Էկոսֆերա

Ամուլսարի դեպքում առկա ռիսկերի կառավարելիությունը գիտականորեն ապացուցված չէ․ Լիլիթ Սահակյան․ «Էկոսֆերա»

Ամուլսարի ծրագրի դեպքում առկա են անկառավարելի ռիսկեր։ Մասնագետները պնդում են՝ քանի դեռ դրանց կառավարելիությունը չի ապացուցվել և գիտականորեն հիմնավորվել, ապա հանքավայրի շահագործումը չպետք է թույլ տալ։ Ի՞նչ անկառավարելի ռիսկերի մասին է խոսքը։

Ամուլսարը դեռ սար է, իսկ Ջերմուկն՝ առողջարանային քաղաք։ Սակայն հանքավայրի շահագործումնից հետո պարզ է, որ սարից սար չի մնա, իսկ Ջերմուկն առողջարանային քաղաք անվանելը դժվար կլինի։

Պատճառը՝ ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրված եռակողմ փոխըմբռնման հուշագիրն է. Ամուլսարի ոսկի-բազմամետաղային հանքավայրը կշահագործվի։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ Կառավարությունը ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը։ Պարզ է, որ բնապահպանական հանրությանը, որը տարիներ շարունակ բարձրաձայնում է նշված հանքավայրի շահագործման դեպքում բոլոր հնարավոր վտանգների մասին, պետք է մտահոգ լիներ տեղի ունեցող զարգացումներով։

Անմիջապես փաստաթղթի ստորագրման պահին, մի քանի ՀԿ ներկայացուցիչներ բողոքի ակցիա իրականացրեցին՝ ցույց տալով իրենց դժգոհությունը։

Ամուլսարի խնդրի ամենից մտահոգիչն այն է, որ սարը, որտեղ պատրաստվում են հանքավայր շահագործել, գտնվում է Ջերմուկ առողջարանային քաղաքին շատ մոտ, որտեղ կան բոլորիս հայտնի հանքային աղբյուրներ։ Երբ սկսվեցին Ամուլսարի ծրագրի մասին քննարկումները, շատ մասնագետները պնդում էին, որ կան անկառավարելի ռիսկեր, որոնք հաշվի չեն առնվել։

Երջանկահիշատակ երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի տեսակետները «Էկոսֆերայի» թողարկումների ընթացքում քանիցս ներկայացրել ենք։ Այսօր նրա գործը շարունակող գիտնականները ևս նույն կարծիքին են։

ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն անկառավարելի ռիսկերը, որոնց մասին բարձրաձայնվել է, արդիական են․

«Մեզ միշտ դպրոցից սովորեցրել են՝ գումարելիների տեղերը փոխելիս, գումարը չի փոխվում։ Հիմա հարց է ծագում, իսկ փայատերերի փոփոխությունից ռիսկերը կառավարելի՞ են դառնում, թե՞ ոչ։ Պրոֆեսոր Սաղաթելյանի բարձրաձայնած անկառավարելի ռիսկերը չեն վերացվել։ Ինքս կարդացել եմ նաև «ԷԼԱՐԴ»-ի հաշվետվության՝ հատկապես դրենաժային ջրերի հատվածը, որտեղ ևս նշված է, որ չեն իրականացվել բավարար քանակի հետազոտություններ, որոնք կպնդեին՝ ռիսկերը հնարավոր է վերահսկել։ Ցանկացած հանքավայրի շահագործում ենթադրում է շրջակա միջավայրի վրա ազդեցություն, որը կարգավորվում է կառավարելի և անկառավարելի ռիսկերով։ Այս հանքավայրերը, որոնց դեպքում անկառավարելի ռիսկերը շատ են, արգելվում է դրանց շահագործումը։ Ամուլսարի դեպքում՝ ամենից անկառավարելի ռիսկերից են դրենաժային ջրերը, որոնք բնական երևույթ են և դրանց վերահսկել հնարավոր չէ»,- ասաց մասնագետը։

Back to top button