ԿարևորՎերլուծական

Ինչո՞ւ Հայաստան․ հայկական փոքր գործոնը հնդկական մեծ խաղում

Մարտի 3-4-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանում մասնակցում է Նյու-Դելիի «Ռաիսինա երկխոսություն» համաժողովին։ Նա, ինչպես հայտնում է արտգործնախարարության մամլո ծառայությունը, որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկման և հանդիպումներ կունենա այլ երկրների պաշտոնակիցների հետ։   

Հայ-հնդկական հարաբերությունները ակտիվացան 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո։ 2021 թ. հոկտեմբերին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան եկավ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Դա Հնդկաստանի արտգործնախարարի՝ պատմության մեջ առաջին այցն էր Հայաստան: Այնուհետև, 2022 թ. ապրիլի 25-28-ը, աշխատանքային այցով Հնդկաստան մեկնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Դրանից հետո, հուլիսի 4-5-ին Երևանում տեղի ունեցավ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը, որին մասնակցեց Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման։ Ավելի ուշ Հնդկաստան այցելեց նաև ՊՆ Սուրեն Պապիկյանը։ Այս պահին, արտգործնախարարից բացի, Հնդկաստանում է նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Ակտիվ փոխայցերի արդյունքում անցյալ տարի հայտարարվեց, որ ազմական ոլորտում Երևանն ու Դելին սկսել են փնտրել կոնկրետ ու երկարաժամկետ համագործակցության ուղիներ։

ժամանակակից Հնդկաստանն այլևս այն չէ, ինչ հայ հանդիսատեսը սովոր էր տեսնել Ռաջ Կապուրի 1950-60-ական թթ. կամ այլ հնդկական ֆիլմերում: «Հնդկաստանը շատ ավելին է, քան Բոլիվուդը, փղերը, թեյն ու յոգան»,- մի առիթով ասել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը, նշելով, որ իր երկիրն այսօր աշխարհի 6-րդ խոշորագույն տնտեսությունն է՝ 2.6 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով: Դեսպանն այդ մասին խոսել էր՝ հայ-հնդկական հարաբերությունների ակտիվացման համատեքստում։

Թե՛ փորձագետները, թե՛ պաշտոնյանները համոզված են, որ հայ-հնդկական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են երկու երկրների համար էլ: Հնդկաստանն ուսումնասիրող հայ փորձագետները կարևորում են դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունների վերարժևորումը։ Նրանք բարձր են գնահատում այն, որ Երևանը հայացքն ուղղում է  դեպի ձևավորվող նոր աշխարհակարգում իր տնտեսական, գիտական ու տեխնոլոգիական մեծ ներուժով լուրջ հայտ ներկայացնող, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կառուցող Հնդկաստան։   

Հնդկական «Յուսանաս հիմնադրամ» ուղեղային կենտրոնի գիտաշխատող Արարատ Կոստանյանը նկատում է, որ Արևմուտքին հասնելու Հնդկաստանի տնտեսական ու քաղաքական ծրագրերում Իրանին ու Հայաստանին կարևորագույն դեր է վերապահված։ Ըստ նրա՝ դա պատահական չէ, քանի որ անվտանգային հարցերը էկան նշանակություն ունեն նաև Հնդկաստանի համար.

«Դա նույնպես հուզում է Հնդկաստանին, որովհետև կա ահաբեկչության խնդիրը, մեծացող վտանգ՝ Պակիստանի սատարումը բացահայտորեն Թուրքիային և Ադրբեջանին։ Սա Հնդկաստանի համար արտաքին քաղաքականության, այս տարածաշրջանում իր ունեցած ազդեցության կարևոր բաղադրիչներից է։ Մանավանդ, որ Հնդկաստանն իր ծրագիրն առաջարկեց՝ տնտեսական տարածաշրջան մտնելու։ Այնպես որ՝ Հնկաստանը այս տարածաշրջանում Հայաստանը համարում է  իր վստահելի բարեկամ-գործընկերը»։ 

Հայ-հնդկական արդի հարաբերություններն ակտիվացան հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Երկու երկրների օրակարգում նկատելիորեն ընդգրկվեց նաև ռազմական համագործակցության հարցը։ Հայաստանի ու Հնդկաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների մակարդակով արդեն իսկ հայտարարվել է, որ պաշտպանության ոլորտում կողմերը հակված են երկարաժամկետ  համագործակցության։

«Այս պահին այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Հնդկաստանի միջև, բավականին խոստումնալից է, բավականին դրական է։ Կարևոր մի բան է պետք հասկանալ՝ Հայաստանի Հանրապետությանը  թիվ մեկ սպառազինություն մատակարարող ՌԴ-ը , այս պահին համաշխարհային շուկայից ռազմարդյունաբերույուն արտահանող երկրների ցանկից դուրս է մնացել»,-ասում է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։

Դրա պատճառն, ըստ փորձագետի, Ուկրաինայում պատերազմն ու Արևմտյան պատժամիջոցներն են։ Ուստի Հայաստանը պարտավոր է այլընտրանքներ գտնել։ Ըստ Վահան Համբարձումյանի՝ Հնդկաստանն այդ առումով մի քանի տեսանկյունից ամենահարմարն է, քանի որ այն քիչ պետություններից մեկն է, որոնք խնդիրներ չունեն այդ հարցում և նաև շահագրգիռ են Հայաստանի ռազմական կարողությունների ավելացմամբ․

«Քեզ, ով սպառազինություն մատակարարի՝ հարաբերություններ կարող է փչացնել Ադրբեջանի, Թուրքիայի հետ, մի խոսքով՝ շատ բարդ խնդիրներ կան։ Հնդկաստանը այդ ամեն ինչը տեսնելով, շատ կողմ է ՀՀ-ին սպառազինություն վաճառելուն։ Շատ խոստումնալից է՝ երկու երկրների համար էլ»։   

Ակնհայտ է, որ ձևավորվող «նոր աշխարհակարգում» Հնդկաստանի դերն ու հեղինակությունն աճում է։ Այդ երկիրն, ըստ արևելագետ Արարատ Կոստանյանի, կարևոր դեր է ստանձնելու այդ նույն «նոր աշխարհակարգում»։ Փորձագետը նկատում է, որ G20-ի նախագահությունը ստանձնելով, Հնդկաստանը նաև Հայաստանի հետ բանակցություն-կոնֆերանս անցկացրեց․  

«Այսինքն, այդ հարաբերությունները զարգանում են և արդեն բարձրացվում են միջազգային քաղաքականության համատեքստին համահունչ հարաբերությունների մակարդակի, ինչը գովելի է, անշուշտ»։

Կոստանյանը պատահական չի համարում և չի բացառում, որ Հայաստանի և հայ ժողովրդի վերելքը կարող կրկին կապված լինել Հնդկաստանի հետ, ինչպես նախորդ դարաշրջանի փորձն է ցույց տվել, երբ արևելյան այդ երկրում ծնվեցին հայկական պետականության ու սահմանադրության նոր գաղափարները, երբ 16-17-րդ դդ. հայերը գնացին Հնդկաստան և այնտեղից վերադարձան թարմ գաղափարներով: 

Back to top button