ՀարցուԳԻՏԱփորձ

Որտեղի՞ց է փչում քամին․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Մարդն ասում է՝ ինչ-որ մի բան շարժման մեջ դրեց տերևը, ծառի ճյուղը, բայց ես չեմ տեսնում նրան։ Ուրեմն ինքն աստվածային էություն ունի»։

Շարժումը կյանք է։ Բայց անկյանք իրը հանկարծ սկսում է շարժվել։ Դա նորմալ է։
Բայց անկյանք իրը հանկարծ շարժվում է առանց մարդու միջամտության․․․

«Ձյունը երևում է, անձրևը երևում է, քամին չի երևում։ Բայց մարդը գիտի, որ դա դատարկ տեղ չի։ Դա աներևույթ է։ Եվ գերբնական էությունն ավելի է ուժեղանում»։

Բարև։ «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն այսօր բնականի, բայց չշոշափվողի, ներկայի, բայց անտեսանելիի՝ քամու մասին է։

***

Ձեզ տարօրինակ չի՞ թվում, երբ փողոցում քայլում եք դուք և գետնին ընկած տոպրակը։ Նա մեզնից վատ չի շարժվում։ Դեռ ավելին՝ կարող է ավելի արագ, ավելի ճկուն, ավելի բարձր լինել։ Մենք՝ արարչագործության պսակներս, հանկարծ պարտվում ենք անշունչ առարկային։ Բայց մենք դա չենք նկատում, որովհետև այսօրվա մարդկանց գիտափորձերը պատասխանել են երեկվա մարդկանց հարցուփորձին՝ ո՞վ է շարժում չշարժվողը։

Քամին այսօր նորմալ է՝ չնկատվելու աստիճան։ Փողոցում մեզնից լավ «քայլող» տոպրակն էլ տարօրինակ չէ։ Առաջ այն առաջացնում էր էմոցիաներ՝ անհանգստացնողից՝ սարսափազդու միջակայքում։

Այսօր այն ոչ թե աստվածային, այլ օդերևութադաբանական երևույթ է։ Բայց հարցեր այսօր էլ կան՝ որտե՞ղ է քամին, երբ այստեղ չէ, ինչո՞ւ է այն մեկ զեփյուռ, մեկ փոթորիկ, որտեղի՞ց է փչում քամին․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Մինչև 14 մետր/վայրկյան համարում ենք, որ քամին վտանգավոր չէ, 15-24 մետր/վայրկյանն անբարենպաստ է, այդ դեպքում կարող են կոտրվել ծառեր, պոկվել տանիքի որոշ հատվածներ և այլն, իսկ արդեն 25-30 մետր/վայրկյանը համարում ենք փոթորիկ, որի դեպքում կարող են լինել ավերածություններ»։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանն ամեն օր, ի թիվս այլ տվյալների, քամու շարժի մասին է պատմում։ Այսօր խնդրել եմ հենց քամու մասին պատմել։ Սկսում ենք Արևի՝ Երկրի տարբեր հատվածներին տարբեր քանակությամբ ջերմություն տալու երևույթից։

«Երկրի գնդաձևության, իր առանցքի շուրջ նրա պտույտով պայմանավորված, Արեգակի ճառագայթները տարբեր աշխարհագրական լայնություններում ընկնում են տարբեր անկյան տակ։ Այս երևույթով պայմանավորված երկրագնդի վրա առաջ է գալիս ջերմաստիճանային մեծ տարբերություն։ Այսինքն՝ հասարակածային շրջաններում, որտեղ արևի ճառագայթները ընկնում են մոտ 90 աստիճան անկյան տակ օդը շատ ավելի է տաքանում, քան բևեռային շրջաններում, որտեղ արևի ճառագայթները գրեթե սահում են երկրի մակերևույթի վրայով»։

Որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան ցածր է մթնոլորտային ճնշումը։ Բևեռամերձ հատվածներում, այսպես ասած, Երկրի «անկյուններում», ճնշումն ավելի բարձր է, քան հասարակածային հատվածներում՝ անզեն աչքով ընկալվող Երկրի «կենտրոնում»։ Իսկ բնությունը հավասարություն է սիրում.

«Ջերմաստիճանային և ճնշման դաշտի անհավասարաչափ բաշխվածության պատճառով երկրագնդի վրա առաջանում է օդի տեղաշարժ, որը կոչվում է քամի։ Քամին օդի հորիզոնական շարժումն է մթնոլորտային բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայր»։

Բայց սա չի նշանակում, թե քամին միայն բևեռից է փչում։ Քամին խոնավության հավասարաչափ բաշխվածություն ապահովելու խնդիր ունի։ Ուրեմն այն գալիս է այնտեղից, որտեղ խոնավության պակաս չկա․

«Քամու շնորհիվ է, որ օդի խոնավությունը օվկիանոսներից տեղափոխվում է մայրցամաքների խորքերը։ Եթե չլինի օդի տեղաշարժը, այսինքն՝ քամու առկայությունը, տեղումնաբեր ամպերը, խոնավ օդային հոսանքները չեն ներթափանցի մայրցամաքի խորքային հատվածներ և հետևաբար մայրցամաքային կենտրոնական հատվածում տեղումներ չեն լինի։ Օրինակ՝ Հայաստանում։ Մենք բավականին հեռու ենք, չէ՞ օվկիանոսներից։ Եթե չլինի քամու առկայությունը, Հայաստանում տեղումներ գրեթե չեն լինի»,- ասում է Սուրենյանը։

Բայց հնարավո՞ր է, որ քամի չլինի։ Պարզվում է, որ քամին ոչ թե բնության բարի կամքի դրսևորումն է, այլ օրինաչափություն։ Քամի չի լինի միայն այն դեպքում, եթե Երկիրը դադարի պտտվել, եթե չլինի գիշեր ու ցերեկ, և առհասարակ, եթե Երկիրը քառակուսի կամ մի հարթություն լինի։ Մեկ բառով ասած՝ ոչ։ Քամին դատապարտված է միշտ լինել։

«Տվյալ վայրում կարող է քամի չլինել, բայց քամու տեղաշարժ երկրագնդի տարբեր լայնություններում ժամանակի տվյալ պահին անընդհատ կա։ Ընդ որում՝ քամին միայն մթնոլորտի գետնամերձ շերտերում չէ․ քամու հոսանքները տարածվում են մինչև մթնոլորտի 18-19 կմ բարձրությունները։ Կարող է մթնոլորտի գետնամերձ շերտում քամու տեղաշարժ չլինի, բայց մթնոլորտի միջին և բարձ շերտերում ժամանակի նույն պահին լինեն ուժեղ օդային հոսանքներ»։

Հզոր ցիկլոնները լինում են օվկիանոսամերձ հատվածներում։ Հայաստանում քամու կատաստրոֆիկ արագություններ չեն լինում։ «Կատաստրոֆիկ» բառն այս դեպքում պարզապես ածական չէ․ ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում և այլ երկրներում քամին մեկ վայրկյանում 60-70 մետր ճանապարհ է «անցնում», և սա կործանարար է։ Հայաստանում քամու առավելագույն պոռթկումը հասնում է 40 մետր/վայրկյան արագության։

«Հետաքրիր է, որ միջնադարում քամին համարվել է շնչավոր էակ, ոգի կամ հոգի։ Եզնիկ Կողբացու աշխատանքում մի բառ կա՝ «այս», որը նա մեկնաբանում է երկու կերպ․ այս բառը գրաբարում նշանակել է և՛ ոգի կամ հոգի, և՛ քամի»։

Բնագետ, լեզվաբան, Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանի հետ զրույցը սկսում ենք «Սասնա ծռեր» էպոսը վերհիշելով։

«Խաչապաշտ Գագիկ թագավորն էլավ,
Թուղթ մի գրեց, էտուր Քամուն, ասաց.
— Իմ թուղթ կը տանես Բաղդադ,
Իմ թոռ Սանասարի ձեռ կը տաս»։

«Այստեղ մենք տեսնում ենք այդ առասպելաբանական մտածողությունը, որ քամին շնչավոր էակ է և «Սասնա ծռեր» էպոսում, օրինակ, ունենք Քամի Փահլեվան, որը գլխավոր հերոսի օգնականն է, նրա նամակաբերն է, մունետիկն է։ Փոխաբերաբար նաև ներկայացնում է քամու ընթացքը սարերի, ձորերի, տարածության միջով՝ որպես սրընթաց և արագ լուր բերող ինչ-որ մի կերպար»։

Հայ ժողովրդական մշակույթի առասպելաբանական շերտում քամին գերբնական ոգի էր։ Որոշ հին կրոններում նաև քամու աստվածություններ են եղել․

«Օրինակ՝ հայերին շատ մոտ և ցեղակից ժողովուրդները՝ իրանցիներն ու հնդիկները, ունեցել են հատուկ քամու աստված, որը կոչվել է Վայու։ Հայերի մեջ եղել է այս աստծու զուգահեռ աստվածությունը, որը կոչվել է Վահ, նույն արմատն է։ Հետագայում դարձել է Վահագնը։ Վահագնը հենց ամպրոպի և քամու աստվածն է, իսկ այդ ժամանակ շատ մեծ դեր է խաղում քամին, մրրիկը։ Վահագն վիշապաքաղը, որը կռվում է վիշապների դեմ և վիշապներին քաշելով բարձրացնում է վերև, դա անում է մրկահողմի, փոթորիկի միջոցով»,- ասում է Տորք Դալալյանը։

Տորք Դալալյանն ասում է՝ հնում քամին ոգի համարելն օրինաչափ է եղել։ Մարդիկ տեսել են, որ պտտահողմը սարից ոչխար, ջրից ձուկ է բարձրացնում և հավատացել են, թե ամպրոպի, կայծակի աստված, կռվելով վիշապի հետ (որն, ի դեպ, ըստ հավատալիքի կարող էր ցանկացած կենդանու կերպար ստանալ), նրան առել է պտտահողմի, մրրիկի մեջ ու մոտեցրել արևին, որ այրվի, խփել է լեռան կատարին, որ փշրվի։

«Այդ առասպելաբանական պատկերացումները կորել են, որովհետև ուրբանիզմը մարդուն հեռացրել է բնությունից։ Իսկ այն ժամանակվա մարդը, ապրելով բարձր սարերում, զբաղվելով անասնապահությամբ ու հողագործությամբ, ավելի մոտ է եղել այդ ամենին։ Այսօր էլ, եթե գնանք բարձր լեռնային շրջաններում իրենց նախիրները արածեցնող անասնապահների մոտ, գուցե նրանց մեջ էլ ինչ-որ հավատալիքներ, ավանդազրուցներ գրառենք քամու վերաբերյալ, որոնք ներկայացնեն արդեն նոր բանահյուսության մոտեցումները։ Բայց նման աշխատանք չի արվել»։

Գուցե հարյուրամյակներ անց հայ մշակույթն ուսումնասիրող մի մասնագետ ուսումնասիրի այսօր գրվող երգերը, որոնցում ներկայացված է քամին, և դա ներկայացնի որպես 21-րդ դարի հայ բանահյուսություն․

«Եթե հավատանք Ռուբեն Հախվերդյանի հայտնի երգին՝ սարերի քամին Արևմտյան Հայաստանից է գալիս՝ իր հետ մեր նախնիների ոգիների շունչը բերելով։ Քամու կերպարն իր այդ բանաստեղծության մեջ, որը վերածվել է երգի, օգտագործում է նախնիների գերբնական զորությունը, ուժը ցույց տալու համար»,- ասում է Դալալյանը։

Բայց մեր առօրյա խոսքը ուսումնասիրելով, ևս շատ բան կպարզվի։ Քամին հայերենում է՝ դարձվածքների հարուստ պաշար ստեղծելով։ Այսպես՝ մենք առաջարկում ենք «քամի չանել»՝ դատարկ բաներ չխոսել, չխաբել, ասում ենք, թե «քամի դիպավ»՝ հիվանդացավ, կամ գլուխը կորցրեց, խենթացավ, որոշ մարկանց որակում ենք որպես «քամի վռնդող»՝ անգործ, անբան, իսկ երբեմն էլ հորդորում ենք ինչ-որ բան «քամուն չտալ»՝ չվատնել, չկորցնել կամ չմոռանալ։ Լեզուն պահում է ավանդույթը։ Այն մեզ պատմում է առեղծվածի ու լեգենդի, ավանդազրույցի ու հավատալիքների մասին։

Իսկ գիտությունն այդ ընթացքում մեր ամենօրյա հարցերի գիտական պատասխաններն է փնտրում։ Ի դեպ, Գագիկ Սուրենյանի խոսքով՝ առասպելաբանության համար առեղծվածային քամին գիտնականների համար բացահայտված է 95 տոկոսով։ Այժմ գիտնականները փորձում են բացահայտել որոշ ֆիզիկական ուժեր, որոնք ազդում են քամու տեղաշարժի, թեքման անկյան և վարքային այլ առանձնահատկությունների վրա։

Back to top button