ստեղծագործական ուղին։ Մի քանի տարի առաջ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նա նշում էր, որ իր կինոգործունեությունը սկսեց բեմադրված երաժշտական ստեղծագործություններ, հեռուստատեսային համերգներ և վավերագրական ֆիլմեր  նկարահանելով։

Եվ գուցե Վիլեն Զաքարյան վավերագրող ռեժիսորի աշխատանքային ճանապարհն այդպես էլ շարունակվեր, եթե անցյալ դարի կեսերին տպագրվող «Ֆիզկուլտուրա և սպորտ» ամսագրում պատահաբար չկարդար Աթանաս Լանդոջիևի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերության մեջ հայտնված բուլղար մարզիկի իրական պատմության մասին, որը ոչ միայն հուզեց նրան, այլև այն կինոսցենարի վերածելու միտք տվեց։

«Սյուժետային գիծը շատ հետաքրքիր էր: Գերին իր գնդակով հաղթում է ֆաշիստներին: Մարատ Մարինոսյանին ես ասացի , որ խաղարկային ժանրի ֆիլմ եմ նկարահանում, հարցրեց. «Երաժշտությունը թողնո՞ւմ ես Վիլեն», պատասխանեցի՝ «Այո»: Նա միանգամից կարգադրեց նկարահանող խումբ ձևավորել, որից հետո նախաձեռնեցինք նկարահանման աշխատանքները»,-այսպես էր վերհիշում տարիներ անց «Վերջին նետում» ֆիլմի նկարահանումները Վիլեն Զաքարյանը:

«Վերջին նետում» ֆիլմի գլխավոր դերակատար՝ Լևոն Թուխիկյան

«Վերջին նետում» ֆիլմը նոր կինոլեզու բերեց ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայում, կոտրեց շատ կարծրատիպեր՝ 1966 թ․-ին արժանանալով Կիևի՝ առաջին հեռուստատեսային ֆիլմերի փառատոնի գլխավոր մրցանակին:  

Այս հաջողությունից հետո Վիլեն Զաքարյանը մի քանի տարի նկարահանեց վավերագրական ֆիլմեր։ Խաղարկային ժանրի ֆիլմերի նկարահանմանը նա վերադարձավ 1970-ականների սկզբին։ 1971 թվականին նա սկսկեց աշխատել իր նոր՝ «Ո՞վ է կոտրել ձայնապնակը» երաժշտական ֆիլմի ստեղծման վրա, որի գլխավոր հերոսն ու դերակատարը Ռուբեն Մաթևոսյանն է։ Ամենաերիտասարդ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացած երգչի արվեստը վաղուց էր հետաքրքրում Վիլեն Զաքարյանին։ Դա էր պատճառը, որ նա որոշեց նրա մասնակցությամբ նոր և դեռևս չօգտագործված ռեժիսորական ոճով մի հետաքրքիր ֆիլմ նկարահանել, որին վիճակված էր անցնել այն ժամանակվա գրաքննական մեքենայի միջով։ 

Ավելի քան չորս տասնամյակ անց էլ Ռուբեն Մաթևոսյանը չի կարողանում առանց հուզմունքի վերհիշել իր մասնակցությամբ միակ գեղարվեստական ֆիլմի ստեղծումն ու դրան հաջորդած դրամատիկ իրադարձությունները։ Պատմում է, որ ֆիլմի աշխատանքները սկսելիս ո՛չ իր, ո՛չ էլ Վիլեն Զաքարյանի մտքով չէր անցնում, թե ինչ անընդունելի կարգավիճակում պիտի հայտնվի ֆիլմը։

Ռուբեն Մաթևոսյան

«Պատահեց այնպես, որ ֆիլմում հնչող մի քանի երգերի տեքստերի հեղինակ, բանաստեղծ Պարույր Միքայելյանը, ֆիլմի էկրան բարձրանալուց կարճ ժամանակ անց, մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ և այլևս չվերադարձավ: Խորհրդային Հայաստանում հետաքրքիր պատժամիջոցներ էին կիրառվում նման զանցարարների նկատմամբ: Օրինակ՝ մոռացության էին մատնում: Պարույր Միքայելյանին ոչ միայն համարեցին հայրենադավ, այլև որոշեցին փակել և մոռացության մատնել նրա հետ առնչություն ունեցող ամեն ինչ»,- ասում է Ռուբեն Մաթևոսյանը:

«Ո՞վ է կոտրել ձայնապնակը» ֆիլմի արգելման պատմությունը միակ տխուր հիասթափությունը չէր ռեժիսորի ստեղծագործական կյանքում։ Այդ տհաճ իրադարձություններից հետո մի քիչ շունչ առնելով, նա նախաձեռնեց «Հույսի խրճիթներ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։

Վիլեն Զաքարյանի համառության ու վճռականության շնորհիվ նկարահանված 57 րոպե տևողությամբ «Հույսի խրճիթներ» ֆիլմն առաջին իսկ ցուցադրությունից հայ հանդիսատեսը սիրեց և ընդունեց։ Սակայն, հակառակ դրան, մի քանի տասնամյակ է ֆիլմը մոռացության է մատնվել, այնպես, ինչպես մոռացված է ռեժիսորի նկարահանած մեկ այլ՝ «Խոնարհվիր վաղվա օրվան» ֆիլմը:

Կինոնկարում դերակատարումներով հանդես եկան այն ժամանակ ճանաչված դերասաններ։ Նրանց թվում էր նաև դերասանուհի Ալիս Կապլանջյանը։ Բազմաթիվ ռեժիսորների հետ համագործակցած Ալիս Կապլանջյանը տարիներ անց էլ մեծ ջերմությամբ է հիշում նկարահանման օրերը և  հատկապես Վիլեն Զաքարյանի հետ համագործակցությունը։

Ալիս Կապլանջյան

«Վիլեն Զաքարյանը այն ժամանակ երիտասարդ էր, շատ հումորով և նրա աշխատանքային դիտողություններից անհնար էր նեղանալ, այնպիսի հումորվ էր նա դիտողություն անում, որ ուղղակի ծիծաղում էիր։ Նա իսկապես կոչումով ռեժիսոր էր»,- նշում է դերասանուհին։

Չնայած իրեն բաժին հասած փորձություններին ու դժվարություններին, Վիլեն Զաքարյանը համառորեն շարունակում էր ստեղծագործել և էկրան բարձրացնել մեկը մյուսից տարբերվող, հետաքրքիր ֆիլմեր, որոնք հայ հանդիսատեսի հավանությանն էին արժանանում։ Բայց պատահեց այնպես, որ այսպիսի ճանապարհ անցած, շատ դժվարություններ հաղթահարած ֆիլմերի կյանքը շարունակվեց ոչ թե էկրաններին, այլ կուլիսներում։ Այս ամենին բացատրություն չգտնելով, Վիլեն Զաքարյանը կարծես ինքն իրեն հանգստացնում էր ասելով․

Վիկեն Զաքարյան

«Իմ գեղարվեստական ֆիլմերի մեծ մասը ես նկարահանեցի արյան գնով և ինձ համար շատ ցավալի է, որ այդ ֆիլմերը այլևս ցույց չեն տալիս: Դե ինչ արած, կարևորը այդ ֆիլմերը գոյություն ունեն, գուցե կգա մի օր, որ կվերհիշեն և նորից կցուցադրեն »,-ասում էր նա:

Հետգրություն

Օրեր առաջ 92 տարեկան հասակում կյանքից հեռացավ կինոռեժիսոր Վիլեն Զաքարյանը։ Վերջին տարիներին Մոսկվայում բնակվող ռեժիսորը Հայաստանից հեռանալուց հետո ինչ-ինչ պատճառներից ելնելով այդպես էլ չայցելեց հայրենիք, բայց հեռվում միշտ ապրեց իր երկրի հոգսերով և հույսով, որ իր երկիրը ներկայացնող և մրցանակներ բերած ֆիլմերը վաղ թե ուշ ճանաչելի ու սիրելի կդառնան հայ հանդիսատեսի համար։

Back to top button