Թուրքիան Արևմուտքի համար Ռուսաստանին ընդդիմանալու հարթակ է, Ռուսաստանի համար` արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու միջոց. թուրքագետ


Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամկետի հետ կապված թնջուկը հանգուցալուծվեց։ Ընտրությունների օրը` մայիսի 14-ը, մնում է անփոփոխ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում։ Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայի իշխանությունները դիտարկում էին ընտրությունները հետաձգելու հնարավորությունը։
Նախընտրական տրամադրություններից բացի, Թուրքիան նաև լուրջ հակասությունների մեջ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ` կապված ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հելսինկիում հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան կատարել են Անկարայի առաջադրած բոլոր նախապայմանները և կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին։ Սակայն Թուրքիան շարունակում է կոշտ դիրքերից հանդես գալ և ընդդիմանալ նախևառաջ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը։
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցում Անկարայի դիրքորոշմանը, նշում է, որ թուրքական կողմի՝ Ստոկհոլմին ուղղված հիմնական պահանջը Շվեդիայի տարածքում բնակվող ավելի քան երեք տասնյակ քուրդ ակտիվիստների և իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած ցանցի անդամների արտահանձնումն է։ Թուրքագետը հիշեցնում է, որ Շվեդիայի գերագույն դատարանն, անտեսելով թուրքական սպառնալիքը, դեկտեմբերի վերջին արգելափակել էր թուրքական թերթերից մեկի՝ Zaman-ի նախկին խմբագիր Բյուլենթ Քենեշի արտահանձնման գործընթացը, պատճառաբանելով, որ երկրի տարածքում փախստականի կարգավիճակ ունեցող Քենեշը արտահանձնման դեպքում Թուրքիայում կարող է հետապնդվել ոչ թե քրեական բնույթի հանցանքների, այլ քաղաքական հայացքների համար։
Անդրանիկ Իսպիրյանը նշում է, որ Թուրքիան աշխարհաքաղաքական զարգացումներում միշտ շահեկան դիրքում է հայտնվում։ Ներկայում էլ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության համատեքստում Անկարան կարևոր դերակատարում ունի թե՛ Արևմուտքի, թե Ռուսաստանի համար։ Փորձագետը հենց սրանով է պայմանավորում աշխարհի հետ Թուրքիայի նախապայմանների լեզվով խոսելը, նշելով, որ Արևմուտքի համար Թուրքիան Ռուսաստանին ընդդիմանալու մի հարթակ է, իսկ ճգնաժամային իրավիճակում հայտնված Ռուսաստանի համար Թուրքիան արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու միջոց է։