ԿարևորՔաղաքական

Եվրոպան չի կարող հոգին վաճառել նավթի կամ գազի համար․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Պաշտոնական այցով Հայասատնում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը։ Նրան ընդունել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։ Առանձնազրույցից հետո նախարարները հանդիպել են լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է Եվրոպան հաղթահարելու համաեվրոպական արժեքների ստորադասումը նավթագաղային շահերին, եվրոպացի դիվանագետն ասել է՝ չի կարելի հոգին վաճառել նավթ կամ գազ  ունենալու համար։

Արարատ Միրզոյանն էլ անդրադարձել է մի միջանցքը մյուսով փոխարինելու մասին հայտարարություններին ու ասել, որ Լաչինի միջանցքը հումանիտար միջանցք է, և դրա կարևորությունն ընդգծված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում,ըստ Միրզոյանի Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է՝ դրանք պետք է գործեն այն երկրների սուվերենության շրջանակում ու օրենսդրության  ներքո, որոնց տարածքով անցնում են:

ԵՄ քաղաքացիական առաքելությունն  իր նպաստը կբերի տարածաշրջանի կայունության ու անվտանգության ամրապնդման գործում, հույս է հայտնել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։ Նա Լյուքսեմբուրգի իր պաշտոնակցին ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում ստեղծված վիճակը։ Ադրբեջանի գործողությունները ՀՀ արտգործնախարարը 2020 թվականի նոյեմբերի  9 հայտարարության խախտում է որակել։ Միրզոյանն ասել է, որ Բաքուն խափանում է Էլեկտրաէներգիայի ու գազի անխափան մատակարարումը Արցախ, և որ Բաքվի  նպատակը մեկն է՝  հայ բնակչության էթնիկ զտումը․  

«ԼՂ բնակչության էթնիկ զտումը կանխելու համար առավել կարևորում ենք միջազգային հանրության կողմից շարունակական ուշադրությունը և առարկայական գործողությունները։ Այս ուղղությամբ կարևորում ենք հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով ԼՂ և Լաչինի միջանցք միազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ Կարևոր է նաև միջազգային հումանիտար  կազմակերպությունների, այդ թվում և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների անարգել մուտքը  ԼՂ»։

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը նշել է, որ Արարատ Միրզոյանի հետ քննարկումից հետո ավելի լավ պատկերացում է կազմել հակամարտության ու Լաչինի միջանցքի արգելափակման մասին։ Նա հիշեցրել է, որ Լյուքսեմբուրգը եվրոպացի գործընկերների հետ միասին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջոնցքով՝ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության։

Խաղաղության բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին եվրոպացի դիվանագետն ասել է հետևյալը․

«Խաղաղության բանակցությունները կարծես կանգ են առել, որ սկսվել էին 2021 թվականին Շառլ Միշելի, Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ։ Խրախուսելի բանակցություններ տեղի ունեցան, մենք կցանկանայինք, որ դրանք շարունակվեին։ Լյուքսեմբուրգը աջակցում է եռակողմ բանակցությունների վերսկսմանը, որ կարողանանք ամուր և տևական խաղաղության համաձայնագրի հասնել»։

Ժան Ասելբորնը համոզված է, որ Հայաստան գործուղված ԵՄ դիտորդների ներկայությունը կնվազեցնի հնարավոր ռիսկերը։

«Մենք միշտ աջակցել ենք ԵՄ դիտորդների տեղակայմանը, որը կտևի երկու տարի,  սկզբում կլինի 100 դիտորդ։ Կարծում եմ, որ առաքելությունը կարող է կարևոր դեր խաղալ  և նվազեցնել միջադեպերի թիվը և բնակչության ռիսկերը նվազեցնել»,– ասել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարը։

Իսկ ինչպե՞ս է Եվրոպան հաղթահարելու համաեվրոպական արժեքների ստորադասումը նավթագաղային շահերին։ Լրագրողների այս հարցին ի պատասխան, Լյուքսմբուրգի արտգործնախարարը հիշեցրել է, որ նախորդ տարվա փետրվարի 24–ից, այսինքն ռուս-ուկրաինական պատերզմից հետո, Եվրոպան նոր էներգետիկ աղբյուրների կարիք ունի։ Այդուհանդերձ, հասկանալով հարցի ենթատեքստը, Ժան Ասելբորնն ասել է․

«Ես ձեր հետ  համաձայն եմ, որ մենք չենք կարող մեր հոգին վաճառել, որ գազ կամ նավթ ունենանք»։

ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը, արձագանքելով այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքում, ինչպես նաև Լաչինի ու Հայաստանի միջև սահմանային անցակետեր տեղակայելու մասին Ադրբեջանի նախագահի մյունխենյան հայտարարությանը, ասել է, որ հայկական կողմի պատասխանը միանշանակ է ու հրապարակային․ 

«Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր դնել Հայաստանի սահմանին և հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը: Բայց մեր պատասխանը միանշանակ ու բավականին հրապարակային է. Լաչինի միջանցքի արգելափակումից անմիջապես հետո այս դիրքորոշումը հնչեցվել է, և այն մնում է նույնը. Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին: Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ակնհայտորեն ընդունելի չէ»։

Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև մի միջանցքը մյուսով փոխարինելու վերաբերյալ շրջանառվող մտայնությանը։ Նա ասել է, որ այդ նարատիվը նոր չէ, և հայկական կողմի դիրքորոշումն էլ այդ հարցում հայտնի է։ Նախարարը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը հումանիտար միջանցք է և միակ ճանապարհը, որ կապում է Արցախը աշխարհի հետ։ Այսինքն՝  ի սկզբանե կարևորվել է միջանցքի գոյությունը: Եվ բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը, դա  ընդունել են, ինչը նաև արտացոլված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ասել է Միրզոյանը: Իսկ տարածաշրջանային  ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունները արտացոլված են նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի փաստաթղթերում, և այդ հարցում նույնպես հայկական կողմի դիրքորոշումը անփոփոխ է ու կառուցողական։

«Մենք կարող ենք րոպե առաջ ձեռնամուխ լինել այդ ճանապարհների ապաշրջափակմանն այն պահից սկսած, երբ կընդունենք, որ այդ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, այդ թվում՝ երկաթուղին, պետք է գործեն այն երկրների սուվերենության շրջանակում ու օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: Սա կարծում եմ՝ շատ հիմնավոր, շատ կառուցողական ու շատ թափանցիկ մոտեցում է, մեր առաջարկն ու պատրաստակամությունն է»,– ասել է ՀՀ արտգործնախարարը։

Նախարարը նաև հստակեցրել է, որ հայկական կողմը բացառում է, չի ողջունում նոր ուժի կիրառմամբ, սպառնալիքների ներքո առկա պայմանավորվածությունները փոխելու  կամ մի կողմի շահերի հաշվին զիջումներ կորզելու ագրեսիվ քաղաքականությունը, որն արտահայտված է Բաքվի հայտարարություններում:

Back to top button