ԿարևորՔաղաքական

Մոսկվան կարող է սահմանային լարվածություն ստեղծել՝ ի պատասխան Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայման․ քաղաքագետ

Փետրվարի 20-ից ԵՄ-ն սկսել է իր դիտորդական առաքելությունը Հայաստանում։ Ընդ որում՝ այն ուղեկցվում է Մոսկվայից հնչած բավականին կոշտ արձագանքով։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան արդեն զգուշացրել է ԵՄ դիտորդներին, որ Հայաստանն իր ազդեցության գոտին է։ Փորձագետներն այս հայտարարության ներքո իրադարձությունների անցանկալի զարգացումներ են տեսնում։ Մի դեպքում դրանք հնարավոր սահմանային լարումները կարող են լինել, մյուսում՝ քաղաքական ու տնտեսական ճնշումներ։

ԱԽ քարուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը ներկայացրել է Հայաստանում իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները: ԱԽ քարտուղարն էլ  վստահություն է հայտնել, որ առաքելությունը  կշարունակի նպաստել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

«Ռուսաստանն այսօր ունի մեկ լավագույն քայլ՝ անել ավելի լավ առաջարկ Հայաստանին քան Արևմուտքը»,- խոսելով ԵՄ  դիտորդների Հայաստանում տեղակայվելու մասին, ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում քաղաքագետը բավականին վտանգավոր համարեց  ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը, մասնավորապես այն, որ ՌԴ երբեք չի համաձայնի իր ազդեցության գոտի Արևմուտքի ներխուժումը, որի նպատակն է կրճատել Մոսկվայի ազդեցությունը կամ դուրս մղել Ռուսաստանը տարածաշրջանից․

«Հայտարարության մեջ  բավականին վտանգավոր ենթատեքստ կար, և դա վերաբերում էր Ռուսաստանի կողմից որոշակի հնարավոր գործողություններին։ ՌԴ կողմից այս պահին միակ հակազդեցությունը, որով կարող է էական բան փոխել, դա Հայաստանին ավելի լավ առաջարկ անելն է, քան արել է կամ կարող է անել Արևմուտքը, որովհետև այսօր ՀՀ-ն իր ներքին անվտանգային ճարտարապետության համատեքստում հայտնվել է այնպիսի վիճակում, որ գործնականում շատ մեծ ընտրություն չունի և ընտրությունն այն է, թե ով ավելի լավ երաշխիքներ կտա»։

Քաղաքագետը Զախարովայի հայտարարության վտանգները ոչ թե ռազմական ընդհարումով պայմանավորեց, այլ  քաղաքական և տնտեսական գործիքների կիրառմամբ։ Պետք է հիշել, որ ՀՀ-ում գրեթե բոլոր ենթակառուցվածքները  Ռուսաստանի հետ են կապված, եթե չասենք, որ դրանք ամբողջությամբ այդ երկրի տրամադրության տակ են, պարզաբանեց Արա Պողոսյանը։ Նա մատնացույց արեց հատկապես էներգակիրների հարցում Ռուսաստանից կախվածությունը․

«Խոսքը Էներգետիկ ենթակառուցվածքների մասին է, ՀՀ եկող էներգառեսուրսների մասին։ Մինչ այժմ Հայաստանը չի կարողացել այնպես դիվերսիֆիկացնել իր էներգետիկ պահանջները, որ աշխարհաքաղաքական այս կամ այն փոփոխությունների կամ վթարների պարագայում կախվածության մեջ չընկնի մի կողմից, կամ ամբողջությամբ չպարալիզացվի Հայաստանի տնտեսությունը։ Այս առումով ՌԴ ունի բավականին գործուն լծակներ, որոնց գործարկման դեպքում Հայաստանը լուրջ խնդիրների առաջ կկանգնի»։

Մոսկվայի կողմից կոշտ քայլերի կիրառումն, ըստ քաղաքագետի, ավելի դուրս կմղի Ռուսաստանն այս տարածաշրջանից, քանի որ հակառուսական տրամադրությունները կավելանան։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը, մինչդեռ, հենց սահմանային լարվածության մասին է խոսում։ Նա ասում է, որ եթե Ռուսաստանն իր առջև խնդիր դնի ցույց տալ Արևմուտքի ոչ հուսալի լինելը, դա սահմանային լարվածություն  կառաջացնի։ Իսկ Մոսկվան կարող է նման լարվածություն առաջացնել, օրինակ՝ երբ Հայաստանում ՀԱՊԿ-ից դուրս գալու խոսույթը ավելանա․

«Դա բավականին մտահոգիչ հայտարարություն է Ռուսաստանի կողմից, քանի որ եթե Ռուսաստանը իր առջև նպատակ դնի ցույց տալ, որ եվրոպական դիտորդները որևէ իրական լծակ չունեն, ապա դա  ապացուցելու լավագույն ձևը կլինի հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր օջախներ ստեղծելը, լարվածության նոր ալիք բարձրացնելը, որպեսզի աշխարհին և առաջին հերթին Հայաստանին ցույց տա, որ ռուսական անվտանգային համակարգը ավելի հուսալի է, քան արևմտյանը։ Մենք երևի պետք է պատրաստ լինենք նոր սադրանքների շփման գծում։ Բայց Ռուսաստանն  էլ պետք է հասկանա, որ իր կրավորական դիրքորոշումն է նաև պատճառը, որ Հայաստանը ստիպված է եղել ԵՄ դիտորդներ հրավիրել»։

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կգործի երկու տարի։ Շատ փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ տեղակայվելով մեր տարածաշրջանում, ԵՄ դիտորդները կարող են հետևել ռուս խաղաղապահների տեղաշարժին ու լարվածություն առաջացնել տարածաշրջանում։ Այս առումով քաղաքագետ Արա Պողոսյանը հստակեցնում է, որ ՀՀ պարտավորություն ունի  ՌԴ ու ԵՄ դիտորդների միջև փոխգործակցության հարցում, ինչը որոշակի միջնորդության է նման։

Back to top button