Ծովահայեր

Դայվինգ էվոլյուցիա. Մակեդոնացու զանգից մինչև Հայ մատենագրություն և SCUBA. «Ծովահայեր»

Ի՞նչ կա ծովերի խորքում

Օվկիանոսի գաղտնիքների անտեսանելի առեղծվածը մարդկությանը հանգիստ չի տվել անհիշելի ժամանակներից, փորձել են սուզվել ինչպես և ինչով կարողացել են։

Արիստոտելը գրում է, թե ինչպես են հնում սուզվել օդով լցված տարաներով։  

Հին ձեռագրերում ասվում է, թե ինչպես է Ալեքսանդր Մակեդոնացին մ.թ.ա. 340-ականներին սպիտակ զանգով սուզվել ծովի խորքը և օրեր շարունակ այնտեղ մնացել։ Միգուցե օրեր շարունակ ծովի հատակին մնալու փաստը չափազանցված է, բայց սուզորդական զանգը միանգամայն համոզիչ է։ Իր ժամանակի մեծ նվաճողը փառքն անշուք կհամարեր, եթե ծովերի խորքն էլ չնվաճեր։ Ալեքսանդր Մակեդոնացին ուզում էր խորտակված նավերից գանձեր դուրս բերելու մեխանիզմներ մշակել։

Ջրասուզական զանգի մասին պատմող տարբեր աղբյուրներ կան Միջնադարում։ 1531-ին Իտալիայում Գուլիերմո դե Լորենան հեղինակեց ջրասուզական զանգ, ինչն օգտագործում էր Հին հռոմեական խորտակված նավերը վերստեղծելու համար։

Ջրասուզական առավել կատարելագործված զանգ է ստեղծել անգլիացի Էդմունդ Հալլին՝ 1680 թվականին։ 1788 թվականին շոտլանդացի ինժեներ Ջոն Սմիթոնի ստեղծած ջրասուզական զանգն ավելի կատարելագործված էր, այն նույնիսկ օդամղիչով էր։

Հայ մատենագիրների  հիշատակումները

Ջրի խորքերը սուզվողների մասին հիշատակումներ ունեն նաև հայ մատենագիրները։ Նրանք պատմում են, թե ինչպես են սուզվել հայկական լեռնաշխարհում և ինչ տերմիներ են տվել սուզորդներին։

Ջրասուզակ կամ սուզորդ բառը մեր մատենագրության մեջ հիշատակված է «խորէջ» ձևով, ինչի հոմանիշներն են գետասույզը, ծովասուզակը, մխլուճը, սուզակը, ստորէջը և ստորիջակը։

Մովսես Կաղանկատվացին գրում է, որ 851 թվականին Հայոց իշխան Շապուհ Արծրունուն և ևս 1 անձի արաբ իշխողները նահատակել են Եփրատ գետում։ Ասորիների Ջափր եպիսկոպոսը խորէջներ է իջեցրել Եփրատ գետը, նրանց աճյունները գտել ու ամփոփել է եկեղեցում:

XI դարում մտածող Գրիգոր Մագիստրոսն արաբ  Իբրահիմ ամիրային ուղղված իր պատասխան նամակում գրել է. «Եւ արդ ընծայեմ քեզ նպաստ ոչ զնում ի զմատ այն արաբացի և ոչ զմաքրափառն ի թալանայ արտակիտեալ ստորիջացն ի խորս»։ Այստեղ խոսքը ծովերից մարգարիտ հանող ջրասուզակների մասին է։

XII դարում Ներսես Շնորհալին իր հանելուկներից մեկում ջրասուզակին բնութագրել է «մխլուճ» անվամբ.

«Կար փախուցեալ մի խիստ գիտուն,

 Գնաց մխլուճ ի մեջ ծովուն»։  

1914 թ․

Անտիկ շրջանից ի վեր ջրասուզակների կերպարը հետաքրքրել է Օրբելի եղբայրներից ավագին՝ Ռուբեն Օրբելուն, ով համարվում է Խորհրդային Միությունում ստորջրյա հնագիտության առաջամարտիկը։

20-րդ դարը ջրասուզական գործի կամ դայվինգի զարգացման ու նոր հեռանկարների ժամանակաշրջանն էր, ի հայտ եկան կատարելագործված տեխնիկական ջրային թոքեր ու մշակվեցին անվտանգության հստակ կանոններ։ Կիրառության մեջ մտավ «Ակվալանգ» տերմինը, ինչն առավել գործածելի էր Խորհրդային Միությունում։ 

Այժմ աշխարհում առավել կիրառելի տերմինը «Սկուբա»-ն է (SCUBA Self-Contained Underwater Breathing Apparatu) թարգմանաբար՝ «Ինքնակառավարվող ստորջրյա շնչառական ապարատ»։  Տերմինը ստեղծվել և արտոնագրվել է 1952 թվականին, Քրիստիան Ջ. Լամբերցենի կողմից։

Մեր օրերում արդեն 20 000 000-ից ավելի սուզորդներ կան, որոնք սուզորդական որակավորում են ստացել տարբեր միջազգային սուզորդական կազմակերպություններում։ Հայաստանում նույնպես հնարավոր է սուզվել, վերապատրաստվել ու միջազգային հեղինակավոր PADI սուզորդական կազմակերպության վկայական ստանալ։

Հայաստանն արդեն իր տեղն ունի աշխարհի սուզորդական քարտեզում և տարեց տարի ավելի մեծ թվով օտարերկրյա սուզորդնրի է ընդունում։

Back to top button