Դպրություն

Դպրոցականները նաև գիրք են թարգմանում. հնդկական հեքիաթները՝ հայերեն․ «Դպրություն»

Կարևոր է հավատալ և վստահել դպրոցական համայնքին՝ աշակերտներին։ Նրանց մեջ կան դեռևս չբացահայտված շնորհալի երեխաներ։ Դպրոցականը կարող է նաև գիրք թարգմանել։ Երևանի թիվ 52 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Ներսիսյան Մանուշակը անգլերենից հայերեն է թարգմանել հնդկական հեքիաթների ժողովածուն։

«Ես թարգմանելիս ապրում էի հերոսների հետ։ Անում էի իրենց արարքները ու մտածում, եթե այսպես կամ այնպես անեի՝ ի՞նչ կլիներ։ Ու փորձում էի իմ միտքը հաղորդել նաև թարգմանությամբ, այսինքն ոչ միայն հեղինակի խոսքը, այլ նաև իմ կարծիքը թողնել այնտեղ։ Փորձում էի գրքի հերոսներին՝ կենդանիներին շունչ տալ, մարդկայնացնել։ Պանչատատրայում հերոսները հիմնականում կենդանիներ են», – պատմում է Երևանի թիվ 52 դպրոցի աշակերտուհի, «Պանչատատրա» հին հնդկական հեքիաթների ժողովածուի թարգմանիչ Մանուշակ Ներսիսյանը։

«Թարգմանության մեջ կարևորը ոչ թե բառը բառով թարգմանելն է, այլ հեղինակի ոճը զգալը, յուրաքանչյուր կերպարի ոճը զգալը։ Մեր դպրոցներում, ցավոք, հայերենի ուսուցիչները չեն սովորեցնում, որ լեզուն ունի նաև ոճական շերտեր։ Այ սա է, որ երեխաներին պետք է սովորեցնել, որպեսզի մենք հետագայում նաև լավ թարգմանիչներ ունենանք։ Երբ ես կարդացի Մանուշակի թարգմանությամբ Օսկար Ուայլդի հեքիաթը, սառեցի, անմիջապես աչք զարնեց, որ այս երեխան շատ նուրբ լեզվազգացողություն ունի», – ասում է թարգմանիչ, մանկական գրականության խմբագիր, մանկավարժ Նունե Թորոսյանը։

Back to top button