Մոռացված ֆիլմերի ստվերները

Շարունակվող պայքար. « Մոռացված ֆիլմերի ստվերները»

Խորհրդային տարիներին Զորավար Անդրանիկի մասին ֆիլմ նկարահանելը գրեթե անհնար էր։ Նրա մասին շշուկով էին խոսում։ Այդ անբացատրելի զգուշավորությունը կինոլրագրող Ռոբերտ Մաթոսյանին մղեց ուսումնասիրելու Զորավարի կյանքը։ Տարիներ անց հավաքված այդ նյութի հիման վրա ֆիլմ նկարահանվեց։

Կինոլրագրող, սցենարիստ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մաթոսյանն արդեն երկար տարիներ է հայկական կինոաշխարհի անցուդարձի կիզակետում է։ Նա մի քանի վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ է։ «Զորավար Անդրանիկ» այսպես է կոչվում Ռոբերտ Մաթոսյանի սցենարի հիման վրա նկարահանված փաստագրական ֆիլմը, որն էկրան բարձրացավ 1990 թվականին։

Հայ ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկ, լեգենդ դարձած Զորավար Անդրանիկին նվիրված սցենարի վրա Ռոբերտ Մաթոսյանն սկսեց աշխատել անցյալ դարի 80-ականների երկրորոդ կեսին։

Շուրջ երկու տարի նա Հայաստանի ազգային  արխիվում ուսումնասիրեց  Զորավարի անձնական արխիվը՝ փատաթղթեր, հրամաններ, թերթեր, նամակներ և արժեքավոր այլ նյութեր: Ֆիլմի՝ էկրան բարձրանալուց երեք տասնամյակ անց, Հանրային ռադիոյի տաղավարում սուզվելով հուշերի մեջ՝ նա պատմում է, որ Զորավարի մասին ֆիլմ նկարահանելու մասին նա մտածել է դեռ պատանեկան տարիքից։

Ռոբերտ Մաթոսյան

«Պատանեկությանս տարիներին պապս զինվորական զգեստով մի երիտասարդի լուսանկար ցույց տվեց: Այդ լուսանկարը հետաքրքեց ինձ հարցրեցի . «Ո՞վ է», չպատասխանեց: Տարիներ անց միայն ես իմացա, որ դա Անդրանիկ Զորավարի լուսանկարն էր »,-պատմում է Ռոբերտ Մաթոսյանը:

Ֆիլմի նկարահանումները վստահվեցին ռեժիսոր Լևոն Մկրտչյանին։ Ի դեպ՝ նկարահանումները մեկնարկեցին 1988-ին, հենց այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի էին ունենում հանրահավաքներ։

Լևոն Մկրտչյան

«Կինոռեժիսոր Լևոն Մկրտչյանի հետ ընկերներ էինք: Մի անգամ իրենց տանը տեսնելով Անդրանիկի լուսանկարը ասացի. «Ա՛յ, էսպիսի մարդկանց մասին պետք է ֆիլմ նկարահանել»,- նա էլ պատասխանեց. «Ռոբերտ ջան իմ տան պատերին փակցված յուրաքանչյուր լուսանկար ես հետագայում ֆիլմի եմ վերածում», -ասում է Ռոբերտ Մաթոսյանը:

Անցյալ դարի 80-ականների երկրորդ կեսին, Հայաստանի ազգային արխիվում, սցենար գրելու ընթացքում, երբ Ռոբերտ Մաթոյանն ուսումնասիրում էր Զորավար Անդրանիկի դեռևս փակ արխիվը, նրա մտքով անգամ չէր անցնում, որ փաստաթղթերում թշնամու մասին կարդացածը, լուսանկարներում տեսածը, տարիներ անց նա առիթ կունենա տեսնելու ոչ միայն ժապավենի վրա, այլ իրականում։

Թուրք-թաթարական բարբարոսական նույն ձեռագիրը չփոխվեց նաև 21-րդ դարում։ Նույն ավերումները, դեռ մի բան էլ դարին բնորոշ ժամանակակից տեխնոլոգիաների ուղեկցությամբ։ Ռոբերտ Մաթոսյանը նշում է, որ այդ ամենը վերապրելուց հետո նա ամեն օր համոզվում է, որ ֆիլմի ասելիքն արդիական է նաև այսօր։

Ռոբերտ Մաթոսյան

«Մեր գոյաբանական խնդիրն է կշեռքի նժարին դրված: Հարյուր տարի առաջ էլ էր իրենց ուզածը նույնը, այսօր էլ. ստեղծել դաշնային պետություն և ձևավորել «Թուրանի բանակ»: Մենք միշտ սեպ ենք եղել այդ երազանքի ճանապարհին: Եվ ես համարում եմ, որ այս ֆիլմը Զորավարի ձայնով մեր զգոնությունը չթուլացնելու կոչ է»,-նշում է Ռոբերտ Մաթոսյանը:

Հայաստանի լեգենդար հերոս Անդրանիկը իր ողջ կյանքն ապրեց հայրենիքին ծառայելու սուրբ պարտականությանը հավատարիմ։ Նրա հերոսական ջանքերի շնորհիվ մենք կարողացանք կերտել այսօրվա նորանկախ Հայաստանի պատմությունը։ Մեր երկրի, մեր պետականության համար մարտնչող Զորավար Անդրանիկի կռիվը սակայն չի ավարտվել: Ցավալիորեն պարզվում է, որ նա պետք է պայքարի նաև իր ազատագրած ու պաշտպանած երկրում էկրանին երևալու իրավունքի համար:

Back to top button