Դպրություն

Աշխատաշուկայի և կրթության կապի ամրապնդումը` հրամայական․ «Դպրություն»

Բուհերը պետք է պատրաստեն բանիմաց, հմտություններ ունեցող շրջանավարտներ, իսկ գործատուները պետք է նրանց հարմարեցնեն կոնկրետ աշխատատեղերի։ Այսօրվա երիտասարդը, դիպլոմավորված մասնագետը պատրա՞ստ է աշխատաշուկա մուտք գործելուն։

Ի՞նչ միտումներ կան աշխատաշուկայում, ի՞նչ են առաջարկում ոլորտային բուհերը։
«Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայաստանյան բուհերից միակն է, որը ներգրավված է «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» մեջ, որպես իրականացնող գործընկեր։ Մեր համալսարանը դարձյալ առաջինն ու միակն է բուհերի մեջ, որը կիրառում է աշխատանքային կիսամյակ հասկացողությունը՝ պրակտիկայի փոխարեն։

Հրաչյա Զաքոյան

Ունենք բազմաթիվ պայմանագրեր գործատուների հետ։ Արձանագրված են շատ հետաքրքիր արդյունքներ։ Օրինակ՝ ագրոնոմիական ֆակուլտետից 26 ուսանող մասնակցել է աշխատանքային կիսամյակին և երրորդից չորրորդ կուրս փոխվելու ժամանակ, որ դեռևս դիպլոմ չունեն, նրանցից 15–ը ստացել է աշխատանքի առաջարկ։ Նույն փորձը կա նաև մյուս ֆակուլտետներում», – ասում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը։

Երվանդ Թարվերդյան

«Ցանկացած պետության հիմքում ընկած է տնտեսությունը։ Առանց տնտեսության գոյություն չունի ո՛չ անվտանգություն, ո՛չ պետության զարգացում։ Այսօր Հայաստանի աշխատանքի շուկայում մենք ունենք մեծագույն խնդիրներ։ Բանվորից տնօրեն հաստիքների համար մենք չունենք անհրաժեշտ համապասխան կրթությամբ մարդիկ։ Առհասարակ, երկիրը պրոֆեսիոնալների կարիք ունի։ Ունենք շատ համալսարաններ, շատ ինստիտուտներ, սակայն շատ քիչ են կրթված մարդիկ։ Աշխատանքի շուկայում կա մասնագետների մեծ պահանջարկ, բայց ուսումնական հաստատությունները չեն կարողանում տրամադրել համապատասխան աշխատակազմ։ Մենք նաև չենք կարողանում կրթել այն մասնագետին, որը հետագայում նաև թանկ կվարձատրվի։ Անչափ կարևորում եմ նաև դասախոսական կազմի ակադեմիական մակարդակը»,–ասում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, մի շարք ընկերությունների հիմնադիր և տնօրեն Երվանդ Թարվերդյանը։

Back to top button