Մասնագիտություն

Տարերային ուժերի հետ դեմ հանդիման՝ առագաստանավային սպորտ․ «Մասնագիտություն»

Ջրի, համարձակության, պայքարի, առողջ ապրելակերպի, բնության, նորանոր արկածների բոլոր սիրահարներին միավորող սպորտաձև։ Այստեղ սուր զգացողություններն ու անմոռանալի հիշողություններն անսպառ են. արկածային սպորտաձև, որն անմիջականորեն կապված է ջրի հետ, ադրենալինով ու վառ հույզերով լի սպորտաձև, որը մարզիկների համար ոչ միայն սիրելի աշխատանք է, այլ նաև կենսակերպ։

Ջուր, օդ, քամի, ալիքներ, առագաստանավ և, որն ամենակարևորն է, արկածախնդիր ոգի. ահա այն ամենը, որ անհրաժեշտ է առագաստանավային սպորտով զբաղվելու և բնությանը միախառնվելու համար:

Ով գոնե մեկ անգամ հրապուրվել է առագաստանավային սպորտով, մխրճվել ծովի մեջ, նավարկել, քամու ընկերակցությամբ զգացել առագաստանավի ընթացքը, ջրի վրա ճեղքել ալիքները, միաձուլվել բնությանը, սանձել քամին և ալիքները, ապրել ազատության բերկրանքը, միավորել սեփական ու տարերային ուժերը ցանկալի նշանակետին հասնելու համար, դրանից հետո այլևս չի կարող պատկերացնել իր կյանքն առանց տարերային ուժերի հետ դեմ հանդիման։

Ջուրը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ջրային սպորտով զբաղվող և սիրող մարզիկների համար։ Ջրային մարզաձևերով մարդիկ զբաղվել են վաղ անցյալից. դրանք հայտնի են ոչ միայն որպես սպորտի տարատեսակ, այլ նաև հանգստի և զվարճանքի միջոց։

Առագաստանավերի առաջին մրցարշավները տեղի են ունեցել Անգլիայում՝ 18-րդ դարում։ 1900 թվականից առագաստային սպորտը դարձել է օլիմպիական մարզաձև։ Զրույց Հայկական առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, առագաստանավային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սմբատ Հակոբյանի հետ։

Back to top button