Հաջողության նոտա

Ժամանակին համընթաց, արժեքներին հավատարիմ․ Ռաֆայել Երանոսյանի «Հաջողության նոտան»

Չի սիրում խնդիր ստեղծող մարդկանց, նրա կողքին աշխատող, անկեղծ ու կայացած մարդիկ են: Չի խորշում որևէ աշխատանքից: Մինչև կհայտնվեր կամերային թատրոնի բեմում՝ որպես դերասան, աշխատել է որպես բեմի բանվոր: Երևանի կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանի համար կարևոր է ներկայացման թեման ու մեսիջը:

Չի սիրում բարդացնել և նվնվալ, խնդիրներին մոտենում է իրատեսորեն, կարծում է՝ յուրաքանրյուր խնդիր ունի լուծում, և պետք է տխրելու փոխարեն փնտրել այդ լուծումները: Նա չի վախենում իր սխալների համար ներողություն խնդրելուց, ասում է՝ դա թեթևացնում ու խաղաղեցնում է: Ըստ նրա՝ կայացած մարդուն չեն սիրում, ու դա ցավոտ է։

«Մերը չենք գնահատում: Արժեքներն են փոխվել, միշտ ասում ենք՝ մենք ուրիշ ենք, բայց գործով ապացուցում ենք հակառակը… Բարի եղեք ու չարությանը տեղ մի թողեք: Շնորհակալ եղեք, որ ամեն առավոտ կարող եք տեսնել լուսաբացը, իսկ մայրամուտն առանց Ձեզ էլ կարող է լինել», – ասում է Ռաֆայելը։

Ամեն օր նա երջանիկ է, ամեն օր ուրախ է, որովհետև ամեն օր ապրում է: Անհրաժեշտ է մտածել, գծել ու գնալ նպատակի ետևից՝ ասում է դերասանը։ Նրա համար կարևոր են հաճելի մանրուքները, շփումը ընկերների, հարևանների հետ: Երբ ազատ է, կտրվում է քաղաքի թոհուբոհից ու հայտնվում հայրենի գյուղում, վայելում ջերմ միջավայրը:

Back to top button