Երաժշտական եռանկյունի

Գերոնտի Թալալյան․ թավջութակահար, դիրիժոր, մանկավարժ․ «Երաժշտական եռանկյունի»

Հայ կատարողական արվեստը հարուստ է փայլուն անուններով, անվանի երաժիշտներով, որոնց համբավը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից:

Իմ զրուցակցի՝ ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանի հետ մենք զրուցեցինք իր հոր՝ թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գերոնտի Թալալյանի մասին:

Կան արտիստներ, արվեստագետներ, որոնց անունը կապված է ոչ միայն երաժշտության հետ, այլ նրանց կյանքը միահյուսվում է քաղաքի, երկրի մշակութային և պատմական ընթացքներին, ձևավորում որոշակի մթնոլորտ: Այդպիսին էր մեր հաղորդման հերոսը:

Թալալյանների տոհմը երաժշտական տոհմ է, Գերոնտի Թալալյանի եղբայրը նույնպես երաժիշտ էր՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հենրիխ Թալալյանը, ում ավանդը ալտի հայկական դպրոցում անգնահատելի է:

1951 թ.-ին Գերոնտի Թալալյանը ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան և վերադառնալով Հայաստան՝ աշխատում է որպես մենակատար Հայֆիլհարմոնիայում, իսկ 1956 թ.-ին Երևանի օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի թավջութակահարների խմբի կոնցերտմայստեր է:

«Հատկանշական է, որ լինելով դասական երաժշտության մեծ գիտակ և տիրապետելով բոլոր ժամանակաշրջանների թավջութակի համար գրված երաժշտությունը՝ հայրս ուշադրության կենտրոնում է պահել իր ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնցից շատերը գրվել էին հատուկ նրա համար, նվիրվել էին նրան և որոնց առաջին կատարողը ինքն էր եղել: Դա մի տեսակ խթան էր հանդիսանում կոմպոզիտորների համար, նրանք գրում էին թավջութակի համար երաժշտություն, ինչի շնորհիվ հետագայում հաջողվեց կազմել և ձայնագրել հայկական թավջութակային երաժշտության ամբողջական անթոլոգիան, որը կատարեցի արդեն ես», — ասում է Արամ Թալալյանը:

Գերոնտի Թալալյանի շփման շրջանակը շատ մեծ էր, ինչպես վերհիշում է նրա որդին, նրանց տանը մշտական հավաքներ էին, որոնց ներկա էին անվանի արվեստագետներ, հայտնի բժիշկներ, կուսակցական և պետական գործիչներ, որոնց միավորում էր Գերոնտի Թալալյանի խարիզմատիկ կերպարը, տաղանդը և մարդկային ջերմությունը: Հատուկ էին նրա հարաբերությունները Մստիսլավ Ռաստրապովիչի հետ, որը շատ հաճախ հյուրընկալվում էր Թալալյանների օջախում, նրանց ընկերությունը երկար տարիների պատմություն ունի: Արամը հիշում է բազմաթիվ հումորային դրվագներ, որոնց նախաձեռնողներն էին թե՛ Գերոնտի Թալալյանը, թե՛ Ռաստրապովիչը: Հայտնի է, որ երկուսն էլ երևելի երաժիշտներ էին, նաև անհուն հումորի տեր մարդիկ էին:

Մեծ է Գերոնտի Թալալյանի ավանդը մանկավարժության բնագավառում: 1951-2000 թթ.՝ մինչև իր վախճանը, նա դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1977 թ. ստացել է պրոֆեսորի կոչում:

Ղեկավարել է իր կողմից ստեղծված թավջութակահարների անսամբլը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սիմֆոնիկ նվագախումբը, ուր հանդես է եկել որպես դիրիժոր: Նաև՝ Երևանի կոնսերվատորիայի նվագախումբը:

Հանդես է եկել տարբեր անսամբլներում՝ նվագելով հանրահայտ երաժիշտների հետ՝ Յուրի Սիտկովեցկու, Մ.Ղամբարյանի, Հ.Վարդանյանի և Առնո Բաբաջանյանի, երկար տարիներ աշխատել է «Կոմիտաս» քառյակում:

Գերոնտի Թալալյանը նաև հայտնի է իր մշակումներով և բազմաթիվ փոխադրություններով՝ արված թավջութակի համար:

Հաղորդման ընթացքում հնչում են բազմաթիվ ստեղծագործություններ՝ Գերոնտի Թալալյանի կատարմամբ:

Back to top button