Մոռացված ֆիլմերի ստվերները

Մոռացվող ֆիլմեր և անուններ. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Ռոբերտ Սարգսյանի անունն այսօր ոչինչ չի հուշում կինոսերներին։ Բազմաթիվ վավերագրական և երեք կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ Ռոբերտ Սարգսյանի հեռանալը կինոասպարեզից խիստ անսպասելի էր։ Այս կտրուկ քայլը տասնամյակներ անց էլ անբացատրելի է գործընկերների համար։

Ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը։ Ոչ ոք չունի այս հարցերի պատասխանները։

Երեսուն վավերագրական և երեք խաղարկային ֆիլմերի հեղինակ Ռոբերտ Սարգսյանը քառասունն անց էր, երբ սկսեց կինոռեժիսորի գործունեությունը։ Կինոյի աշխարհ նա մուտք գործեց որպես դերասան, սակայն տարիներ շարունակ նվիրական երազանք էր փայփայում որպես ռեժիսոր նկարահանել լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր։ Այդ երազանքը նա իրականացրեց անցյալ դարի 70-ականներին։ Առաջին ֆիլմը չնայած աննկատ մնաց, սակայն նա դրանով ինքնուրույն գեղարվեստականն ֆիլմ նկարահանելու հայտ ձեռք բերեց։

«Տժվժիկ», «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերով հայտնի դերասան Երվանդ Մանարյանն ու դրամատուրգ, արձակագիր Ռուբեն Մարուխյանը «Երևան» ստուդիայի պատվերով գրեցին մանկապատանեկան ֆիլմի սցենար։ «Նորից ամառ եկավ» ֆիլմի երկրորդ ռեժիսոր Կարապետ Բորյանը, կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի առաջարկով, ընդգրկվեց նկարահանող խմբի մեջ։

Իր աշխատանքներին մեծ պատասխանատվությամբ վերաբերվող ռեժիսորը, տարիներ անց վերհիշելով ֆիլմի նկարահանումները, պատմում է, որ կազմակերպչական և ստեղծագործական աշխատանքներին գումարվել էր նաև պատանիներին վերահսկելու պատասխանատվությունը։

Կարապետ Բորյան

«Նկարահանման հրապարակում և հրապարակից դուրս ստեղծագործական խմբի անդամներն այնքան էին մտերմացել, որ կարծես մի մեծ ընտանիք լինեին։ Բոլորը համախմբվել էին մի նպատակի շուրջ՝ նկարահանել իսկապես գեղարվեստական արժեք ներկայացոնող ֆիլմ։ Եվ կարծում եմ՝ մեր ջանքերն ապարդյուն չանցան»,-ասում է Կարապետ Բորյանը։

Ջերմ, հուզիչ, հետաքրքիր ձեռագրով ստեղծված «Նորից ամառ եկավ» կարճամետրաժը հայկական արտադրության մանկապատանեկան սակավաթիվ ֆիլմերից է։ Սակայն անգամ դա չօգնեց, որ ֆիլմը հաճախակի ցուցադրվի կապույտ էկրաններին։

Ինչևէ, երեխաներին և պատանիներին դաստիարակելու, կրթելու համար նախատեսված այս ֆիլմի էկրան բարձրանալուց տարիներ անց՝ 1983-ին, Ռոբերտ Սարգսյանը նկարահանեց իր՝  խաղարկային երկրորդ «Կիսակայարան» ֆիլմը։

Այս ֆիլմի համար հետաքրքիր կինեմատոգրաֆիկ նյութ է դառնում արձակագիր Մանուկ Մնացականյանի պատմվածքը, որով գրողն անդրադառնում էր գյուղից հեռացող երիտասարդների խնդրին։

Սցենարական, նախապատրաստական աշխատանքներից հետո նկարահանման են հրավիրվում թատրոնի և կինոյի այն տարիների ճանաչված դերասաններ։ Նրանց թվում էր Լևոն Շարաֆյանը, որն այս ֆիլմում ստանձնել էր գլխավոր հերոսներից մեկի դերը։ Վերհիշելով տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները՝ Շարաֆյանը պատմում է, որ «Կիսակայարան» ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանալուց հետո ընդամենը մեկ հարց է ուղղել ռեժիսորին։

Ալլա Թումանյանն ու Լևոն Շարաֆյանը «Կիսակայարան» ֆիլմի նկարահանման հրապարակում

«Ես հարցրեցի Ռոբերտին. «Ովքե՞ր են նկարահանվելու» և նա սկսեց թվարկել. «Ալլա Թումանյանը», ասացի՝ «Շատ լավ է», «Կարեն Ջանիբեկյանը», այդտեղ բացականչեցի. «Վա՜յ ես համաձայն եմ», նա շարունակեց, ավելացնելով Գալյա Նովենցի անունը, ա՛յ, էդտեղ ես ասացի. «Օ՜, հրաշք, հոյակապ դերասանական խումբ է հավաքվել» ու մեկնեցինք Դսեղ նկարահանաումների»,-պատմում է Լևոն Շարաֆյանը:

«Նորից ամառ եկավ», «Կիսակայարան» ֆիլմերին հաջորդեց «Բարի լույս» ֆիլմը, որի նկարահանումից հետո հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիայում ավելի քան երկու տասնամյակ արդյունավետ գործունեությունից հետո Ռոբերտ Սարգսյանն անսպասելի հեռանում է ասպարեզից՝ ամբողջովին խզելով կինոասպարեզի, արվեստագետ ընկերների հետ կապը։

Ինչո՞ւ. այս հարցը երկար տարիներ հուզում է Ռոբերտ Սարգսյանի գործընկերներին և հատկապես «Երևան» ստուդիայի հիմնադիր, կինոռեժիսոր Վիլեն Զաքարյանին։ Վերհիշելով իր գործընկերոջ արվեստում անցած ճանապարհը՝ նա ափսոսանքով նշում է, որ եթե չլիներ նրա անակնկալ հեռանալը, վստահաբար, մի քանի հետաքրքիր գեղարվեստական ֆիլմերով ևս կհամալրվեր հայկական կինոարվեստի պատմությունը։

Վիլեն Զաքարյան

«Ես շատ եմ ափսոսում, որ նա կիսատ թողեց իր կինոգործունեությունը: Ռոբերտ Սարգսյան կինոռեժիսորը կարող էր ավելի հետաքրքիր ֆիլմերի հեղինակ դառնալ ,բայց ինչո՞ւ այդպես կտրուկ հեռացավ կինոաշխարհից, ի՞նչը պատճառ դարձավ մենք այդպես էլ մինչև օրս չգիտենք »,-չթաքցնելով ափսոսանքը նշում է Վիլեն Զաքարյանը:

Վավերագրող ռեժիսորի հարուստ կենսագրությամբ Ռոբերտ Սարգսյանն իր կինոգործունեության ընթացքում շփվեց բազմաթիվ հետաքրքիր արվեստագետների հետ, ուսումնասիրեց իր ֆիլմերի հերոսների՝ տարբեր մասնագիտության ու զբաղմունքի տեր մարդկանց բնավորությունները և դրանք համարեց իր կյանքի կարևոր դասերը։ Չնայած դեպքերի ընթացքը հաճախ էր շեղում նրան խաղարկային ֆիլմ նկարահանելու որոշումից, այնուամենայնիվ, երկար տարիների պայքարից հետո նա կարողացավ իր ռեժիսորական տաղանդը դրսևորել նաև այդ ժանրում։

Ռոբերտ Սարգսյանը նկարահանեց և սերունդներին ժառանգեց երեք գեղարվեստական ֆիլմեր, որոնցում շոշափվող թեմաները, ինչպես չորս տասնամյակ առաջ, այնպես էլ այսօր արդիական են, իսկ դրանք էկրաններին ցուցադրելու պահանջը՝ հրամայական։

Back to top button