Երաժշտական եռանկյունի

Միքայել Աբազյան․ հայկական ռոք անդերգրաունդի վկան․ «Երաժշտական եռանկյունի»

Համաշխարհային երաժշտության մեջ գոյություն ունի անդերգրաունդ հասկացությունը, բառացիորեն այն նշանակում է նկուղ:

Դեռևս 60-ականներին ձևավորված շարժում, որն ի տարբերություն զանգվածային փոփ և ռոք մշակույթի, ձևավորեց սեփական գեղագիտական ալգորիթմը և զարգանում էր զուգահեռ առաջիններին:

Բազմաթիվ աշխարհահռչակ խմբեր անցել են «նկուղային» շրջանով՝ «Բիթլզից» մինչև «Փինք ֆլոյդ», հիմնականում համալսարանական համայնքները Եվրոպայում այն միջավայրն էին, ուր առավել պահանջված էր այդ երաժշտության ըմբոստ և համարձակ երաժիշտների ստեղծագործությունը:

Առհասարակ ստեղծարարությունը, ուրույն հայացքը և սեփական երաժշտական տեսլականը, որը կտարբերվի ընդհանուր ճաշակից և պահանջարկից՝ անդերգրաունդին հատուկ առանձնահատկություններն են:

Հայկական ռոք շարժումը նույնպես ծնունդ առավ ուսանողական միջավայրում, դեռևս 60-ականներին այն ձևավորվեց և հիմնականում պահանջված էր հենց առաջադեմ ուսանողության միջավայրում:

Չնայած ուղղակի զուգահեռներ անցկացնել Եվրոպական կամ ամերիկյան անդերգրաունդի հետ չի կարելի մի շարք պատճառներով:

Միքայել Աբազյանը դեռևս իր պատանեկությունից հետաքրքրված էր ալտերնատիվ երաժշտությամբ՝ «Ջենեզիս», «Քինգ Քրիմբսոն», և հատկապես «Վանդերգրաաֆ ջեներեյտոր» խմբերի ստեղծագործություններով:

Հատկապես վերջինիս միջազգային ֆան ակումբի անդամակցությունը բնորոշում է Միքայելի ստեղծարարությունը մինչ օրս:

«Վանդերգրաաֆ ջեներեյտորը» իմ կյանքում հսկայական դերակատարություն ունի ոչ միայն այն պատճառով, որ և՛ բովանդակության, և՛ երաժշտական ձևի առումով շատ հոգեհարազատ է: Ես, լինելով այդ խմբի երկրպագուների համայնքի անդամ, ոչ մի համերգ բաց չեմ թողնում: Հետևելով նրանց համաշխարհային տուրերին և ամենակարևորը՝ ինքս կատարելով այդ խմբի ստեղծագործությունները՝ տրիբյուտները, հասա նրան, որ անձնապես ծանոթացա երաժիշտների հետ և մեր ընկերությունը տարիների պատմություն ունի»,- ասում է Միքայել Աբազյանը:

Այսօր Միքայելը հանդես է գալիս ոչ միայն որպես երգիչ, դաշնակահար, բասկիթառահար և ստեղծագործող, այլ նաև իր ստեղծագործական ձիրքը դրսևորում է գրականության ոլորտում, նաև փայլուն թարգմանիչ է: Նրա հետ զրույցի ընթացքում մենք փորձեցինք վերլուծել հայկական անդերգրաունդի ընթացքը վերջին 40 տարիներին՝ հատկապես սկսած այն շրջանից, երբ նա նվագում էր բաս կիթառ 80-ականներին հայտնի «Բրիզ» խմբում:

Երաժիշտը ցավով փաստում է, որ ի տարբերություն արևմտյան անդերգրաունդի՝ հայկականը հարուստ չէ ձայնագրություններով, որովհետև խմբերը հաճախ հնարավորություն չունեին վարձակալելու ստուդիաներ, իսկ համերգի ձայնագրություններն արվում էին չափազանց ցածր տեխնիկական մակարդակով, և եթե որևէ երաժշտագետ փորձի անդրադառնալ այդ թեմային, նրա ցանկությունը կձախողվի միայն նյութի պակասության պատճառով:

Այնուամենայնիվ ինքը՝ երաժիշտը, հավատարիմ է սեփական նախընտրություններին և մշտական ստեղծագործական ընթացքի մեջ է, բազմաթիվ ալբոմներ է հրատարակել և աշխատում է նոր ստեղծագործությունների ձայնագրությունների վրա: Այն հանգամանքը, որ նա մի ուղղության ներկայացուցիչ է, որը հակադրվելով զանգվածային երաժշտությանը՝ գրեթե անհայտ է հայրենիքում, նրան չի վանում, քանի որ միջազգային համայնքը, որի անդամ է նա, ճանաչում և բարձր է գնահատում իր և իր գործընկեր երաժիշտների տարիների աշխատանքը:
Հաղորդման ընթացքում հնչում են Միքայել Աբազյանի «Վանդերգրաաֆ ջեներեյտոր» վերջին տրիբյուտային ալբոմի ձայնագրությունները:

Back to top button