Գերդաստաններ

Իսրայելյաններ․ Սարդարապատի հուշահամալիրից մինչև «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարան․ «Գերդաստաններ»

Հաղթանակի մոնումենտը, Արարատ տրեստի մառանները, Սարդարապատի  հերոսամարտին նվիրված համակառույցն ու թանգարանի շենքը, Ֆիզիկայի  ինստիտուտի փորձարանները՝ Արագածի լանջին, Չարենցի կամարը Գառնիի  ճանապարհին և բազմաթիվ այլ ճարտարապետական կառույցների հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է՝ Ռաֆոն, իսկ այս հանճարեղ ճարտարապետի որդին՝ Արեգը, Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցու գմբեթի, «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի, Հաղթանակ զբոսայգու մուտքի, Էջմիածնում Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-հուշարձանի և շատ այլ  հետաքրքիր աշխատանքների հեղինակն է։

Ռաֆայել Իսրայելյանը ծնվել է Թիֆլիսում, բայց արցախցի է, իրեն միշտ արցաախցի է համարել։ Հայրը՝ Սարգիսը, հայոց լեզվի և գրականության մասնագետ էր ու բանահավաք։ Նա Թիֆլիս էր եկել Շուշիից, իսկ Շուշիում գիտական և կրթական մեծ գործունեություն էր ծավալել, օգնել կրթական օջախների հիմնադրման գործին։

Իսրայելյանները որդիների՝ Արեգի ևՎահագի հետ

Թիֆլիսում ևս, նա շարունակում էր իր մանկավարժական գործունեությունը և որդուն դաստիարակում հայկական մշակույթի հանդեպ սիրով։ Ապագա ճարտարապետի մայրը՝ Մարիամ Հախնազարյանը, Նախիջևանում հայտնի շատ ուսյալ գերդաստանից էր՝ պատմում է ճարտարապետի դուստրը՝ Աստղիկ Իսրայելյանը։ 

Ռ․ Իսրայելյանը տիկնոջ՝ Սոֆյա Մուրադյանի հետ

Պատանեկության տարիներից Ռաֆայելը նկարում էր որտեղ պատահեր՝ սովորական թղթի, անձեռոցիկի վրա, նույնիսկ ձեռքի ափի մեջ։ Իսկ երբ արդեն պատանի էր, ցանկանում էր ներկայանալի երևալ և մորուք պահելու մեծ ցանկություն ուներ ու, ասում էր «այն ինձ կտար ազդեցիկ ու առնական, իմաստուն ու ներկայանալի տեսք»։  

Անտոն Քոչինյանի հետ Խարկով գյուղում

Հետագայում նրա մտահղացումները մեկը մյուսի հետևից ճանաչում էին բերում նրան։ Երիտասարդ ճարտարապետը, կարծես, փոխեց մտադրությունը, հասկացավ, որ մարդիկ խոնարհվում են ոչ թե մորուքի, այլ իր մեծության առջև։ «Չէ, ինձ մորուք պետք չէ, կեցցե ազատությունը», – գրել է իր ոչ մեծ պատմվածքներից մեկում։   

Իմաստուն ու զգայուն ճարտարապետը ընտանիքի հանդեպ նույնքան ջերմ էր ու ուշադիր։ Նա ամուսնանում է մասնագիտությամբ ինժեներ Սոֆյա Մուրադյանի հետ, որի հայրը՝ Գևորգ Մուրադյանը, Շոթա Ռուսթավելիի հանրահայտ «Վագրենավորը» պոեմի թարգմանիչն էր։ Սոֆյան նրան պարգևել է երեք դուստր՝ Հասմիկին, Անահիտին, Աստղիկին և երկու որդի՝ Վահագնին և Արեգին։ Ազատ օրերին ճարտարապետին երեխաների հետ կարելի էր տեսնել զբոսայգիներում և Երևանից  դուրս գտնվող ճարտարապետական հայտնի կոթողների մոտ, ներկա էին լինում  նկարչական ցուցահանդեսներին, որպեսզի երեխաները հաղորդակից լինեին մեր բազմադարյան մշակույթին և նկարչական արվեստին։

Իսրայելյան, Սամվել Սաֆարյան, Վ․ Հարությունյան

Աստղիկն ուշադրությամբ էր զննում ճարտարապետական շինությունների վրա քանդակված զարդանախշերը՝ կենաց ծառն ու մեր ազգային խորհրդանիշ համարվող պատկերները, և հենց դրանք «հուշեցին» նրան ազգագրագետ դառնալ։

Երաժշտությունն այնքան էլ հեռու չէր նկարչությունից ու ճարտարապետությունից՝ ասում է Անահիտը, որը հենց երաժշտի մասնագիտությունն է ընտրել։ Հայրիկը հիանում էր նրա կատարումներով և ինքն էլ լավ երգում էր։

Իսրայելյանը կարծում էր, որ ինչքան էլ փոփոխվեն շինարարական տեխնիկան և ճարտարապետության խնդիրները, միևնույն է` մեր ճարտարապետների կերպարային մտածելակերպը, որ մշակվել է հազարամյակների ընթացքում, չի կարող չարտացոլվել հայկական ժամանակակից ճարտարապետության մեջ։

Ավետիք Իսահակյանի, Կոնստանտին Հովհաննիսյանի հետ

Մեծ ճարտարապետի այս մտքերը լավագույն ուղեցույց են երիտասարդ ճարտարապետների համար։ Ճարտարապետի հայտնի աշխատանքները` մեր հիշատակած և շատ այլ գործերը և  նախշազարդ աղբյուրները մինչև այսօր հիացնում են՝ կարծում է ճարտարապետական գիտությունների թեկնածու Անուշ Տեր-Մինասյանը։

Ռաֆայել Իսրայելյան ճարտարապետը հատուկ վերաբերմունք ուներ նաև բնակելի տների ճարտարապետական լուծումների նկատմամբ, մտածում էր, որ դրանք պիտի լինեն այնքան լավ ու գրավիչ, որ այդ տներով կառուցված քաղաքը շոյի մարդկանց աչքը։

Իսրայելյանը Լիպարիտ Սադոյանի, Սամվել Սաֆարյանի հետ

Ռաֆայել Իսրայելյանը հեղինակն է նաև Նյու-Յորքում գտնվող Սուրբ Վարդան եկեղեցու, սակայն այս եկեղեցու վրա չկա ճարտարապետի անուն ազգանունը։ Այս եկեղեցու քանդակների հեղինակն էլ նրա փեսան է՝ հայտնի քանդակագործ Արտաշես Հովսեփյանը։

Ռաֆայել Իսրայելյանը որդիներին՝ Վահագնին և Արեգին, սիրել էր տալիս քարը, ծանոթացնում տեսակին, գույնին, կարծրությանը։ Ու Վահագնը դարձավ երկրաբան, իսկ Արեգը շարունակեց հոր գործը։ Արեգը լսում էր, տեսնում, հարցախեղդ էր անում հորը։ Նա դարձավ հոր աշակերտներից մեկը Պոլիտեխնիկական ինստիտուտում։

Ինստիտուտն ավարտելուց հետո ապագա ճարտարապետն արդեն ստեղծագործում էր անվանի ճարտարապետ հոր հետ։ Նա հոր մահից հետո ավարտին է հասցնում նրա կիսատ թողած գործերը՝ պատմում են քույրերը։

Լենինգրադի ակադեմիայի կուրսեցիներով

Ռաֆայել Իսրայելյանի թոռը՝ Արամ Ղանալանյանը, որն Աստղիկի որդին է, նույնպես  ճարտարապետ է, սակայն նա այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է աշխատում, բայց և կատարում է պապիկի հիշատակը հավերժացնող շատ այլ աշխատանքներ՝ կազմակերպում է ցուցահանդեսներ, հրատարակում գրքեր։

Արա Հարությունյանի հետ Դեր-Զորում

«Ճարտարապետությունը մեծ զգացումների և խորը ապրումների արդյունք է, որը  կրում ես սրտիդ մեջ, և հենց դա է հուշարձանի մեծ հաջողության գաղտնիքը»․ այսպես էր մտածում Ռաֆայել Իսրայելյանը և հոգի ներդնում իր գործերում։ Նույնը նա պատգամում էր նաև թոռնիկներին, սակայն նրանք ընտրեցին մասնագիտական այլ ճանապարհներ։

Իսրայելյան, Սարյան, Օգսեն Սարյան

Այդ հանգամանքը, սակայն, ոչինչ չի փոխում. երբ գնում են Գառնի կամ Գեղարդ, ճանապարհին կանգ են առնում պապի՝ մեծ զգացումներով ու ապրումներով ստեղծած «Չարենցի կամարի» մոտ, բարձրանում են, նայում են Արարատին, հիանում, հպարտանում և շարունակում են ճանապարհը։

Նկարները՝ risraelyan.com

Back to top button