Դպրություն

Հետազոտական համալսարանը՝ կրթության և գիտության արդյունավետ համադրում․ «Դպրություն»

Աշխարհի զարգացած երկրներում հետազոտական համալսարաններն արդեն կայացած, գործող օղակ են երկրի կրթության, գիտության և արտադրության շղթայական համակարգում:

Այս համալսարաններում ձևավորվում է նաև արտադրության հետ անմիջականորեն առնչվող գործող գիտնականների մի շերտ, որ հեշտությամբ գիտությունը ինտեգրում է հասարակությանը։
Առաջարկվում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա ստեղծել հետազոտական համալսարան։ ԿԳՄՍ Նախարարության վերաբերմունքը բացասական չէ։

Ատոմ Մխիթարյան

«ՀՀ ԳԱԱ–ում, դեռևս 1997 թվականին, ստեղծվել է գիտակրթական միջազգային կենտրոնը, որը ըստ էության համարվում է հետազոտական համալսարանի նախատիպ։ Հետազոտական համալսարաններում հետազոտական բաղադրիչը ավելի մեծ է, քան գործող ժամանակակից համալսարաններում։ Այստեղ դասավանդում են գիտնականներ և նրանց հիմնական գործը հետազոտություններով զբաղվելն է, իսկ ավելի փոքր մասը տրամադրվում է դասերին։ Հետազոտական համալսարանում ուսանողների թիվը, համեմատած դասախոսների կամ հետազոտողների թվին՝ ավելի փոքր է։ Այսինքն, դասախոսների թիվը հարաբերականորեն ավելի մեծ է, քան սովորական համալսարանում։ Այն ուսանողները, որոնք սովորում են բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակներում, ավելի շատ են քան բակալավրիատում սովորողները։ Այս համալսարանները ունեն շատ մեծ ֆինանսավորում, որպեսզի կարողանան համատեղել հետազոտությունը և կրթությունը։ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա հետազոտական համալսարան ստեղծելը՝ դա Գիտությունների ազգային ակադեմիան պահելու միակ ձևն է, որովհետև հակառակ դեպքում ուզում են ԳԱԱ կազմում գտնվող 30-ից ավելի գիտահետազոտական ինստիտուտ տանել, միացնել բուհերին»,- ասում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզ․մաթ․գ․թ․ Ատոմ Մխիթարյանը։

Հետազոտական համալսարանների ամենակարևոր բաղադրիչը, դրանք բնութագրող չափորոշիչը՝ գիտահետազոտական ինստիտուտների առկայությունն է:

Վիկտոր Կատվալյան

«Ես շատ կարևոր եմ համարում հետազոտական համալսարանի գաղափարի առաջադրումը և դրա ստեղծումը ԳԱԱ–ի համակարգում։ Նման համալսարանը թույլ կտա շատ արդյունավետ եղանակով համադրել գիտությունը և կրթությունը։ Այսօր Ակադեմիայի նախագահությունը ստեղծել է մի հարթակ, որտեղ քննարկվում են ակադեմիական գիտության զարգացման հեռանկարները, նշվում են ուղիներ և այդ շրջանակում, այո՛, կարող է լինել նաև հետազոտական համալսարան»,–ասում է ՀՀԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի իստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը։

Back to top button