Սփյուռքի ձայնը

Գրականությունը կարող է զենք դառնալ արդարության հասնելու համար․ «Սփյուռքի ձայնը»

Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը սփյուռքի երրորդ սերնդի ներկայացուցիչն է։ Երկար տարիներ եղել է լրագրող, սակայն 2015 թվականին, երբ ծանոթացավ իր նախնիների անցած ճանապարհին, անցում կատարեց դեպի գրականություն՝ թղթին հանձնելով իր մեծ մայրիկի կյանքի, գաղթի ճանապարհի դժվարությունների ու գոյության պայքարի մասին պատմությունները։

Նրա «Ռոջավա» գիրքը հայ ընթերցողին այսօր հասու է դարձել «Նյումեգ» հրատարակչության շնորհիվ։

Ինչո՞ւ Մագդայի ընտանիքում չէին խոսում ցեղասպանության մասին, ինչպես գրողը դարձավ հայկական հարցի մունետիկը։

Մագդա Թախտաճյանը նշում է, որ 2015 թվականին ցեղասպանության 100-ամյակին է իր արմատների մասին տեղեկացել, պարզել ու սկսել ուսումնասիրություններ անել։

«Մինչ այդ որևէ մեկը մեր ընտանիքում չէր խոսում ոչ ցեղասպանության մասին, ոչ էլ այն բոլոր չարչարանքների, որ կրել էին նախնիներս։ Դա արվում էր հավանաբար մեզ խնայելու և պատմության հին էջերը փակ պահելու համար»,- ասում է Մագդան։

Նրա առաջին գիրքը հրատարակվել է 2016-ին` «Մի մոռացի Արմենուի» վեպը։ Դրան հաջորդել են «Ալմա Արմենիա» (VR Editoras, 2020), «Ռոջավա» (P&J, 2021) և «Արցախ» (P&J, 2022) վեպերը:

Սրանք եռագրություն են։ Գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով:

Մագդա Թախտաճյանն ակտիվ մասնակցում է Արգենտինայի հայ համայնքի կյանքին, նա նաև իրավապաշտպան է, պայքարում է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համար, հետևողականորեն բարձրացնում Հայկական հարցը և Արցախի հիմնախնդիրը:

Արգենտինահայ գրողը պարբերաբար գործակցում է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների և գրական գործակալությունների հետ:

Հարավային Ամերիկայի հայ ազգային խորհուրդը 2018-ին նրան շնորհել է Հրանտ Դինքի մրցանակը։

«Հայ համայնքը շատ ակտիվ է։ Թեև ցավով պետք է նշեմ, որ այն քիչ հաղթանակներ է ունենում հայանպաստ հարցերի բարձրաձայնման ժամանակ։ Դա գուցե պայմանավորված է նրանով, որ թուրքական և ադրբեջանական լոբբին շատ ակտիվ է, նաև իրենք մեծ գումարներ են ծախսում տարբեր հարթակներում։ Սա չի նշանակում, սակայն, որ մեր աշխատանքները ապարդյուն են»,- ասում է Մագդա Թախտաճյանը։

Նա համոզված է, որ քաղաքականությունից առավել, գրականությունը կարող է զենք դառնալ արդարության հասնելու համար։

Մագդա Թախտաճյանը համոզված է՝ իր գրքերն արգենտինական ժամանակակից գրականության մաս են դարձել: Քննարկվող խնդիրներն ու երևույթները մարդկանց համար ընկալելի և հետաքրքիր են:

Ընթերցողներից շատերը խոստովանում են, որ գրքերը կարդալուց հետո սկսում են ուսումնասիրել իրենց ծագումը, փնտրել արմատները՝ անկախ նրանից՝ հայ են, թե` ոչ: Մարդիկ նաև տեղյակ չեն Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի բարդ խնդիրների մասին և այս կերպ հաղորդակից են դառնում նաև դրանց։

Back to top button