Սփյուռքի ձայնը

Հունգարահայերը սպասում են հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը․ «Սփյուռքի ձայնը»

Հայ-հունգարական սառեցված դիվանագիտական հարաբերությունների վերսկսման մասին ամիսներ է, ինչ խոսվում է։ Այդ հարաբերությունների վերականգնմանը սպասում են հունգարահայերը, որոնք թեև այս երկրում հարյուրամյակների պատմություն ու ներկայություն ունեն, սակայն դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով իրենց որբացած են զգում։

Հունգարիայի հայությունը նաև անհանգստացած է հայաստանյան խնդիրներով, դրա մասին փորձում են խոսել մամուլի միջոցով։

Ինչպե՞ս կարող է երկու երկրների միջև վերսկսվող հարաբերությունները արդյունավետ դառնալ Հայաստանի այսօրվա խնդիրները բարձրաձայնելու համար, ի՞նչ գործառույթ ունեն Հունգարիայի խորհրդարանում հայ պատգամավորները. հունգարական ռադիոյի հայկական հաղորդումների բաժնի պատասխանատու Սոսի Սուսանյանը նշում է, որ այսօր հունգարահայերը սպասողական վիճակում են։

«Հունգարական կողմը արել է ամեն բան՝ հարաբերությունների կայացման համար։ Հերթը՝ Հայաստանինն է։ Սակայն մեր երկիրը անլուծելի շատ այլ խնդիրներ ունի, սակայն հունգարահայերի համար այս կարևոր փաստը՝ հետագա գործողությունների համար էլ նպաստավոր կարող է լինել։ Մենք արմատներով հայեր ունենք, որոնք թեև կառավարական օղակներում խոսում են Արցախի, Հայաստանի առաջ ծառացած խնդիրների մասին, սակայն որևէ գործողության ժամանակ հայկական պաշտոնական ներկայություն է պետք»,- ասում է Սոսին։

Ի դեպ, Հունգարիայի արտաքի գործերի նախարար Պետեր Սիյարտոն շաբաթներ առաջ հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել իր երկրի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ։

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին ադրբեջանցի սպա Ռամիլ Սեֆարովի, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2004 թվականին ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում հայ սպայի սպանությունից հետո՝ իր երկիր արտահանձնելուց հետո։

Back to top button