ԿարևորՎերլուծական

«Դեմքը փրկելու օպերացիա»․ փորձագետները՝ Լավրովի Բաքու այցի մասին

Երկօրյա այցով Բաքու է մեկնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այցի մասին նախապես էր հայտնի, անգամ  հաստատված օրակարգ կար։ Լավրովի այցը տարածաշրջանային չէ, Բաքվում հանդիպումներից հետո նա վերադառնալու է Ռուսաստան։ Վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե ինչն է իրականում Լավրովին Բաքու տարել, հատկապես, երբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ ուշադրություն կենտրոնում Ռուսաստան–Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին առնչվող հարցերն են։  

Առաջիկա երկու օրվա ընթացքում Բաքվում իրականացվելու է «փրկել Ադրբեջանի դեմքը» օպերացիան՝ կարծում են Հայաստանում՝ նկատի ունենալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու։ Ռուսաստանի արտգործնախարարությունից արդեն հաստատել են, որ Լավրովի ադրբեջանական այցի ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններից, քննարկելու են նաև տարածաշրջանային հարցեր։ Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ենթադրում է, թե ինչ հարցեր կարող   են քննարկվել, եթե հաշվի առնենք օրեր առաջ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով։

«Ադրբեջանը խնդիր ունի անգլերեն ասած «face saving»-ի՝ «դեմքը փրկելու» և՛ իր բնակչության պահով, և՛ այնպես անի, որ ոչ ռուսական կողմին ներկայացնի, ոչ թուրքական, ոչ էլ արևմտյան։ Որովհետև, եթե ինքը բացի միջանցքը Բլինքենի հորդորից հետո կամ Հաագայի դատարանի որոշումից հետո, դա կնշանակի, որ նեղացնում է Ռուսաստանին։ Եթե Լավրովի խոսքերից հետո բացի, որովհետև Բայրամովի հետ հանդիպումից հետո Լավրովը չէր բացառել, որ կարագանա այդ պրոցեսը, եթե դա անի, կարող է Արևմուտքին նեղացնի։ Իր սեփական բնակիչներին պետք է բացատրի, թե ինչու է բացում այդ միջանցքը, որովհետև մի բան է ասում, հիմա պետք է մի ուրիշ բան ասի։ Այսինքն՝ ինքը երկընտրանքի մեջ է»։     

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ չի բացառվում, որ Բաքվում Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկեն Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները, որոնցից մեկը, ըստ վերլուծաբանի, կարող է լինել հետևյալը․

«Ի վերջո առիթը ո՞րն էր․ բնապահպանական խնդիրը։ Չի բացառվում, որ ինչ-որ ռուսական բնապահպանական կառույց գա, ստուգի այդ Կաշենի և մյուս հանքերը, զեկույցներ գրի, խնդիրները ցույց տա, ասի, որ պետք է վերականգնել և դրանից հետո նոր ճանապարհը բացվի։ Բայց կբացեն որոշ ժամանակ հետո, որպեսզի չերևա, որ դա Հաագայի ճնշումն է։ Որոշ ժամանակը, կարծում եմ, կպահպանեն»։  

Հաստատված ծրագրով նախատեսված է, որ Ադրբեջանում Սերգեյ Լավրովը հանդիպելու է Ալհամ Ալիևի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Այցը համընկնում է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի հետ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ հանդիպումներում «հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»։ Լավրովի այցը Բաքու տեղում  գնահատվել է որպես «լավ հնարավորություն»։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էր լրագրողներին ասել, որ կան որոշակի հարցեր, որոնք պետք է պարբերաբար քննարկվեն։ Եթե ուսումնասիրենք տարածաշրջանի շուրջ ստեղծված իրավիճակը, ապա հասկանալի է, որ ռուս-ադրբեջանական հանդիպումները տեղի են ունենում լուրջ ճնշման ներքո։

Լավրովի այցին նախորդել էր ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հերթական այցը տարածաշրջան, իսկ Կլաարի այցին էլ նախորդել էր Վաշինգտոնի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Բրյուսելում հանդիպման հրավերի մասին։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ այս ամենը պետք է հաշվի առնել հասկանալու համար, թե ինչ հետևություններ կարելի է անել Բաքվում ընթացող ռուս-ադրբեջանական հանդիպումներից․

«Ամբողջ խնդիրն այն է, թե ում աջակցությամբ են կոմունիկացիաները բացվելու։ Հենց  դա էլ ցույց է տալու, թե ում ազդեցությունն է Ղարաբաղյան հարցում գերիշխող լինելու Ադրբեջանի վրա։ Մի կողմից՝ կա Բլինքենի հայտարարությունը, որ պետք է անմիջապես բացել, մյուս կողմից էլ  խաղաղապահների միջնորդությամբ են հիմա գործընթացներ տեղի ունենում։ Հիմնական հարցը դա է՝ հրապարակայնորեն Ադրբեջանը  ո՞ւմ միջնորդությամբ է ճանապարհը բացելու»։   

Ուշագրավ է, որ երկու օր առաջ հանդիպում է եղել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև և մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։  Սա հաստատել է պաշտոնական Ստեփանակերտը։ Նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանի փոխանցմամբ՝ քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքը կապահովվի, ինչպես նաև Շինուհայր-Ստեփանակերտ 110 կՎ միակ բարձրավոլտ օդային գիծը կվերանորոգվի և էլեկտրամատակարարումը կվերականգնվի։

Ովքեր են հանդիպել, ում հետ և որտեղ․ այս  հարցերի պատասխանները չեն բացահայտվում։

Արցախում, սակայն, չեն շտապում այս շփումները Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն կամ երկխոսության սկիզբ համարել։ Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը նշում է, որ նման  հանդիպումներ պարբերաբար կազմակերպվել են։

«Չի կարելի իրականում նմանատիպ հանդիպումները և նման կազմով հանդիպումները ներկայացնել որպես պաշտոնական հանդիպումներ։ Շփումներ միշտ են եղել նոյեմբերի 9–ից հետո, և ընդհանուր առմամբ այդ շփումները կազմակերպվել են ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտությամբ և մասնակցությամբ՝ որպես միջնորդ կողմ։ Տեղի են ունեցել տարբեր քննարկումներ մի շարք օպերատիվ հարցերի լուծման նպատակով»։

Քաղաքագետի կարծիքով՝ ուղիղ շփումները Ստեփանակերտի և Բաքվի միջև կսկսվեն միայն այն դեպքում, երբ Բաքուն դադարի դրանք ներկայացնել որպես քննարկում Արցախում ապրող բնակչության հետ և հավասար պայմաններում երկխոսություն սկսի Արցախի ընտրված իշխանության  հետ։  

Back to top button