ԿարևորՎերլուծական

Բանակցային որևէ գործընթաց չի կարող արդյունավետ լինել, եթե չի ներառում Արցախի ապագայի հարցը․ Արմեն Բաղդասարյան

Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում Ռուսաստանը չպետք է բավարարվի միայն հայտարարությամբ,  այլ պետք է ստանձնի իր անմիջական պարտավորությունը, որն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը ՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարարի՝ Բաքվում հնչեցրած հայտարարություններին։ Դրանք վերլուծաբանը դիտարկում է Մոսկվայում հայ-ադրբեջանական հնարավոր հանդիպման նախապատրաստման շրջանակներում։

Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին` շեշտելով, որ կողմերն ընդունել են Խորհրդային Միության վարչական սահմանների հիման վրա խնդիրը քննարկելու մոտեցումը։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը նշում է, այս հարցում  Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են։ «Մնում է, որ համընկնեն Արցախի ապագա կարգավիճակի հարցը բանակցային օրակարգ ներառելու հարցում ևս, որից հետո կարելի է խոսել մոսկովյան հանդիպման հնարավորության և արդյունավետության մասին»,- ասում է Արմեն Բաղդասարյանը։

Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ

Ինչ վերաբերվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանի հարցում Ռուսաստանի կողմից «մի վնասիր» սկզբունքով առաջնորդվելուն, ապա «Ռադիոլուր»-ի զրուցակցի կարծիքով` այդ սկզբունքն առաջին հերթին կարևոր է հենց Ռուսաստանի համար։

«Մոսկվային հակամարտության վերջնական կարգավորում պետք չէ, բայց նաև պետք չէ նոր լարվածություն։ Ռուսաստանին մեծ հաշվով ձեռնտու է, որ ղարաբաղյան հակամարտությունը կամ բանակցային գործընթացը անորոշ ժամանակով սառեցվի։ Ռուսական կողմը մտավախություն ունի, որ եթե շուտափույթ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերություններն` առանց Ռուսաստանի միջնորդության և գործուն մասնակցության, ապա դրա հետևանքով Ռուսաստանը դուրս կմղվի տարածաշրջանից, իսկ Ռուսաստանին պետք է կառավարելի լարում, ինչը հնարավորություն կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակները պահպանելու համար»,-ասում է վերլուծաբանը։

Խոսելով կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական դերի մասին՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան որպես միջնորդական հարթակ պատրաստ   է աջակցել կողմերին, բայց համառորեն չի առաջարկելու իր ծառայությունները։  Ըստ նրա՝ Բաքուն պատրաստ է մոսկովյան հանդիպմանը, Երևանը վերջնական համաձայնություն չի տվել։

Արմեն Բաղդասարյանը ասվածի ենթատեքստում Հայաստանին ուղված սպառնալիքի որոշակի տարրեր է տեսնում` շեշտելով, որ ամեն դեպքում ռուսական միջնորդությամբ բանակցային գործընթացն առավել նախընտրելի է, քան լարվածության աճը։

«Լավրովը հավանաբար ակնարկում է, որ բանակցային գործընթացի այլընտրանքը նոր լարվածությունն է, և եթե կողմերը, առաջին հերթին Հայաստանը, հրաժարվի բանակցային մոսկովյան հարթակից, ապա կարող է լարվածության նոր ալիք առաջանալ։ Սա ոչ առաջին, ոչ էլ երկրորդ ակնարկն է, ցավոք, Մոսկվան նման լծակներ ունի և եթե դրանք սպառնալիքներ են, ապա դրանք կարող են առարկայական լինել։ Հայկական կողմը չպետք է հրաժարվի բանակցային մոսկովյան ձևաչափից, սակայն պետք է ձգտի օրակարգում ներառել նաև Արցախի ապագայի հարցը, ինչը ռուսական կողմին էլ է ձեռնտու։ Մինչդեռ Ադրբեջանը կտրականապես մերժում է ընդունել անգամ Ղարաբաղյան խնդրի գոյության հարցը։ Որևէ բանակցային գործընթաց չի կարող արդյունավետ լինել, եթե դրանում ներառված  չէ Արցախի ապագայի հարցը։ Առանց սա հաշվի առնելու ինչ-որ փաստաթուղթ ստորագրելը կլինի ոչ թե խաղաղության, այլ հաջորդ պատերազմի համար փաստաթղթային հիմք։ Եթե մենք ուզում ենք խաղաղություն, եթե միջազգային հանրությունն ու միջնորդները ուզում են խաղաղություն, ուրեմն պետք է միջոցներ գտնեն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և Արցախի ապագայի հարցը բանակցային օրակարգ բերելու համար»,- ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։

Back to top button