Վերնատուն

«Հաշվետվություն»՝ ոչ միայն երգով․ «Վերնատուն»

Երգահան, «Բարդ ակումբի» հիմնադիր Վախթանգ Հարությունյանը, ավելի քան երկու տասնամյակ ծննդյան տարեդարձի առիթով տարին ամփոփող ու հաշվետու համերգ է ունենում։

Հաշվետվությունը ոչ միայն նոր երգերով է, այլ, ինչպես ինքն է ասում, հասարակական պատասխանատվությամբ։ Տասը տարուց ավելի «Բարդերի ակումբի» համերգները բարեգործական են, աջակցում են հանրօգուտ և ակտիվ գործունեությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին։

Վախթանգ Հարությունյանի առաջիկա մենահամերգը նվիրվում է «Սահման» հասարակական կազմակերպությանը, որը 10 տարուց ավելի է զբաղվում է սահամանամեձ գոտում գտնվող գյուղերի կյանքը բարելավելով։

Երգահանը գտնում է, որ յուրաքանչյուր խոսք պիտի գործողություն դառնա։ Այս նախաձեռնությունները կարևոր են, քանի որ դրանք մեզ ավելի միասնական ու որակապես ավելի լավն են դարձնում։ Իսկ երգն ու պոեզիան չեն տուժում, քանի որ երկուսն էլ նույն զարկերակին գտնվող հարթություններում են և հանրության հետ զրուցելիս իրենց ուրույն դերակատարումն ունեն։ Վախթանգ Հարությունյանը վստահ է, որ մարդը ավելի լավը կարող է դառնալ հենց պոեզիայի շնորհիվ։

«Պոեզիան այսօր «հանուն» բառով պիտի հանդես գա և ոչ քննադատորեն։ Ես ուզում եմ, որ ամեն մարդ իր ներսում սերմանի «հանուն» բառը», – ասում է երգահանը։

«Ես գտնում եմ, որ մենք պարբերաբար պիտի անդրադառնանք այն ամենին, ինչը մեզ համար փարոս կարող է դառնալ՝ թե՛ մարդու կերպարի, թե՛ իդեաների, թե՛ արված աշխատանքի համար, որն այս պահին մեզ կծառայի որպես հենաքար»։

Վախթանգ Հարությունյանն ասում է՝ կարևոր է, թե ինչպիսին ենք մենք ուզում տեսնել մեր երկիրը, որպես մեր տուն, ասում է՝ այն սկսվում է սահմանից։

«Ինչքան առողջ է սահմանը, ինչքան երեխաներ, դպրոցներ ու մանկապարտեզներ կան այդ սահմանին, այնքան շատ ավելի լավն է մեր երկիրը։ Ամենուր, որտեղ սահման կա, պիտի ավելի լավ ապրեն, քան քաղաքի կենտրոնում և շատ ավելի մեծ ուշադրության արժանանան», – ասում է երգահանը։

«Բարդերի ակումբում ամեն ուրբաթ ավելի քան 13 տարի հավաքվել են երգահաններ, անվճար երգել են այն ամենը, ինչ կցանկանային տեսնել , ապագայում կամ շարունակության մեջ, և յուրաքանչյուրն իր ջանքը պիտի գործադրի, որը տանում է անանձնական սիրո հարթակ», – ասում է Վախթանգ Հարությունյանը։

Back to top button