Վերնատուն

Երեխայի ցանկացած միտք իրավունք ունի կյանքի կոչվել արվեստի միջոցով․ «Վերնատուն»

Ինչպե՞ս սովորեցնել և ճանաչելի դարձնել արվեստը։ Արվեստի կրթության, դասավանդման խնդիրների, մեթոդների ու սկզբունքների մասին է խոսում Գեղագիտության ազգային կենտրոնի արվեստի պատմության դասավանդող Լիլիթ Ալեքսանյանը։

«Այն, ինչ մենք անում ենք կենտրոնում, հիմնված է ինտերակտիվի վրա, այսինքն՝ երեխան ակտիվ մասնակցություն ունի դասավանդման պրոցեսին։ Եվ շատ կարևոր է արվեստը կապել կյանքի հետ, սովորեցնել մտածել, որպեսզի նա ինքնուրույն գնահատի իր տեսածն ու զգացածը, իր տեսածն ընկալի իր անհատական պրիզմայով ու ընդհանուրի մեջ», – ասում է Լիլիթ Ալեքսանյանը։

Նշում է, որ արվեստը մեր օրերում ոչ թե պետք է որպես վերացական մի բան ներկայացնել, այլ կյանքին համահունչ ընթացող երևույթ, և հենց այդպես էլ այն պիտի ընկալի երեխան։ Արվեստի պատմությունը ներկայացնելիս կարևորում է ժամանակաշրջանը․ «Պիտի բացահայտես, թե ինչու հենց այդ ժամանակ ստեղծվեց հենց այդ տիպի արվեստը, ինչով է պայմանավորված արվեստի հենց այդ տեսակը», – ասում է նա։

Սովորո՞ւմ են երեխաները՝ ինչն է արվեստ և ինչը՝ ոչ։ Լիլիթ Ալեքսանյանը պատասխանում է, որ արվեստում կարևոր է մտածողության ու գաղափարի տարրը։

«Արվեստի գործի մեջ և՛ միտք պիտի լինի, և՛ գաղափար, և՛ հույզ, այդ դեպքում դու կհասկանաս արվե՞ստ է դա, թե ոչ»։

Գեղագիտության ազգային կենտրոնն անցյալ տարի համագործակցության ծրագիր ունեցավ Շվեյցարիայի «Պաուլ Կլեե» կենտրոնի հետ, արդյունքում կենտրոնի մասնագետներից մեկը մեկամսյա ծրագիր իրականացրեց Երևանում և մարզերում։ Լիլիթ Ալեքսանյանը շատ է կարևորում այդ հանդիպումը․

«Մասնագետը Պաուլ Կլեեի մեթոդներով էր առաջնորդվում, որի հիմնական բաղադրիչը՝ ստեղծագործել խաղի միջոցով։ Իրենց կենտրոնում երեխաներն ավելի «երես առած» են, և նրանց մեթոդների էությունն այն էր, որ երեխաներին պետք է ազատ թողնել, չպետք է ասել «սխալ ես» կամ՝ «ճիշտ ես», այլ թողնել որ երեխան դրսևորվի, ոչ մի պարագայում գնահատականներ կամ որակումներ չտալ երեխայի աշխատանքին, այլ միայն ոգևորել և խրախուսել։ Ստեղծագործական պրոցեսը ընկալել որպես խաղ։ Մեզանում ուշադրությունն ավելի շատ կատարողականի վրա է` գիծը, գույնը և այլն, այստեղ՝ շարժումներդ ազատ են։ Երեխան պիտի հասկանա, որ իր ցանկացած միտք գոյություն ունենալու իրավունք ունի և կարող է այն իրականացնել նկարչության, արվեստի մեջ», – ասում է Լիլիթ Ալեքսանյանը։

Back to top button