ԿարևորՔաղաքական

Բաքվի նպատակը հայկականության վերացումն է, ԵՄ դիտորդները աշխարհին ցույց կտան իրականությունը․ Ֆրանսուա Ալֆոնս

ԼՂ իրավիճակը կկայունանա միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք մոբիլիզացացնել միջազգային հանրության ողջ ուշադրությունը այս հարցի վրա, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր այսպիսի հայտարարություն է արել փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսը։ Նա ասել է, որ ԵՄ դիտորդների արձանագրությունները հիմք կդառնան եվրոպական կառույցներ դիմելու և հարկ եղած դեպքում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։

Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսը լրագրողներին վստահեցրեց, որ դիտորդների ներկայացրած փաստերի հիման վրա միջազգային ողջ հանրությանը կտեղեկացվի, որ Ալիևը ստում է, երբ ասում է, որ օրինակ՝ Լաչինի միջանցքը բաց է։ Փաստերը կարձանագրվեն ու կներկայացվեն անհրաժեշտ կառույցներին։ Եթե հարկ լինի, դրանք կարող են նաև հիմք հանդիսանալ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար ասաց եվրոպացի պատգամավորը․

«Մենք, եվրոպական պատգամավորներս պաշտպանում ենք հայկական հարցը, բայց մենք չունենք անմիջապես այդ հնարավորությունը ապաբլոկադավորելու շրջափակումը, բայց մեր նպատակն է՝ կարողանալ նպաստել, որ ստեղծվեն պայմաններ, որ այս շրջափակումը քաղաքականապես անհնար դառնա Բաքվի ռեժիմի համար։ Դրա համար մեր մակարդակով մի լուծում կա՝ հասկացնել, որ ագրեսիվ պահվածքի հետևում ֆաշիստական ծրագրեր են կանգնած, որոնց նպատակը հայկական իրականության վերացումն է»։

Լինելով բնապահպան, Ֆրանսուա Ալֆոնսը նշեց, որ Էկոլոգիան գործիք է Բաքվի համար՝ փակելու ճանապարհը։ Իրականում այդ այսպես կոչված «բնապահպանները» լրտեսներ են, և այն ինչ կատարվում է՝ հայկական քաղաքակրթության զտման փորձ է, համոզված է ֆրանսիացի պատգամավորը։ Ֆրանսուա Ալֆոնսը ահազանգում է՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում հայկական հուշարձանները վտանգի տակ են։

Նա վստահեցնում է, որ դրա վերաբերյալ արձանագրված փաստերը կներկայացվեն ՅՈՒՆԵՍՕ-ին, որ քայլեր ձեռնարկվեն հայկական հուշարձանների պահպանության համար։

«Հայաստանի ու հայ ժողովրդի համար այս դժվարին պահին պետք է եվրոպական մեծ ներգրավվածություն լինի, որ էթնիկ զտումներ տեղի չունենան»,- կարծում է Ֆրանսուա Ալֆոնսը։ Ադրբեջանական ագրեսիայի դեպքում ԵՄ դիտորդներն, ըստ նրա, չեն կարողանա անմիջապես ճնշել այն, սակայն կարձանագրեն իրավիճակը և, հարկ եղած դեպքում, կդիմեն ՄԱԿ–ին կամ այլ կառույցների․ 

«Տեսնում ենք, որ ամեն շաբաթ Լաչինի միջանցքի բացման պահանջները ավելանում են և կարող ենք տեսնել, որ ադրբեջանական թեզերը վարկաբեկվում են։ Մենք պետք է ցույց  տանք, որ հումանիտար այս ճգնաժամից խուսափելու համար հավանաբար անհրաժեշտ կլինի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, ինչը մենք գուցե պահանջենք։ Եվ Ալիևը միջազգային ճնշումների տակ կվարկաբեկվի, և այն երկրները, որ կարևորում են Բաքվին տնտեսական հարցերում, կհասկանան, որ տնտեսական հետաքրքրություններից ելնելով, չեն կարող համագործակցել կրիմինալ կառավարության հետ»։

ԵՄ դիտորդական առաքելության գործառույթները մեծ չեն, բայց ժամանակահատվածը սահմանվեց երկու տարի, և դա կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, համոզված է եվրոպացի պատգամավորը։ ԵՄ դիտորդների  ներկայացրած փաստերն արժանահավատ կլինեն Եվրոպական կառույցների համար, և պարզ կլինի, թե որ երկիրն է ագրեսորը։ 

Եվրոպացի առաջին դիտորդներն արդեն Գորիսում են, և ֆրանսիացի պատգամավորը արդեն խոսել է նրանց հետ։ Առաքելությունը միջոցներ կունենա դիտարկումների համար, սակայն դիտորդները զինվորականներ չեն, որ սահմանում լինեն, ինչպես ռուս խաղաղապահները, և նրանք չեն կարող գնալ ԼՂ-ի տարածք ու արձանագրել, օրինակ, որ արցախցիները զրկված են գազից, լույսից կամ ջրից։ Բայց դա պետք է փաստագրվի, որ ճնշում լինի ու մատակարարումները չխափանվեն, ասաց ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսը, բացատրելով , որ այսօր ԵՄ դիտորդները այդ առումով սահմանափակված են։

Back to top button