Երաժշտական եռանկյունի

20-րդ դարի ֆլեյտային երաժշտություն․ «Երաժշտական եռանկյունի»

21-րդ դարի երաժշտությունը համարվում է ամենագունեղ ժամանակաշրջանը, որն առանձնանում է նոր երաժշտական տեսություններով, կոմպոզիտորական հնարքներով և կատարողական տեխնիկայի կատարելագործմամբ։

20-րդ դարի սկզբից բազմաթիվ կոմպոզիտորական դպրոցների ներկայացուցիչներ գիտակցաբար հրաժարվում են դասականությունից և սկսում նոր ձևի ու  բովանդակության փնտրտուքները։

«20-րդ դարի երաժշտությունն անսպառ է, և ես ու դաշնակահարուհի Գայանե Ասլանյանը նախաձեռնեցինք համերգաշար, որի անդրանիկ համերգը կայացավ Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում հունվարի 23-ին»,- ասում է ֆլեյտահար Նարեկ Ավագյանը:

Դաշնակահարուհի Գայանե Ասլանյանի հետ նրանց դուետը նոր է, և երաժիշտները մեծ ոգևորությամբ տրվեցին իրենց նախաձեռնած այս ծրագրին, այն է՝ ներկայացնել 20-րդ դարի կամերային երաժշտությունը՝ հնչեցնելով շատ դեպքերում հայաստանյան հանդիսատեսի համար գուցե անհայտ, բայց աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ծրագիրը կազմված է այնպես, որ հնարավորինս բացահայտի միասնության մեջ տարբեր կոմպոզիտորների առանձնահատկությունները՝ Սերգեյ Պրոկոֆևի սոնատից մինչև Պիեր Սանկան, Կարլ Նիլսեն և Անրի Դյուտիլյո:

Գայանե Ասլանյանն ավարտել է Կոնսերվատորիան և դասավանդում է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 2023թ.-ին Նարեկը դաշնակահարուհուն հրավիրվեց միասին հանդես գալու, ապա ձևավորվեց նրանց դուետը:

Նարեկ Ավագյանը ամենաակտիվ հայ կատարողներից է՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, «Ասոնանս» և «ԿՎ Արտ» անսամբլների հիմնադիր և մասնակից, նաև բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային երաժշտության նախագծերի նախաձեռնող և մասնակից է:

Բավական է ծանոթանալ երաժշտի ամսվա համերգային պլանին և երաժշտական տեսակների բազմազանությանը, և պարզ կդառնա, որ Նարեկ Ավագյանը չունի ժանրային սահմանափակումներ և տիրապետում է կատարողական ամբողջ դիապազոնին՝ բարոկ շրջանից ընդհուպ մինչև 21-րդ դարի բարդագույն ստեղծագործությունները:

«Չնայած ֆլեյտային երաժշտությունը խոր արմատներ ունի և հարյուրամյակների ընթացքում ձևավորված տեխնիկայի կանոններ, բայց հենց 20-րդ դարի կոմպոզիտորներն ընդլայնեցին նվագարանի կատարողական տեխնիկայի հնարավորությունները և արտահայտչամիջոցները: Սա, անշուշտ, բեկումնային շրջան է, առավել հետաքրքիր ինձ և իմ գործընկերուհուն»,- շարունակում է Նարեկ Ավագյանը:

Ավագյան-Ասլանյան դուետը պլանավորում է համերգային շարք ամենատարբեր հարթակներում՝ հայ ունկնդրիններկայացնելու 20-րդ դարի այնպիսի գոհարներ, որոնք, հայտնի լինելով աշխարհում, հաճախ չեն կատարվել կամ առհասարակ չեն հնչել Հայաստանում:

Հաղորդման ընթացքում հնչում են Նարեկ Ավագյանի և Գայանե Ասլանյանի համերգային կատարումները:

Back to top button