Դպրություն

Նոր դասագրքերի ստեղծման ժամկետները անթույլատրելիորեն կարճ են․ փորձագետ․ «Դպրություն»

Մշակվել և հաստատվել է առանձին կարգ՝ դասագրքերի ստեղծման մասին, հրապարակվել են նաև գնահատման չափանիշները։

Հայտարարված է դասագրքերի ստեղծման մրցույթ, որի պարտադիր բաղադրիչն է մրցույթին ներկայացված դասագրքերի փորձաքննությունը, որն իրականացվում է 2 փուլով՝ համապատասխանության փուլ և բովանդակային գնահատման փուլ: Դասագրքերի ստեղծման գործընթացը նոր ընթացակարգով իրականացվում է առաջին անգամ։

Արմեն Մարտիրոսյան

«2022 թվականի դեկտեմբերի 1-ին հայտարարվել է դասագրքերի ստեղծման մրցույթ, բայց մինչև այսօր հաստատաված առարկայական չափորոշիչներ չկան։ Եթե այն, ինչ կա օդում, դա է կոչվում չափորոշիչ, ապա կարող էին չփոխել։ Չափորոշիչների գործընթացը սկսվել է 2015 թվականին։ Հիմա՝ դրանից հետո տեղի է ունեցել հեղափոխություն։ Հեղինակային իրավունքը պահելով, ասում եմ Սոկրատ Մկրտչյանի մտքերը։ Նա ասում է՝ «Հեղափոխությունը ինձ համար՝ «Քայլ արա», «Ես եմ տերը այս երկրի», այս արժեքները կային։ Հարց՝ արդյո՞ք սրանք արտացոլվել են չափորոշիչներում, ո՛չ։ Մենք ունեցել ենք աղետալի պատերազմ։ Արդյոք պատերազմից հետո որևէ անալիզ արվե՞լ է։ Արդեն մեր պետականության առջև դրված ա՛յլ խնդիրներ ունենք։ Իսկ եթե այս ամենը կապ չունի չափորոշիչների հետ՝ ի՞նչ երկրում ես ապրում, ի՞նչ խնդիրներ ունի քո երկիրը, ո՞ւմ են պետք այդ չափորոշիչները։ Եթե այսպես պետք է լիներ, թող մնային հին չափորոշիչները»,– ասում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Սերոբ Խաչատրյան

«Վերջին 30 տարվա մեջ ես չեմ հիշում այսպիսի տարօրինակ զարգացումների շղթա։ Մարդիկ դասագիրք են պատրաստում, բայց բացարձակ տեղյակ չեն, թե ինչ է եղել չափորոշիչների փորձարկման ընթացքում։ Դասագիրքը, որով դու հարյուր հազարավոր երեխաների պետք է կրթություն տաս, դու այդ կարևոր գործիքը գնահատում ես ընդամենը 6 միլիոն։ Հրատարակիչների համար բավական վատ պայմաններ են առաջարկված։ Ըստ էության՝ նրանց դերը նվազեցված է։ Մինչդեռ, հրատարակչությունները ոչ միայն մեծ ծավալի աշխատանք են կատարում, այլ նաև ներդրում։ Ուրիշ խնդիրներ էլ կան։ Շատ կամայականությունների տեղ է թողնված։ Ընդհանուր ժամկետները անթույլատրելիորեն կարճ են»,– մտահոգվում է Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Back to top button