Վերնատուն

Բարի միտք, բարի խոսք, բարի արարք․ երեքհազարամյա «Ավեստան»՝ հայերեն․ «Վերնատուն»

Համաշխարհային մշակութային կոթողներից մեկը, զրադաշտականության սուրբ գիրքը՝ «Ավեստան» լույս տեսավ ամիսներ առաջ, թարգմանիչ, գրող Էդուարդ Հախվերդյանի հինգ տարիների աշխատասիրության, խորքային հետազոտության արդյունքում։

Էդուարդ Հախվերդյանը թարգմանել է իսլամական սուրբ գիրքը՝ «Ղուրանը» և երկու տասնյակ իրանական արձակ և չափածո ստեղծագործություններ։ Թարգմանիչը խոսում է «Ավեստայի» մշակութային, գեղարվեստական արժեքի, հայ մշակույթի հետ ունեցած առնչությունների ու կապերի մասին։

«Ավեստայի» սկզբունքներին թարգմանիչը ծանոթացել է դեռ դպրոցական տարիներին, երբ բնակվում էր Իրանում։ Ասում է՝ «այդ սկզբունքները բարոյագիտության բարձրագույն նշաձողն են՝ բարի միտքը, բարի խոսքը և բարի արարքը։ Այս երեք սկզբունքները տարածված են եղել ողջ տարածաշրջանում՝ և՛ պարսկալեզու ազգերի շրջանում, և՛ մեզանում։ 3000 տարեկան դյուցազնապատումներ, ծեսեր, բարոյական խնդիրներին առնչվող տեքստեր․

«Ղուրանից» հետո շատերի մոտ այն տպավորությունն է, որ ես կրոնական գրքերի սիրահար եմ։ Ամենևին։ «Ղուրանը» դեսպանատան պատվերն էր, այս գիրքը հենց առաջին էջից ինձ ոգևորեց, քանի որ մենք առնչվեցինք մեր դյուցազներգության, հերոսների, աստվածների ու ծեսերի հետ։ Հարյուրից ավելի հիշատակում կա Անահիտ աստվածուհու մասին, Արամազդը նույն իրենց Ահուրա–մազդան է, շատ կան ընդհանրություններ նաև էպոսի հետ», –ասում է թարգմանիչը։

Գիրքը թարգմանելիս ուսումնասիրել է ոչ միայն իրանցի այլ նաև եվրոպացի արվեստագետների հետազոտությունները։

«Որքան դժվարությունները շատ են եղել, այնքան բերկրանքն ու հաճույքը մեծ է եղել թարգմանելիս։ Հնագետի կամ ոսկեխույզի նման սկսել էի փորել ժայռը և առաջ գնալ, գիտեի, որ այնտեղ ոսկի կա։ Երբ գիտես՝ որտեղ է պահված գանձը, առաջ ես գնում ու մեծ ոգևորություն ես ապրում։ Ես մեծագույն բավականություն եմ ստացել։ Այս 5 տարիների ընթացքում չի եղել պահ, որ հրաժարվեմ։», – ասում է Էդուարդ Հախվերդյանը։

Back to top button