Հաջողության նոտա

Բալետի նուրբ, էսթետիկ և դժվար աշխարհը․ «Հաջողության նոտա»

Նրա համար բալետի առաջատար պարող լինելն առաջին հերթին պարտավորեցնող է, քանի որ ամբողջ ներկայացման ընթացքը կախված է իրենից: Թեպետ բալետային թատերախմբում վեց տարի է, սակայն արդեն հասցրել է կերտել լուրջ դերեր:

Կարծում է, որ բալետային կյանքը բարդ է ու դաժան, ծանր, բայց գեղեցիկ աշխատանք է: Նա ցանկանում է հասնել իր մասնագիտության առավելագույնին, ներկայացված լինել տարբեր թատրոններում, դրան փորձում է հասնել քայլ առ քայլ: Կերտած կերպարների միջոցով նա տեղափոխվում է տարբեր ժամանակաշրջաններ:

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարությանը բազմաթիվ գլխավոր դերեր է կերտել, սակայն նրան շատ հոգեհարազատ է «Սպարտակ» բալետի Կրասոսի կերպարը:

Կրասոսի հոգեվիճակը, կեցվածքը միշտ «հաղթելու» ցանկությունը մոտ են նրա խառնվածքին: Երբ պետք է ինչ-որ խնդրի լուծում տալ, նա նաև այդ ամենը դիտարկում է Կրասոսի տեսանկյունից, մտածում է՝ ինչ լուծում նա կտար:

Ասում է՝ կյանքում եղել են հրաշքներ, բայց դա հնարավոր է միայն աշխատասիրության շնորհիվ, հավատալը բավարար չէ, պետք է քայլ անել, որ հրաշք լինի: Որքան էլ բալետային աշխարհը եթերային է, այդուհանդերձ բալետի պարողների համար կարևոր են մրցույթները, քանի որ հենց այնտեղ ես հանդիպում այլ երկրների արտիստների, ուսումնասիրում նրանց վարպետությունը և ստեղծում նոր ծանոթություններ:

Հյուրախաղերը ևս մեծ տեղ ու դեր են զբաղեցնում բալետի արտիստի համար: Տարբեր բեմերում ելույթ ունենալն ու տարբեր մասնագետների հետ շփումը արտիստին տանում են ավելի բարձր հարթություն։

Back to top button