ՀարցուԳԻՏԱփորձ

Մենք լա՞վ սիրտ ունենք․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Եթե կա մի բան, որը կարող է վկայել, ապա դա սիրտն է»։

Մինչ ուղեղը փորձության է ենթարկում տարբերակների ամրությունը լավագույնն ընտրելու համար, սիրտն ասում է՝ ես գիտեմ ճշմարտությունը և ինձ իմանալու համար մտածել պետք չէ։

«Թույլ տալ, որ սիրտը դրսևորվի զուտ իր ձևով, ականջալուր լինել, ուշադրություն դարձնել սրտի ուղղորդումներին․ դա է նշանակում լավ սիրտ ունենալ»:

Բարև։ Սա «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է։ Այսօր պարզելու ենք՝ մենք լա՞վ սիրտ ունենք։

***

Սիրտը մեր օրգանիզմի ամենաակնհայտ բնակիչն է․ նրան կարելի է լսել, զգալ բառի ամենաշոշափելի՝ ֆիզիոլոգիական իմաստով։ Բայց նա հավակնում է լինել ավելին ու դառնում հոգևոր ու ֆիզիոլոգիական աշխարհների հատման կետ։ Այստեղ է տեղի ունենում ամենակարևորը՝ հուշումն ապրումի մասին։ Երբ արյունը եռում է, սիրտը նվաղում կամ դուրս թռչում, երբ ժամանակն ու տարածությունը սառչում են, հետո՝ սրտխփոցին ուղիղ համեմատական արագանում, սիրտը պարզապես մեզ հուշում է, որ այնտեղ՝ չշոշափվող մի վայրում, ինչ-որ բան է տեղի ունենում։ Սիրտը մեր հույզերի գործողության վայրն է։

Ֆիզիկական ու հոգևոր գոյության երաշխավորը լինո՞ւմ է լավը կամ վատը, այն բարի՞ է, մենք այն ենք, ինչ մեր սի՞րտն է։ Սիրտը հարցեր չի սիրում։ Բայց «ՀարցուԳԻՏԱփորձ»-ը նրան ևս հարցեր ունի։

«Ուղեղը մեզ այնքան հարազատ չէ, որքան սիրտը։ Հենց այս հատվածում ենք մենք տագնապ զգում, մի տեսակ անդունդ է բացվում։ Երբ զգացմունքներն ուժեղ են լինում, մարդը հասկանում է, որ այդտեղ ինչ-որ կարևոր բան կա։ Իհարկե ուղղակիորեն չենք ասելու՝ հենց սիրտն է, որովհետև հասկանալի է, որ երբ մարդու սիրտը բացեն (ես երբեք մարդու սիրտ չեմ բացել, բայց ենթադրում եմ), այնտեղից ինչ-որ զգացմունքներ դուրս չեն գալու»։

Դավիթ Մոսինյանը փիլիսոփա է։ Իր գործն առանց վիրահատական գործիքների մարդկանց սիրտը «բացելն» ու այնտեղ եղածը տեսնելն է։ Ասում է՝ մենք, օրինակ, թոքի, լյարդի փոխակերպումը չենք տեսնում կամ զգում, իսկ սիրտը հոգևորը նյութականին կապողն է, ամենակարևորը, որ ունենք։ Մոսինյանի հետ «լավ սիրտ» արտահայտությունը քննարկելուց առաջ փորձում ենք հասկանալ՝ կա՞ արդյոք «լավ»-ի ու «վատ»-ի սահմանում։ Կարճ պատասխանը՝ ոչ, երկարը՝ հաջորդիվ․

— Ես լավ ու վատ գծեր չունե՞մ, դա իմը չէ՞, դիմացինի՞ ընկալումն է։
— Լավ ու վատ քե՞զ համար, թե՞ ինձ համար։ Որպես կանոն «լավ» ասելով հասկանում ենք այն, ինչը մեզ է հարմար, ինչը մեր սրտով է, մեր ճաշակով է, մեր մտածողությամբ է։ Եվ վատ է այն, ինչը չի համապատսախանում մեզ։ Օրինակ՝ երբ մեր դիմացից մեկը դանդաղ է վարում մեքենան, մենք ասում ենք՝ քնած է, չի կարողանում վարել և այլն։ Երբ մեր հետևից է մեկը ուզում արագացնի, ասում ենք՝ վայրենի է, չի սպասում գնանք, անցնի։ Ամեն իրավիճակում մենք ինքնարդարացման մղում ունենք, դրա համար ամեն ինչը լավ է, եթե չափվում է մեզնով։ Բոլորը խելացի են այնքան, որքան համաձայն են մեր մտքերի հետ։

Մոսինյանի համար «լավ սիրտ» ձևակերպումն ավելի հասկանալի է, քան «լավ»-ով սկսվող մյուս բոլոր ձևակերպումները․ լավ սիրտ ունի այն մարդը, որը լսում է իր սրտին ու շարժվում նրա թելադրանքով։ Բայց սա ևս որոշում է․ այսինքն՝ որոշում կայացնելը ուղեղի մենաշնորհային գործառույթը չէ՞․

«Վատ սիրտն առաջանում է հենց այն ժամանակ, երբ մարդը սկսում է ուղեղով վերահսկողություն իրականանցել սրտի նկատմամբ։ Ենթադրենք՝ մարդը պիտի անվերապահ լավություն աներ ինչ-որ մեկին, բայյց ուղեղն ասում է՝ դե չէ, դրա իմաստը ո՞րն է, սխալ է, մի քիչ էլ քո մասին մտածի։ Սրտի ճանապարհը փակվում է։ Դրա համար ասում են՝ այս մարդն էգոիստ է, իր մասին է մտածում։ Իսկ լավ սիրտ ունենալ նշանակում է, որ պատրաստ է տրվել բոլորին, ամեն ինչ անել բոլորի համար՝ իրեն պահելով երկրորդական տեղ, որովհետև սիրտն իրեն չի նայում, սիրտը գնում է առանց մտածելու։ Տերյանի մոտ շատ լավ տողեր կան, ասում է՝ «Սիրում եմ, բայց ում՝ չգիտեմ»։ Սիրտը հենց դա է, որ չգիտի, որովհետև իր համար միևնույն է՝ ում, որովհետև ինքը միշտ սիրում է»։

***

«Սիրտ»-ն անընդհատ մեր լեզվին է։ Մենք «մեռնում ենք» ինչ-որ մեկի սրտին, այն «վկայում է», «հուշում», «զգում»։ Պարզվում է՝ այս արտահայտությունները լուրջ գոյաբանական հիմքեր ունեն․

«Երևի «Մեռնեմ սրտիդ»-ը աշխարհի ամենառաբիզ և ամենահոգևոր արտահայտությունն է։ Մեռնել մեկի սրտին, նշանակում է սնունդ դառնալ, կերակուր դառնալ նրա սրտի համար։ Նշանակում է գնահատել այդ սրտի մեծությունը և սնունդ դառնալ, որ նա շարունակի իր ֆանտաստիկ գոյությունը»։

Փաստորեն, եթե հայկական ժողովրդական խոսույթի վրայից մաքրենք ռաբիզի շերտը, ներսում կգտնենք զգայական մի բան, ինքնաճանաչողության բանալի։ Գուցե այս արտահայտությունն ասվում է սովորույթի ուժով, առանց բովանդակության մասին մտածելու։ Սակայն պատմականորեն եկող այդ սովորույթը կարող է շատ ավելին ասել հասարակության մասին։ Մենք, պարզվում է, խիստ «սրտային» ազգ ենք։

«ՀարցուԳԻՏԱփորձը» սրտին ավելի հողեղեն հարցեր ևս ուներ։ Որոշեցի խոսել կյանք-հոգի պորտալին հասած, այն տեսած, իր ձեռքերում բռնած մարդկանց՝ սրտի բաց վիրահատություններ կատարող բժիշկների հետ։ Փնտրեցի երկար։ Այդ ընթացքում ինձ հարցրին՝ գիտե՞ս ինչով են տարբերվում սրտաբանները Աստծուց։ Պատասխանը՝ Աստված երբեք չի ասում, որ ինքը սրտաբան է։ Անհասանելիի՝ սրտի հետ աշխատող մարդիկ, իսկապես, այնքան էլ հասանելի չեն։ Բայց նրանցից մեկը՝ սրտի վիրաբույժ Մհեր Սուսանին, այս հարցի շուրջ լուրջ վերապահում, անգամ ընդվզում ուներ։ Թույլ չտվեց ավարտել «Չէ՞ որ դուք կյանքեր եք փրկում» արտահայտությունը․

«Մենք կյանք չենք փրկում, սխալ մի հասկացեք, կյանքը փրկում է Աստված։ Մենք կյանք չենք կարող տալ, որ կյանք փրկենք։ Կյանքը Աստված է տալիս, մենք այդ պրոցեսսը անում ենք, որ մարդու վիճակը լավանա։ Կոպիտ ասած մատոռիստը կտոր է փոխում, որ ավտոն աշխատի, մենք էլ էդ կտորը ձևավորում ենք, որ իրենց սիրտն իրենց ծառայի, դա նշանակեց կյանք փրկեցի՞նք։ Ո՛չ։ Մենք մեր գործն արեցինք»։

Ասում է՝ սա գործ է, որի մեջ լավը շուտ մոռացվում է, վատը՝ երկար հիշվում։ Բայց սա ընդամենը գործ է, ինչպես բոլորինը։ Չեմ թաքցնի՝ տարօրինակ էր լսել այս արտահայտությունը հիվանդանոցում, բժշկի աշխատասենյակում, որի դռան հակառակ կողմում հիվանդները սպասում էին մեր զրույցի ավարտին՝ վստահ համոզմամբ, որ մի քանի րոպեից իրենց կյանքը փրկողի հետ են հանդիպելու։ Հրապարակային ներողություն նրանցից՝ սպասման այդ մի քանի րոպեն այս զրույցով երկարաձգելու համար․

— Սիրտը մեխանիկա է։
— Եվ ոչ մի կապ չունի՞ մեր զգայական, հոգևոր աշխարհի հետ։
— Ոչ մի կապ չունի։ Եթե ինձ հարց տաս՝ ոճրագործ վիրահատել ենք, այո, վիրահատել ենք, բերդից եկած մարդ վիրահատել ենք և երեխա վիրահատել ենք։ Երեխան միշտ «բարի սիրտ ունի»։ Բայց տարբերություն չկա։ Նույն կառույցն է, նույն տեսքն է, նույն գույնն է, նույն, նույն, նույն։

Մկան և անոթներ։ Ահա ամբողջը։ Բոլոր մարդիկ նույն սիրտն ունեն, ինչպես նույն մատը, դրանք միայն տարբերվում են իրարից՝ ինչպես մատնահետքը։ Բժիշկն ասում է՝ մարդն ուղղակի տեսել է, որ իր նմանն ավելի հաճախ մահանում է սրտի հետ կապված խնդրից, սկսել է շատ կարևորություն տալ։

«Ես կասեմ՝ լյարդն ավելի կարևոր օրգան է, վստահ եղեք։ Քանի որ արհեստական լյարդ չկա, բայց արհեստական սիրտ կա։ Ես հասկանում եմ՝ մարդկության կարծրատիպեր եմ կոտրում հիմա։ Գիտությունը, որ տեսել է՝ սիրտը շատ կարևոր է ու սրտից շատ մարդիկ են մահանում, երևի դրա վրա կենտրոնացված է։ Հիմա արհեստական սրտերը շատ տարածված են։ Մենք ուզում ենք Հայաստան արհեստական սրտեր մտցնել, դա իմ ուղեղի մեջ է միշտ, աշխատում եմ այդ ուղղությամբ»։

Մեր ունեցած ամենաբնական բանը՝ սիրտը, կարող է լինել նաև արհեստական։ Բժիշկը վստահ է՝ դրանից ոչինչ չի փոխվում։ Մեր հոգևոր դաշտը կմնա նույնը, զգացմունքները՝ նույնքան բուռն և ոգեղեն։ Ավելի քան 20 տարի, օրական 2-3 սիրտ տեսնող, դրան դիպչող, ձևափոխող, բուժող բժիշկն ասում է՝ հարցերն ուղղեք ուղեղին։

***

Օրական քանի՞ անգամ է ձեր սիրտն ինչ-որ բան վկայում։ Սիրտը «մտածում է», որ ինչ-որ բան ճիշտ է, ինչ-որ բան պատահելու է, ինչ-որ ընտրություն լավագույնն է։ Դավիթ Մոսինյանին հարցնում եմ՝ սա՞ ևս բովանդակային այլ շերտեր պարունակող արտահայտություն է։ Պարզվում է՝ ոչ։ Եթե կա մի բան, որը կարող է վկայել, ապա դա սիրտն է։

«Բուրիդանի էշի օրինակը լավագույնն է, երբ ասում է՝ եթե էշից նույն հեռավորության վրա աջ ու ձախ խոտի դեզ լինի, էշը պիտի սովից սատկի, որովհետև չպիտի կողմնորոշվի՝ որի մոտ գնա, սկզբից որն ուտի։ Բայց ուրեմն կա մի բան մտածողությունից բացի, որ ուղղորդում է, ասում է՝ գնա, նա կեր, հետո մյուսը կեր»։

Սրան մենք տալիս ենք նաև «ինտուիցա» անունը։ Հետո մտքի քննությանն ենք հանձնում զգացմունքը և որոշում՝ ինչպես վարվել։ Այնինչ սիրտը մեր փոխարեն արդեն «մտածել է»․

«Խնդիրը հենց դա է․ ինչպե՞ս սովորել լսել սրտի վկայությունը, որը միշտ աշխատում է, որովհետև դա իր գործառույթն է, վկայելը հենց իր լինելու կերպն է, ինքն ուրիշ բանով չի զբաղվում, ինքը միայն վկայելով է զբաղվում։ Ուղղակի մենք այնքան շերտեր ենք դրել, որ չենք նկատում, երբեմն էլ ասում ենք՝ դե հիմնավորի, նա էլ ասում է՝ ի՞նչ հիմնավորեմ, ինչե՞ր եք խոսում, հիմնավորելը ո՞րն է, ես չգիտեմ՝ հիմնավորելը որն է։ Ասում է՝ ուզում ես, լսի, չես ուզում, մի լսի»։

***

«ՀարցուԳԻՏԱփորձ»-ի առաջին բաղադրիչը՝ հարցուփորձը, մենք արեցինք սրտին ամենամոտը կանգնած մարդկանց հետ, գիտափորձի բաղադրիչը թողնում ենք ձեզ՝ ձեր սրտին ամենամոտը մարդուն։ Մարմնի և հոգու հատման կետն արժանի է ձեր ուշադրությանը։ Կարելի է սրտի զարկերը լսելուց բացի լսել նաև սրտին, աշխատանքը զգալուց բացի թույլ տալ, որ ապրվի նրա զգացածը։ Եվ արժե մտածել՝ մենք լա՞վ սիրտ ունենք։

Back to top button