Մոռացված ֆիլմերի ստվերները

Թիրախում հայտնված «Թիրախ» ֆիլմը. «Մոռացված ֆիլմերի ստվերները».

Վերջին տարիներին Արցախյան պատերազմի մասին խաղարկային և վավերագրական մի քանի ֆիլմեր են նկարահանվել։ Բայց դրանք գրեթե անծանոթ են հայ հանդիսատեսին։ Կինոօպերատոր Շավարշ Վարդանյանի «Թիրախ» վավերագրական ֆիլմը նույնպես բացառություն չէ։ Այս ֆիլմի էկրան բարձրանալուց ավելի քան երկու տասնամյակ անց էլ այն ուղղակի չի ցուցադրվում։

Արցախյան  ազգային ազատագրական գոյամարտում կռվող տղաների կողքին էին նաև բազմաթիվ օպերատորներ։ Մի ուսին տեսախցիկ, մյուսին ավտոմատ, կյանքը վտանգելով՝ նրանք ժապավենին էին հանձնում մեր երկրի պայքարի նորօրյա հերոսկան էջերը։

«Կտոր մը երկինք», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» և այլ հայտնի ու սիրված ֆիլմերի օպերտոր Շավարշ Վարդանյանն առաջիններից էր, որ վավերագրեց Արցախի ազատության համար մղվող պայքարը։  

1988-ին, երբ սկսվեց Արցախյան շարժումը. ԽՍՀՄ  ղեկավարությունը շարժման էությունը ճիշտ չէր ներկայացնում հանրությանը և խնդիր կար ճշմարտությունը հասցնել մարդկանց։ Այդ գործի իրականացմանն իր տեսախցիկով լծվեց նաև կինոօպերատոր, ռեժիսոր, պահեստի գնդապետ Շավարշ Վարդանյանը։

Թատերական հրապարակում, Մատենադարանի դիմաց և այլ վայրերում տեղի ունեցող հանրահավաքներն ու տարբեր իրադարձությունները նկարահանող օպերատորը որսում ու ժապավենին էր հանձնում 1988 թվականին հայ ժողովրդին համակած տրամադրությունները։ Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ այդ գործին են միացել բազմաթիվ այլ օպերատորներ, նա որոշում է մեկնել Ստեփանակերտ մտածելով, որ հայաստանյան հանրահավաքները նկարահանողներ շատ կան։

Արցախ հասնելու առաջին իսկ պահից Շավարշ Վարդանյանը, վտանգելով կյանքը, պայքարում է ամեն մի կադրի ու դրվագի համար։ Պատերազմի ընթացքում նա նկարահանում է շուրջ 1200 ժամ փաստավավերագրական ժապավեն, ինչը հետագայում վերածում է վավերագրական և խաղարկային ֆիլմերի։

Շավարշ Վարդանյան

«Գիտեք, ես այդ ժամանակ հակացա, որ իմ պարագայում տեսախցիկով պատերազմի դաշտում կռիվ տալը ավելի կարևոր և արդյունավետ է լինելու, քան ավտոմատով կռիվը»,-փաստում է Շավարշ Վարդանյանը:

Շավարշ Վարդանյանը տարիներ շարունակ մտածում էր իր նկարահանած նյութերով վավերագրական և խաղարկային ֆիլմեր ստեղծելու մասին։ Անցյալ դարի 90-ականների երկրորրդ կեսին նա սկսում է աշխատել «Թիրախ» ֆիլմի ստեղծման վրա, որի գործողությունները ծավալվում են պատերազմի ամենաթեժ օրերին: Ինչ-որ չափով ինքնակենսագրական այս ֆիլմում իրենց մտահոգությունների ու գնահատականների մասին են խոսում մեր ժամանակի մտավորականները:

Շավարշ Վարդանյան, Վահան Տեր-Ղազարյան

«Շատերն էին ինձ ասում՝ այդքան բան ես տեսել, նկարահանած նյութ ունես, ֆիլմի չես վերածում, գոնե թղթին հանձնիր դրանք: Եվ ես որոշեցի նկարահանել, ի վերջո երկար տարիներ աշխատել եմ «Հայֆիլմում», ունեմ երեք տասնյակից ավելի ֆիլմեր: Եվ մի քանի տարիների համառ աշխատանքի արդյունքում ստեղծվեց «Թիրախ» վավերագրական ֆիլմը»,-պատմում է Շավարշ Վարդանյանը:

47 րոպե տևողությամբ  «Թիրախ» ֆիլմը երկար տարիներ չցուցադրվեց ոչ մի տեղ։ Ոչ հեռուստաընկերությունները, ոչ էլ առավել ևս կինոթատրոնները չէին ցանկանում ցուցադրել այն։ Պատճառը՝ ֆիլմում հնչող քննադատական տեքստն էր, որի ընթացքում Շավարշ Վարդանյանը մի քանի խոցելի հարցադրումներ է բարձրացնում։

«Գիտեք, շատ դժվար է քո ապրած ժամանակի մասին նկարել, կարծիք հայտնել, խոսել սխալների, բացթողումների և չարված բաների մասին, այն էլ ոչ թե վերացական, այլ հասցեական: Դա էր պատճառը, որ բոլոր հեռուստաընկերությունները հրաժարվում էին ցուցադրել ֆիլմը: Միայն «Կենտրոն» հեռուստաընկերությունը համաձայնեց ցուցադրել ֆիլմը, այն էլ ընդամենը մեկ անգամ», — նշում է Շավարշ Վարդանյանը:

Կինոօպերատոր Շավարշ Վարդանյանի ֆիլմերը ոչ միայն վավերագրել են մեր ժամանակի պատմության կարևորագույն դրվագներ, այլև նրա՝ որպես արվեստագետի, իր երկրի քաղաքացու խոհերն ու հարցադրումներն են, ստեղծագործական որոնումների արդյունքը։

Առայժմ օգտագործված է օպերատորի նկարահանած ժապավենների մի փոքր մասը միայն, մինչդեռ նյութն ամբողջությամբ կարևոր ասելիք ունի և՛ այսօր, և՛ վաղը նոր եկող սերունդներին:

Back to top button