

Երգչախմբային արվեստը առանձնահատուկ կարևորված է մանկավարժության մեջ, բացի մշակութաբանական և գեղագիտական գործառույթից, այն ունի նաև սոցիալականացման կարևոր նշանակություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի «Շողակաթ» երգչախմբի 23 տարիների ընթացքում անփոխարինելի խմբավար և գեղարվեստական ղեկավար Կարինե Եզեկյանը, նշելով Հայորդաց տան երևույթի մանկավարժական նշանակությունը, նկատում է, որ մանկական երգչախումբն այն կամուրջն է, որի միջոցով երեխաները կապվում են ոչ միայն համաշխարհային երաժշտությանը, ազգային ժողովրդական և հոգևոր երգին, այլ նաև ձեռք են բերում իրար հետ հարաբերվելու արվեստի հմտություններ։
«Կարծում եմ՝ վերջինը ամենակարևորն է մեր գործում, որովհետև տարբեր օժտվածության երեխաներ են գալիս, մենք չենք մերժում ոչ մեկի, այդ թվում՝ ներառական խնդիրներ ունեցող պատանիներին, որովհետև կարևորում ենք միասնական աշխատանքը, հատկապես՝ արվեստի, երաժշտության դաշտում»,- ասում է խմբավարը:
Կարինե Եզեկյանը ծնունդով Ախալքալաքից է, զինվորականի ընտանիքից, հայրենադարձվել է Հայաստան և ընդունվելով Երևանի պետական Կոնսերվատորիայի խմբավարության բաժինը՝ փայլուն ավարտել այն: Մինչ օրս աշխատում է Հայաստանի պետական ազգային կապելլայում, բայց իր իսկական տարերքը՝ խմբավարությունը, գտել է Հայորդաց տան երգչախմբում:
Մանկական երգչախմբերի առանձնահատկությունն այն է, որ երեխաները մեծ մասամբ չունեն երաժշտական գրագիտություն, չեն կարդում նոտաներ, երգում են հիշելով, և ամենակարևորը՝ ամեն 3-4 տարին մեկ տեղի է ունենում սերնդափոխություն:
Խմբավարի աշխատանքը բարդանում է նրանով, որ ոչ միայն նորից և նորից ձևավորվող երգացանկն է վերականգնվում, այլ նաև զրոյից պետք է սկսել ամբողջ ուսումնական պրոցեսը:
Անցած 23 տարիների ընթացքում երգչախումը բազմիցս համերգներ է ունեցել ո՜չ միայն Հայորդաց տան համերգասրահում, այլ նաև մայրաքաղաքի գրեթե բոլոր համերգային դահլիճներում՝ համագործակցելով մի շարք մենակատարների, լարային քառյակների, Հայաստանի Կամերային նվագախմբի, Ազգային կապելլայի և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Երգացանկում բացի մանկական երգերից ներկայացված են նաև դասական համաշխարհային երաժշտությունը, և ինչը շատ է կարևորում խմբավարը՝ հայկական ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնցից շատերը նվիրվել են «Շողակաթին»։
Երգչախումբը նաև մասնակցում է պատարագների, և հոգևոր երաժշտությունը հատուկ տեղ է զբաղեցնում երգացանկում: Վերջերս՝ փետրվարի 6-ին, Հանրային ռադիոյի 6-րդ ստուդիայում կայացած Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը հայտնություն» ալբոմի 20-ամյակին նվիրված համերգին «Շողակաթը» նույնպես ելույթ ունեցավ՝ փաստելով կոմպոզիտոր Վահան Արծրունու հետ համագործակցության երկու տասնամյակից ավել տարիների ստեղծագործական ճանապարհը:
Հաղորդման ընթացքում հնչում են «Շողակաթ» մանկական երգչախմբի կատարմամբ տարբեր տարիներին ձայնագրված բազմաթիվ կատարումներ: