

Երիտասարդ ճարտարապետ Արսեն Աբրահամյանի հետ գնացել ենք մեր քաղաքի օտարված «կանաչ զարկերակ»-ն ուսումնասիրելու:
Քայլել ենք մոտ 8 կմ Հրազդանի կիրճով, որ ներկայում քաղաքի ներսում է ու կազմում է Երևանի քաղաքային տարածության մասը, սակայն կարծես անցյալում է մնացել ու օտարվել մեր ինքնությունից:
Չիրացված հանրային տարածքի մշակութային, սոցիալական, ամենօրյա կիրառումը անիրական է թվում, այնինչ, եթե կոնդեցիներին հարցնեք, հաստատ կասեն, թե ինչպես են այդտեղ խաղացել, ձուկ բռնել գետում, լողացել և այլն:






Մեր՝ երիտասարդներիս համար, այն լոկ մեծերի հիշողության միջոցով փոխանցվող մի բան է, մեզնից շատ հեռու ու մեր առօրյայի հետ կապ չունեցող:
Կառուցապատումը պատնեշել է կիրճն ու Երևանը, աղտոտվածության մասին խոսելն ավելորդ է, որովհետև ամեն քայլափոխի աղբի կուտակումներ կային՝ չնայած պետք է խոստովանել, որ տեղ-տեղ կարելի էր մեծ աղբամաններ գտնել:




Այժմ գետն այնքան է ճնշվել աղբի կուտակումից, որ այնտեղ լողանալը վտանգավոր է, ձուկ բռնելը՝ ևս: Սկսելով Մանկական երկաթուղու թունելից մենք հասանք եզակի կանաչ գոտի Երևանում՝ Թումանյանի այգին, որ այնքան սիրուն կապող օղակ կարող է դառնալ կիրճի հետ:
Իսկ իրականությունն այն է, որ Հրազդանի կիրճը, չնայելով մեր անփույթ վերաբերմունքին, շարունակում է շնչել՝ արհամարհելով իրեն արհամարհողներին: