ԿարևորՀասարակություն

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են. քաղաքական երկխոսության մեկնա՞րկ, թե՞ կենցաղային-մարդասիրական հարցերի շուրջ բանակցություններ

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։ Այս մասին հայտնել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը։ Տեղեկությունը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։ Լուսինե Ավանեսյանը նաև որոշ մանրամասներ է հայտնել հանդիպման արդյունքների մասին։  

ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման փաստը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։ Նա որոշ մանրամասներ ներկայացրեց քննարկված հարցերի և հանդիպման արդյունքների վերաբերյալ.

 «Քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն և անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր:  Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110 կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ: Սպասում ենք ադրբեջանական կողմից համապատասխան քայլերի, որոնք հնարավորություն կտան մեր մասնագետներին հասնել էլեկտրամատակարարման խափանման վայր, գնահատել վնասը և սկսել վերանորոգման աշխատանքները: Ինչ վերաբերում է ճանապարհի արգելափակման վերացմանը, ապա մեր տվյալներով՝ այդ ուղղությամբ ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, և հույս ունենք, որ կարճ ժամկետում դրական տեղաշարժ կլինի այդ առումով նույնպես»։

Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը, Ադրբեջանին պարտավորեցնելով ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները՝  ապահովելու անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ: Նույն օրը հրապարակված որոշմամբ դատարանը մերժեց Ադրբեջանի բողոքն ընդդեմ Հայաստանի:

Արցախում այդ որոշումը կարևորում են։ Որքան շատ միջազգային կառույցներ իրենց դիրքորոշումը հայտնեն, այնքան լավ՝ «Ռադիոլուրին» ասաց Արցախի նախկին արտգործնախարար, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Նրա դիտարկմամբ, սակայն, տարօրինակ է, որ դատարանը չընդունեց փաստը, որ Ադրբեջանն է փակում Հայաստանից-Արցախ գազատարը, կամ խափանում էլեկրաէներգիայի մատակարարումը․

 «Երկրորդը, որ որևէ կապ չի տեսել. «բավարար հիմքեր չկան», որ պնդի, որ այդ, այսպես կոչված, էկոակտիվիստները, դրանք Ադրբեջանի պետության կողմից կազմակերպված են։ Սա նույնպես շատ տարօրինակ է։ Հիմա, լա՛վ, դատարանն ասում է պետք է բացեք, ինչպե՞ս բացել, եթե նույն Ադրբեջանը կարող է ասել, որ այդ էկոակտիվիստներն ինձ հետ կապ չունեն, դուք նույնպես որևէ ձևով չեք ընդգծել այդ հանգամանքը ձեր որոշման մեջ»։

Որոշումն ի գիտություն է ընդունել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ շեշտելով, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։ Գուտերեշը հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու համար կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը տարածել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը․  

«Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն աշխատել բարելավել երկկողմ հարաբերությունները: Նա շեշտել է, որ խրախուսում է կառուցողական երկխոսությունը»։

Այս թեման շոշափվել է նաև փետրվարի 24-ին՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ։ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է․ 

«Հայաստանը հավատում է, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է լուծել խնդիրները և կայունություն հաստատել տարածաշրջանում։ Հայաստանը պատրաստ է առաջ մղել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացը՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիմքով»:

Խանդանյանն ասել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի ոչ Ադրբեջանից, ոչ էլ հարեւանն որեւէ երկրից: Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ Խանդանյանը նշել է.

 «Լեռնային Ղարաբաղի հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին ու անվտանգությանը, և այն պետք է լուծվի Բաքվի և Լեռնային Ղարաբաղի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսության միջոցով»։   

Արդյո՞ք Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների՝ նախօրեի հանդիպումը կարելի է համարել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեկնարկ, որի մասին տարբեր առիթներով բարձրաձայնում են նաև Հայաստանի իշխանությունները։ «Ռադիոլուրի» այս հարցին Դավիթ Բաբայանը հետևյալ պատասխանը տվեց.

«Ոչ-ոչ։ Սա քաղաքական չէ։ Սա վերաբերում է ենթակառուցվածքներին, ճանապարհի ապաշրջափակմանը, որն ընթանում էր, և ռուս խաղաղախահները փակման առաջին իսկ օրից այդ բանակցությունները, խորհրդակցությունները վարում էին։ Որևէ ձևով սա չի կարելի դիտարկել որպես երկխոսություն քաղաքական հարցերով՝ Արցախի ապագայի շուրջ»։

Նման ձևաչափով հանդիպումները Դավիթ Բաբայանը կարևոր է համարում։ Շեշտում է, սակայն, որ դա չի նշանակում, թե որևէ մեկը որևէ կերպ Արցախը կարող է տեսնել Ադրբեջանի կազմում․  

«Դա անհնարին է։ 1988 թվականից ի վեր որևէ մեկն Արցախում չի դիտարկում իրեն ու իր երկիրը Ադրբեջանի կազմում։ Նույնիսկ 1921 թ.-ից ի վեր, մինչև 88 թիվը, երբ Արցախը բռնակցվել է Ադրբեջանին, արցախցիները չեն մերվել այդ իրողության հետ։ Եվ հիմա պետք է այնպես անենք, որ պարզապես այս մարդասիրական հարցերը կարգավորվեն»։  

Դավիթ Բաբայանը տարօրինակ է համարում, որ երբևէ որևէ մեկի մտքով կարող է անցնել, թե արցախցին կարող է իրեն պատկերացնել Ադրբեջանի կազմում։ Նման բան չի կարող տեղի ունենալ առհասարակ՝ շեշտեց Բաբայանը։ Հետևաբար, նրա խոսքով, անհրաժեշտ է համախմբվել և, իմաստուն քաղաքականություն վարելով, փրկել Արցախը։ 

Back to top button