Երկրորդ շնչառություն

Տարիքը խոչընդոտ չէ նաև կամավոր դառնալու համար․ «Երկրորդ շնչառություն»

74-ամյա Սվետլանա Նալբանդյանը զավակների ու թոռներին մեծացնելուց հետո ուժ, եռանդ ու ավյուն է գտնում առօրյա գործերից զատ նաև կամավորական աշխատանք կատարելու համար:

Հիշում է, որ դեռ «Երևան նախագիծ» ինստիտուտում աշխատելու տարիներին, երբ շրջաններ գործուղումներ էին ունեում, իրենք փորձում էին նաև այլ կերպ օգտակար լինել: Մինչ մասնագետները չափագրումներ էին կատարում, իրենք մաքրում էին պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքները:

Հանրօգուտ աշխատանքը տիկին Սվետային դեռ այն ժամանակ է մեծ բավականություն պատճառել, իսկ հիմա, երբ հիմնական հոգսերը թեթևացել են, սիրով ընդգրկված է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կամավորական ծրագրերում:

Տարբեր համերգների ժամանակ օգնում են մարդկանց գտնել իրենց տեղերը, և երբ գործն ավարտում են, սիրով վայելում են համերգը կամ ներկայացումը:

«Ստացվում է համադրում ենք հաճելին օգտակարի հետ»,-ասում է նա: Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի փոխնախագահ Լիլիթ Մուրադյանի խոսքերով, շատ հաճախ քննարկումներ են ունենում, թե ինչ նոր և հետաքրքիր ձևերով օգնեն տարեցներին իրենց ներուժն օգտագործել, նոր ռեսուրսներ բացահայտել իրենց մեջ, ինչն ի վերջո ծառայում է նրանց կյանքի որակի բարելավմանը:

«Փորձում ենք գտնել ընկերություններ, որ օգնականի կարիք ունեն, հետո տեսնում ենք, թե ինչ նախասիրություններ ունեն կամավորական ծրագրերում ընդգրկվել ցանկացող մեր մեծահասակները, և որոշակի պատրաստում անցնելուց հետո, նրանք ընդգրկվում են աշխատանքներում»,- բացատրում է նա՝ նշելով, որ ծրագիրը շարունական է լինելու, և հրավիրում են բոլոր ցանկացողներին միանալ իրենց կամավորների խմբին:

Առաջին գործընկերներից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է եղել, որ ներգրավել է տարեց մարդկանց կամավորական աշխատանքում: Լ.Մուրադյանի խոսքերով, ասոցիացիայում նույնպես շատ տարեցներ կատարում են կամավորական աշխատանք՝ օգնելով դիմացինին, իրենք իրենց օգտակար ու գնահատված են զգում:

Տիկին Սվետլանայի խոսքերով, քանի դեռ երեխաներն ու թոռներն իր օգնության կարիքն ունեին, կյանքը հագեցած էր ու լեցուն, բայց երբ փոքր թոռնիկն էլ դարձավ 6-րդ դասարան, նրա կյանքը միանգամից դարձավ միապաղաղ: Մեծահասակների ակումբը հաճախելուց հետո կյանքն արմատապես փոխվել է:

Գնում են թանգարաններ, ցուցասրահներ, համերգներ, ներկայացումներ, պարբերաբեր հյուրասիրություններ են լինում, տարբեր խաղեր են խաղում, ձեռագործ աշխատանք և ուղեղի գործունեությունը խթանող վարժություններ են կատարում: Տիկին Սվետլանայի խոսքերով, նա միշտ ցանկացել է գորգագործությամբ զբաղվել, կյանքի այս հանգրվանում երկրորդ շնչառություն է վերցրել և հասել նոր նպատակին:

«Ինչը, որ չենք հասցրել անել երիտասարդ տարիներին, հիմա ենք անում»,- ասում է զրուցակիցս՝ ավելացնելով, որ նոր ընկերներ են գտնում, ինչը նույնպես դրական ազդեցություն է ունենում: Առաջիկայում էլ նախատեսում են այցելել Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան:

«Ամեն տարիքում էլ կարելի է սովորել, երբեք չի կարելի ասել, թե ինչ կա անելու: Ես այնպիսի բաներ եմ սովորել, որ չգիտեի: Կամ օրինակ շախմատ խաղալը, գրեթե մոռացել էի, այստեղ վերսկսեցի: Իմ հասակակիցներին կոչ եմ անում չալարեն, վեր կենան բազմոցից, գան մեզ մոտ ու տեսնեն, թե ինչ լավ է անցնում: Տունը շատ լավ բան է, թոռնիկներ և այլն, բայց դու պետք է ունենաս քո անձնական հետաքրքրությունները»,- եզրափակում է տիկին Սվետլանան:

Back to top button