Մտքի ուժը

Կամավոր, դիմացկուն և փոխզիջման գնացող. նյութերը ևս «բնավորություն» ունեն․ «Մտքի ուժը»

Ի՞նչ եք կարծում, նյութերը կարո՞ղ են բնավորություն ունենալ, թե՞ ոչ․ պարզվում է՝ ունեն։ Նյութերի մի մասը զգայուն է, մյուսները՝ ոչ։  Կան  կամակոր, կամ էլ՝ ավելի հեշտ փոխզիջման գնացող նյութեր։ Սրանք նյութերի  ոչ ամբողջական հատկանիշներն են։ Նյութերի  բնավորության մասին պատմում է  Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող Անուշ Բադալյանը․  

«Կան նյութեր, որոնք զգայուն են խոնավության, ջերմաստիճանի հանդեպ։ Իրենց հետ ավելի նուրբ են աշխատում։ Կան նյութեր, որոնք ավելի դիմացկուն են, իրենց հետ ավելի ազատ են աշխատում։ Կան նյութեր, որոնք անգամ հիշողություն ունեն։ Թեքելով կամ փորձելով իրենց ճկեն՝ իրենք հիշում են, թե իրենց հետ ինչ է տեղի ունեցել ու իրենք այդ ջերմաստիճանում նորից վերականգնվում են»։

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժանմունքի օպտիկական սպեկտրոսկոպիայի խմբի ղեկավար  Էդուարդ Ալեքսանյանը հավելում է՝ կան նյութեր, որոնք վախենում են լույսից, բայց կան նաև այնպիսի նյութեր որոնք ոչ մի բանից չեն վախենում․

«Իսկ հետաքրքրությունը կախված է, թե ինչ խնդիր է  դրված։ Մեզ համար հիմա շատ հետաքրքիր է աշխատել պերովսկիդների հետ, բայց նրանք վախենում են խոնավությունից։ Իրենց հետ շատ դժվար է աշխատելը։ Իրենց հետ պետք է մաքսիմալ զգույշ լինել»։

Էդուարդ Ալեքսանյանը չի կիսում այն տեսակետը, որ Հայաստանում նյութագիտությունը չի զարգանում։

«Գույք պարտքի դիմաց» գործարքի արդյունքում Նյութագիտության ինստիտուտ որպես այդպիսին այլևս չկա, բայց գիտական տարբեր կենտրոններ, առանձին խմբեր Հայաստանում շարունակում են զարգացնել գիտության այս կարևոր ճյուղը։ Նյութագիտության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ուսումնասիրում են նյութի այնպիսի հատկություններ, որոնք սովորական աչքով տեսանելի չեն։ Ավելին, ժամանակի ընթացքում նյութերը կորցնում են իրենց հետաքրքրությունը։

Back to top button