ԿարևորՔաղաքական

Արցախում ՄԱԿ-ի առաքելության տեղակայումը` միջոց Հաագայի դատարանի որոշումը կատարելու համար․ քաղաքագետ

ՄԱԿ ԳՔ Անտոնիո Գուտերեշն ու ՀՀ վարչապետը քննարկել են Արցախում ու Լաչինի միջանցքում ՄԱԿ առաքելություն տեղակայելու հարցը։ Քաղաքագետներն այդ հարցը կարևոր են համարում  Հաագայի դատարանի որոշումների կատարման համատեքստում, քանի որ տեսնում են, որ Բաքուն պատրվակներ է ներկայացնում որոշումը չկատարելու համար։

ՀՀ վարչապետն ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայելու հնարավորությունը: Նրանք կարևորել են  Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեությունը։ Գուտերեշը խոստացել է Արցախ ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու հարցն ուշադրության կենտրոնում պահել։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի՝ Արցախ ու Լաչինի միջանցք ՄԱԿ առաքելություն տեղակայելու մասին բարձրաձայնելը փափուկ ուժի կիրառման լավ միջոց է համարում։ Կա ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշում, ըստ որի պետք է ապաշրջափակվի Լաչինի միջանցքը, և եթե  Բաքուն հապաղի իրականացնել այն, ապա ՄԱԿ–ի առաքելության ներկայությունը տեղին կլինի, կարծում է քաղաքագետը․

«Եղել է որոշում, սակայն Ադրբեջանն այլասերում է որոշումը։ Ուզում եմ հիշեցնել Բաքվին, որ դատարանի որոշումները չեն քննարկվում, այլ կատարվում են, բայց դա թուրքական կամ մի քիչ սլավոնաթուրքական խասյաթ է՝ այլասերել իրականությունը։ Հիմա իրենք պետք է ամեն բան անեն, որ չկատարեն դատարանի որոշումը, բայց չեն կարող։ Ադրբեջանը հայտարարեց, որ այնտեղ գրված չէ, որ Ադրբեջանն է փակել, սա նշանակում է, որ Բաքուն պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա, քաշում է Մոսկվային։ Բայց որոշմամբ պատասխանատվությունը դրված է Ադրբեջանի վրա և այս հարցում Ադրբեջանը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ է մտել, դա 100 տոկոսով»։

Ռուսաստանն ու Ադրբեջանը, ըստ քաղաքագետի, միասին են պայմանավորվել, որ փակեն Լաչինի միջանցքը։ Բայց հիմա պետք է, ըստ Հաագայի դատարանի որոշման, Բաքուն բացի միջանցքը և չի կարող չկատարել ու խաղալ դատարանի հեղինակության հետ։ ՄԱԿ-ի առաքելության տեղակայման մասին հայտարարությունը միջոց է՝ ազդելու Բաքվի վրա, կարծում է զրուցակիցս։ Եթե միջանցքը չբացվի, միանգամայն հնարավոր է, որ Արցախ մտնի ՄԱԿ առաքելությունը, ինչը խայտառակություն կլինի Ռուսաստանի համար, քանի որ ՄԱԿ առաքելությունը կտեղակայվի  ռուս խաղաղապահների կողքին, ասում է քաղաքագետը։

Կովկասի ինստիտուտի վերլուծաբան Հրանտ Միքայելյանը կարծում է, որ մի առաքելությունը մյուսը չի բացառում, սակայն հարց է, թե ինչ ձևաչափով պետք է Արցախում ու Լաչինի միջանցքում տեղակայվի ՄԱԿ առաքելությունը․

«Գլխավոր հարցը, որ լինի իրավական ու քաղաքական համաձայնություն Բաքվի հետ, քանի որ, եթե Ադրբեջանը համաձայնություն չտա, կխանգարի, որ որևէ առաքելություն տեղակայվի Արցախում»։

Իսկ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի համաձայնությունը լինի ոչ ադրբեջանական տարածքում՝ Արցախում ՄԱԿ առաքելություն տեղակայելու համար։ Հրանտ Միքայելյանն այդ հարցն այսպես է մեկնաբանում՝ Ադրբեջանը մոտ է Արցախի ճանապարհներին և կարող է  խնդիրներ առաջացնել։ Ըստ նրա՝ Բաքուն հասկանում է, որ եթե լրացուցիչ որևէ էլեմենտ տեղակայվի Արցախում, կարող է խանգարել իրեն էթնիկ զտումներ իրականացնել Արցախում։

Իսկ ԵՄ դիտորդներն արդեն սկսել են դիտարկումն ու փաստահավաք առաքելությունը։ Քաղաքագիտական շրջանակներում կարծիքներ են հնչում, որ ԵՄ դիտորդների առաքելությունը Հայաստանում աշխարհաքաղաքական բնույթ ունի։ Այս հարցին անդրադարձել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ «Ֆակտոր» լրատվականի հետ զրույցում նա հստակեցրել է, որ ԵՄ դիտորդների ժամանումը աշխարհաքաղաքական խնդիրներով պայմանավորված չէ։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, դեռ ռուս-ուկրաինական պատերազմը չէր սկսվել, այսինքն՝ ՀԱՊԿ-ը կարող էր համարժեք արձագանքել կատարվածին, ինչը, սակայն, տեղի չունեցավ․

«Մենք քաղաքացիական առաքելություն ենք հրավիրել, որ փաստեր հավաքի և պատճառը աշխարհաքաղաքական չէ, այլ մեր փորձն է՝ 2021 թվականին Հայաստանի վրա հարձակում, 2022թ ՀՀ վրա հարձակում․․․»։

ԵՄ դիտորդների տեղակայումը հնարավոր անվտանգային երաշխիքներ ապահովելու նպատակ ունի Հայաստանի համար, վստահեցնում է ԱԽՔ-ը։ Իսկ կարծիքները, թե ԵՄ դիտորդական առաքելությունը եկել է, որ դուրս մղի Ռուսաստանը տարածաշրջանից, անհիմն են, քանի որ, ըստ Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանից հեռանալու հարցը կարող է միայն Ռուսաստանը կայացնել։ ՀԱՊԿ-ի հարցում ևս պատկերը նույնն է․

«ՀԱՊԿ-ի մասին մենք բավականին հրապարակային խոսել ենք, որ հարցը ոչ թե այն է, թե Հայաստանն է լքելու  ՀԱՊԿ-ը, այլ՝ արդյոք ՀԱՊԿ-ը լքելո՞ւ է Հայաստանը, որովհետև այստեղ կարևոր հարց կա, գիտեք, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները»։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ը Հայաստանը վաղուց է լքել, հրաժարվելով պաշտպանել տարածաշրջանում կազմակերպության միակ ներկայացուցչին․

«ՀԱՊԿ ներկայացուցիչը տարածաշրջանում Հայաստանն է, ոչ Վրաստանը կամ Ադրբեջանը։ Հիմա ՀԱՊԿ–ը, տարբեր առիթներ փնտրելով, արդարացնում է Հայաստանին իր լքելը ։ Հայաստանը, պարզվում է՝ չի լքել և գերազանցիկի նման կառչել է ՀԱՊԿ ոտքերից և ուզում է, որ այդ մեխանիզմները գործեն, բայց մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ–ը չի ուզում իր մեխանիզմները գործարկել։ Մնացածը՝ կլքի թե չի լքի, թող իրենք մտածեն։ Կլքի, մի օր կլքի»։   

Որքան Հայաստանը ուղիներ է որոնում իր անվտանգությունն ապահովելու համար, այնքան Ռուսաստանը փորձում է հեռանալ, մենակ թողնելով տարածաշրջանում իր միակ դաշնակցին կարծում է փորձագետը։ Սակայն ՀՀ–ն չի կարող նաև վստահություն ունենալ, որ ԵՄ դիտորդների առկայության պայմաններում որոշակի կայունություն կապահովվի, ավելացնում է զրուցակիցս։ Հայաստանը, ըստ նրա, պետք է միշտ ելքեր որոնի իր անվտանգությունը ապահովելու համար, պետք է փորձի համագործակցել օրինակ՝ Իրանի, Հնդկաստանի ԱՄն-ի հետ։

Back to top button