Երաժշտական եռանկյունի

Հայկ Վարդանյան՝ ճանապարհ դեպի օպերային բեմ․ «Երաժշտական եռանկյունի»

Օպերային արվեստը Հայաստանում պետության մշակութային մենաշնորհի ոլորտ է հանդիսանում։ Այն հատուկ տեղ է գրավում արվեստի մյուս ճյուղերի շարքում և պատմականորեն, օպերային թատրոնի հիմնադրման ժամանակներից, գտնվում է պետության հատուկ հոգածության ներքո։

Դա բացատրելի է մի քանի հանգամանքներով, նախ՝ օպերային արվեստը առավել ծախսատար ժանր է, երկրորդ՝ այն պահանջում է բարձր արհեստավարժություն, երրորդ՝ լինելով սինթետիկ արվեստ, մենակատարների խմբից բացի ներառում է նաև սիմֆոնիկ նվագախումբ, երգչախումբ և բեմական մաս, իր բոլոր բաղադրիչներով՝ տեխնիկական, ադմինիստրատիվ և սպասարկման հատվածներով։

Նման համակարգը բավականին ստատիկ է և վերարտադրվում է բացառապես արտիստների սերնդափոխությամբ։ Այնինչ աշխարհում գործող օպերային թատրոնների մոդելները տարբեր են և ճկուն՝ ավելի արագ արձագանքող և հարմարվող 21-րդ դարի թելադրանքներին։

Հաղորդման հերոսը՝ Հայկ Վարդանյանը երեք տարի պաշտոնավարեց Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, զբաղեցնելով տնօրենի պաշտոնը, և ներսից շատ լավ է ճանաչում բոլոր գործառույթներն ու դրանց նրբությունները։

«Ես անձնվեր տրվեցի իմ գործին օպերային ստուդիայում և մենք, իսկապես, արձանագրեցինք փայլուն արդյունքներ՝ առաջնախաղեր, երաժշտական երեկոներ, փառատոներ։ Կարողացանք միջազգային ստեղծագործական խումբ ձևավորել, համալրել նվագախումբն ու երգչախումբը, ասպարեզ բերել երիտասարդ երգիչների և ամենակարևորը՝ ընդունվել հասարակության և երաժշտասեր հանրույթի կողմից» — ասում է Հայկ Վարդանյանը, որը, արձանագրելով վերը նշվածը, այնուամենայնիվ նախընտրում է բեմը, այլ ոչ ադմինիստրատիվ աշխատանքը։ Հայկը որոշեց զբաղվել անհատական կարիերայով և ընտրեց օպերային երգչի ճանապարհը, բայց, ի տարբերություն Հայաստանում ընդունված միակ տարբերակի՝ գերադասում է ազատ արվեստագետի ուղին։ Նա մեկնեց Եվրոպա վոկալը կատարելագործելու, երգացանկը հղկելու և ակադեմիական օպերային արվեստի բնագավառում ինքնուրույն կապեր հաստատելու նպատակով։

Այդ ընթացքում իրականացրեց բազմաթիվ լսումներ եվրոպական մի քանի երկրներում, տարբեր համերգային ծրագրեր, գործնական շրջագայություններ և հանդիպումներ։

Հայաստանը մշտապես Հայկի ստեղծագործական և համերգային ծրագրերի առանցքում է, երգիչը մինչ արտասահման մեկնելը համերգային բազմաթիվ ձևաչափեր է փորձարկել, արվեստանոցներում սալոնային համերգներից մինչև օպերային բեմերը, մշտապես ընդլայնելով երգացանկը, որն այսօր ներառում է ոչ միայն բազմաթիվ օպերաների դերերգեր, այլև մեծ կամերային երգացանկ։ Հայկական դասական երաժշտությունը միշտ առկա է նրա համերգային ծրագրերում։ Անդրադառնելով «ազատ արվեստագետի» կարգավիճակին, Հայկը նշում է, որ այն շատ թանկ է իր կամար, քանի որ չի կաշկանդում պայմանականություններով, պարտադրանքներով և թույլ է տալիս ընտրությունների մեջ ունենալ այն ազատության չափը, որից շատ հաճախ զուրկ են հաստիքային արվեստագետները Հայաստանում։

Հաղորդման ընթացքում Հայկ Վարդանյանի կատարմամբ հնչում են տարբեր օպերային և կամերային ստեղծագործություններ։

Back to top button