ԿարևորՔաղաքական

Ռազմական գիտելիքներով, բայց ոչ զինված․ ի՞նչ գործառույթներ կունենա ԵՄ առաքելությունը

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներգրավված կլինեն նաև գերմանացի 15 ոստիկաններ. առաքելությունն իր գործունեությունը կսկսի երկուշաբթի` փետրվարի 20-ին, տեղեկացնում է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը։ Առաքելության կազմում Դաշնային կառավարությունն առաջարկում է նաև քաղաքացիական փորձագետներ ուղարկել: Ընդհանուր առմամբ, ԵՄ առաքելության կազմում ընդգրկված կլինի մոտ 100 դիտորդ: Առաքելությունը կգլխավորի Գերմանիայի դաշնային ոստիկանության սպա: Դիտորդները Հայաստանում կլինեն երկու տարով։ Նրանք հրադադարի ռեժիմն են դիտարկելու և, ըստ պաշտոնական ձևակերպման, աջակցելու են Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը և նվազեցնելու են ռիսկերը տեղում ապրող բնակչության համար: Վաղն էլ Հայաստան են ժամանում ԵԽԽՎ համազեկուցողները, նրանք կլինեն  Ջերմուկում, Գորիսում և Վարդենիսում։

Փետրվարի 20-ին Հայաստան կժամանեն ԵՄ դիտորդները։ Մոտ մեկ շաբաթ առաջ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն հայտարարեց, որ աջակցում է ԵՄ նոր՝ ավելի լայն շրջանակներով օժտված առաքելության ներկայությանը Հայաստանում և ուրախ է, որ Ֆրանսիան առաքելությանը տրամադրելու է ութ ժանդարմ։

Երեկ էլ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրեյտն է հայտարարել, որ հայ-ադրբեջանական սահմանը դիտարկելու են նաև Գերմանիայից ժամանած 15 ոստիկաններ։

ԵՄ դիտորդական առաքելության կազմում ոստիկանների ներկայությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Այդ հարցը, մասնավորապես, նախորդ շաբաթ շտապեց մեկնաբանել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։

«Այդ առաքելության՝ հնարավոր ռազմական բաղադրիչներով որոշակի ներկայության վերածվելու հավանականությունը, ինչպես նաև հավանականությունը, որ առաքելությունը կսկսի աչքը գցել Ղարաբաղի տարածքին, ինչը կլինի նրա մանդատի խախտում, ստիպում է ասել, որ ռիսկեր կան»,- նշել էր ռուս դիվանագետը։

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  հստակեցրեց, որ ԵՄ երկրներից ոստիկանների ներկայությունը դեռևս չի նշանակում զինված ներկայություն․

«Սա չի նշանակում, որ առաքելությունը լինելու է զինված, չի էլ կարող լինել զինված, քանի որ ԵՄ նման մանդատ իրենց չի տվել։ ԵՄ նախարարների խորհուրդը, որ ուղարկում է իրենց այստեղ, հստակ նշել է, որ սա քաղաքացիական դիտորդական առաքելություն է , հետևաբար այնտեղ զինված մարդ չի կարող լինել։ Իսկ որոշակի ռազմական գիտելիքներ ունեցող մարդկանց ներկայությունը, իհարկե, անհրաժեշտ է, որպեսզի իրենք էլ տեղում հասկանան իրավիճակը, հասկանան՝ ինչ է դիրքը, խրամատը, պաշտպանական գիծը։ Տարբեր փորձառությամբ մարդիկ կարող են լինել, նախկին զինվորական ծառայողներ կարող են լինել, ոստիկանական ծառայություն անցած մարդիկ, բժիշկներ կարող են լինել, դիվանագետներ կարող են լինել»։

Տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց ներկայությունը ԵՄ դիտորդների խմբում չի փոխելու առաքելության  քաղաքացիական բնույթը, քանի որ նրանք զենք կրելու իրավունք չեն ունենալու, պարզաբանեց  Արման Եղոյանը։

«Ռադիոլուրն» այս թեմայով զրուցեց նաև քաղաքագետ  Հրանտ Միքայելյանի հետ․  

«Այդ առաքելությունն ինքնին ռազմական է և լուծում է անվտանգության խնդիրներ, բայց լուծում է ոչ ռազմական մեթոդներով։ Եվ այդ դիտորդները զինված չեն, ռազմական մեթոդների դիմել չեն կարող, բայց նրանց մեծ մասը պետք է լինի անվտանգության հետ կապ ունեցող։ Իրենք չունեն ռազմական կամ այլ հակազդեցության մեթոդներ։ Նրանք դիտորդներ են և իրենց խնդիրն է դիտարկել իրավիճակը և հետո արդեն իրենց դիտորդության արդյունքները ներկայացնել այն կողմին, որը իրենց այդտեղ ուղարկել է»։

Եվրոպական տարբեր երկրներ ներկայացնող դիտորդների ընդհանուր թիվը 100 է։ Նրանք Հայաստանում կլինեն երկու տարի։  

«Նոր առաքելությունն անհրաժեշտ է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ», — անդրադառնալով իր երկրի մասնակցությանը, ասել է Գերմանիայի կառավարության խոսնակը։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը բացատրում է, որ եթե անգամ ագրեսիա իրականացվի ՀՀ նկատմամբ, ԵՄ դիտորդները կտեղակայվեն ավելի հեռվում ու կարձանագրեն վիճակը։ Եթե անգամ հարձակում լինի հենց դիտորդների վրա, անգամ այդ դեպքում նրանք չեն կարող զենք կիրառել և պետք է ամեն կերպ խուսափեն բախումից։

Փետրվարի 20-ին, երբ Հայաստան կժամանեն Եմ դիտորդները, Հայաստանում կլինեն նաև ԵԽԽՎ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից։ Նրանք մեր երկրում կլինեն փետրվարի 17-20-ը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք կլինեն Հայաստանի սահմանամերձ այն բնակավայրերում, ուր հակառակորդը ներխուժել կամ ներխուժման փորձ է կատարել։ Համազեկուցողները, մասնավորապես, կայցելեն Ջերմուկ, Գորիս և Վարդենիս, կհանդիպեն  տեղական իշխանության ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջաի ագրեսիվ գործողությունների թեմայով ԵԽԽՎ-ում բավականին բուռն քննարկումներ եղան։ Հունվարի 26-ին Լաչինի միջանցքի շրջափակման հարցով քննարկման ժամանակ Բաքվի հասցեին բավականին կոշտ ձևակերպումներ հնչեցին: Խորհրդարանը Ադրբեջանի իշխանություններից պահանջեց անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը:

Եվրոպական խորհրդարանը նաև բանաձև ընդունեց ընդդեմ Ադրբեջանի ապօրինի գործողությունների։ Եվրապատգամավորները կոչ արեցին  անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքը Հայաստանի տարածքից։ Այդուհանդերձ, այդ բանաձևը որևէ ազդեցություն չունեցավ Բաքվի վրա։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև Եվրոխորհրդարանի ընդունած բանաձևին․ «Այս պահի դրությամբ պատժամիջոցները Ադրբեջանի դեմ որքան հասկացանք բացառվում են, մնում է այս պահի դրությամբ հռետորական ակտիվություն, որը առաջին քայլ է հարաբերությունների սրում։ Այս պահի դրությամբ դա դեռ Ադրբեջանին մեսիջ է, որ ԵԽ չի ուզում, որ Ադրբեջանի ագրեսիան շարունակվի, բայց չի ուզում զուտ ցանկության մակարդակով, դեռ պատրաստ չի սուր, կամ ուժեղ քայլերի»։

ԵԽԽՎ համազեկուցողների և ԵՄ դիտորդների այցը Հայաստան քաղաքագետ Արա Պողոսյանը բացատրում է մեր տարածաշրջանում եվրոպական ակտիվությամբ ու հետաքրքրվածությամբ․

«Մենք տեսնում ենք եվրոպական առաքելությունների ակտիվացում, որը նպատակ ունի առնվազն ՀՀ միջոցով որոշակի ազդեցություն ստեղծել ոչ միայն տարածաշրջանում, այլև Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Մյուս կողմից սա կապված է ՌԴ դիրքորոշման հետ, որը վերջին շրջանում փափուկ դիվանագիտական լեզվից փորձում է անցում կատարել ավելի կոշտ դիվանագիտական լեզվի»։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների ֆոնին քաղաքագետը որոշակի աշխուժացում է կանխատեսում մեր տարածաշրջանում։ Ըստ նրա՝ կմեծանա մրցակցությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև, հատկապես այն հարցում, թե որ պլատֆորմում է հաջողելու բանակցությունների որոշակի փուլի հասցնել գործընթացը։

Back to top button