Ծովահայեր

Մեկ շնչով հասնել 70 մետր խորության՝ Սևանա լճում Օլգա Դավիդովա. «Ծովահայեր»

Աշխարհում նոր խորություններ նվաճող ու մարդկային օրգանիզմի հնարավորությունները բացահայտող մարզաձևում հնարավոր է աշխարհի ռեկորդ սահմանել նաև Հայաստանում։

Ֆրիդայվինգի աշխարհի բազմակի ռեկորդակիր Օլգա Դավիդովան 2020-ին մեկ շնչով 70 մետր սուզվեց Սևանում։ Նա առաջինն է ու դեռևս միակը, ով կարողացել է միալաստով նվաճել Սևանի խորքերը։ Օլգան երազում է, որ Սևանա լճում միջազգային մրցումներ կազմակերպվեն և աշխարհի նոր ռեկորդը սահմանի հայ մարզիկ։

Այժմ նա մարզումներ է անցկացնում լողավազանում, իսկ ամռան ամիսներին մարզումները կշարունակվեն Սևանում։  

Օլգա Դավիդովա

-Օլգա ի՞նչ է ձեզ համար ֆրիդայվինգը, ե՞րբ ծանոթացաք այդ հրաշալի մարզաձևի հետ և ինչպե՞ս սկսեցիք մարզումները։

  • Ինձ համար ֆրիդայվինգը գրեթե ամեն ինչ է։ Սկսել եմ մարզվել 2010-ին։ Սկզբում հոբբի էր, հետո դարձավ իմ մասնագիտությունը։ 2013-ին դարձա ֆրիդայվինգի հրահանգիչ։ Ավելի ուշ՝ 2019-ին, զբաղվեցի սպորտային ֆրիդայվինգով, սկսեցի համառորեն մարզվել և տարբեր մրցումների մասնակցել, այդ թվում միջազգային մրցաշարերի։

-Պատմեք ֆրիդայվինգի մասին ձեր առաջին տպավորություններից, ե՞րբ տեսաք, որ ոչ թե լողում, այլ՝ կարծես թե ճախրում են ջրում։

  • Ֆրիդայվինգի մասին առաջին անգամ իմացա Լյուկ Բեսսոնի «Կապույտ անդունդ» ֆիլմից։ Խորապես տպավորվեցի, բայց այդ ժամանակ մտածում էի, որ անհավանական և անիրական ինչ-որ բան է, ու ես երբեք չեմ կարողանա անել դա։ Ֆրիդայվինգով զբաղվելու միտքը հնարավոր դարձավ միայն 10 տարի հետո, երբ Դահաբում՝ Կարմիր ծովում տեսա, թե ինչպես են ֆրիդայվերներն իրականում պարապմունքներ անցկացնում։ Այդ վայրը ֆրիդայվերների, այսպես ասած, Մեկկան է, որտեղ գալիս են աշխարհի տարբեր կողմերից։ Այդտեղ հայտնվելով՝ տեսա, թե ինչպես են մարդիկ միալաստով խորություններ սուզվում և դա բավական էր։ Անմիջապես սկսեցի մարզիչ փնտրել ինձ համար։ Այդ ժամանակ որդիս 3 ամսական էր, չէի կարող ավելի շատ ժամանակ տրամադրել մարզումներին։ Որդուս մեծանալու հետ մեկտեղ կարողանում էի ավելի շատ ժամանակ հատկացնել ֆրիդայվինգին, Խատխա յոգային և աստիճանաբար այն դարձավ իմ մասնագիտությունը։
Լուսանկարը՝ Օլգա Դավիդովայի էջից

-Պարտադի՞ր է խատխա յոգան ֆրիդայվինգ սովորելիս։

  • Կասեի՝ ոչ, բայց մեծամասամբ անհատից է կախված։ Եթե բավականին հավասարակշռված հոգեբանություն և ինքնատիրապետում ունեն, այդ դեպքում կարող ենք ասել, այո, խատխա յոգան պարտադիր չէ։ Մեծամասամբ յոգան օգնում է մարդկանց ավելի լավ զգալ և տիրապետել սեփական մարմինը, շնչառությունը, շարժումները։

-Ի՞նչ փոխեց ֆրիդայվինգը ձեր կյանքում։

  • Կարծում եմ՝ ամեն ինչ, և՛ կենսակերպս, և՛ մասնագիտությունս, և՛ աշխատանքս։  Մինչև ֆրիդայվինգը, ես գիտությամբ էի զբաղվում, գիտական հետազոտություններ էի կատարում մոլեկուլային կենսաբանության բնագավառում։ Շատ էի սիրում իմ մասնագիտությունը, սակայն հետո հասկացա, որ ուզում եմ կենսակերպս ավելի մոտենա բնությանը և բնության հետ կապը լինի ոչ միայն ռացիոնալ բանականության, նաև զգացականի զարգացման մակարդակում, իսկ ֆրիդայվինգն այդ ամենը տալիս է։

-Ինչպիսի՞ ծովերում եք սուզվել։

  • Սուզվել եմ Սև, Կարմիր, Սպիտակ, Միջերկրական ծովերում, Խաղաղ, Ատլանտյան օվկիանոսներում․ այս պահին այսքանն եմ հիշում։ Ամենաշատը Կարմիր ծովն եմ սիրում և որքան էլ տարօրինակ թվա՝ Սև ծովը, ինչն այդքան էլ հարմար չէ ֆրիդայվինգով զբաղվելու համար, իմ կյանքի առաջին ծովն է։

-Կա՞ն առողջական խնդիրներ, որոնց դեպքում հակացուցված է ֆրիդայվինգը։

  • Այո կան հակացուցումներ. զարկերակային հիպերտոնիայի, սրտի իշեմիկ հիվանդությունների, սրտանոթային համակարգի խնդիրների, ինչպես նաև շիզոֆրենիայի դեպքում հակացուցված է ֆրիդայվինգը։ Իսկ ընդհանրապես, եթե մարդ նույնիսկ այդքան էլ քաջ առողջություն չունի և հիվանդությունները պատալոգիայի չեն հասնում, կարող է զբաղվել ֆրիդայվինգով։ Ֆրիդայվինգը հենց նպաստում է առողջության բարելավմանը։ Շատ դրական է ազդում հատկապես սրտանոթային խնդիրներ ունեցողների առողջության վրա։ Ֆրիդայվինգը հրաշալի մարզում է անոթները, ուղեղի հիպոքսիկ կայունությունը և դրական ազդեցություն է ունենում մի շարք խնդիրների դեպքում։

-Կա տեսակետ, որ ֆրիդայվինգն օգնում է պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։

  • Միանշանակ, եթե խոսում ենք ոչ թե ֆրիդայվինգ մարզաձևի, այլ ֆիտնեսի մասին, ապա հիմա այն դիտարկում են որպես «биохакинг»-ի ինքնատիպ ձև, այսինքն՝ առողջության ու երիտասարդության պահպանման մեթոդ։ 
Լուսանկարը՝ Օլգա Դավիդովայի էջից

-Ինչպիսի՞ մրցակարգեր կան սպորտային ֆրիդայվինգում։

  • Հիմնականում 8 մրցաձևեր կան, կարելի է տարանջատել փակ՝ լողավազանային և բաց մրցաձևեր, որոնք կազմակերպվում են ծովերում և օվկիանոսներում։ Լողավազանում կոչվում է «ստատիկ ապնոե», երբ մարզիկը դեմքով ընկղմվելով ջուրը աշխատում է հնարավորինս երկար պահել շնչառությունը՝ գտնվելով միանգամայն հանգիստ վիճակում։ Լողավազանում մնացած մրցակարգերը կոչվում են «դինամիկ ապնոե», մարզիկը երկարություն է լողում՝ սուզված, մեկ շնչով։ Կան տարբեր ձևեր․ սուզում առանց լաստերի, սուզում դասական լաստերով և միալաստով, ընդհանուր՝ 4 ուղղություն։ Բաց ջրում նույնպես կա 4 մրցաձև, սուզում պարանով, երբ մարզիկը սուզվում է միայն ձեռքերով ձգելով ուղղաձիգ պարանը, այս ձևի համար նույնիսկ պարտադիր չէ լողալ իմանալ։ Հաջորդ մրցաձևը խորության հաղթահարումն է. սուզվելով առանց լաստերի, սա կարելի է ասել ամենադժվարն է ֆրիդայվինգի մրցումներում։ Խորության հաղթահարման մյուս մրցումները դասական լաստերով և միալաստով սուզումներն են։

-Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք գալ Հայաստան ու այս հրաշալի մարզաձևը հասանելի դարձնել մեզ։

  • Ինձ Հայաստան հրավիրեց «Արմդայվինգ» սուզորդական ընկերությունը՝ 2018-ին, որ ֆրիդայվինգի առաջին կուրս անցկացնեինք և՛ Երևանում՝ լողավազանում, և՛ բաց մարզումներ՝ Սևանա լճում։ Դա իմ առաջին այցն էր Հայաստան, և ես սիրահարվեցի այս երկրին։ Ինձ շատ ջերմ ընդունեցին, ես երկու կուրս պարապեցի, հետո սկսեցի պարբերաբար գալ և պարապմունքներ անցկացնել։ Հիմնական խնդիրը Հայաստանում ուսման կազմակերպումն ու թեկնածուների հավաքագրումն էր, որոնք հետագայում կկարողանային առաջընթաց գրանցել և դառնալ մարզիչներ, որ Հայաստանն ունենար սեփական մարզիչները։ Կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց։

-Հայաստանում ֆրիդայվինգի զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ կան։

  • Կարծում եմ՝ շատ մեծ։ Տվյալ պահին կարելի է ասել, որ ֆրիդայվինգի մասին այստեղ գործնականում չգիտեն, Հայաստանը զիջում է այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին, որտեղից ես եկել եմ։ Բայց կարծում եմ, որ կամաց-կամաց այն կդառնա ավելի տարածված զբաղմունք, քանի որ Երևանում կան հրաշալի լողավազաններ, որտեղ կարելի է պարապել և զարգացնել ֆրիդայվինգը։ Թեկուզ և Հայաստանը չունի ծով, բայց ունի հրաշալի Սևանա լիճը։ Չնայած, որ Սևանում պարապմունքները կարող են լինել միայն սեզոնային՝ հունիսից սեպտեմբեր, ջրի ջերմաստիճանն այնքան հաճելի է, որ նույնիսկ սկսնակները  կարող են Սևանում մարզվել և խորություններ հաղթահարել։

-Սուզորդներն ասում են, որ Սևանում սուզվելը բնավ էլ հեշտ չէ, քանի որ այն բարձրլեռնային է, քաղցրահամ, ջուրը սառն է։ Դուք մինչև 70 մետր խորություն եք սուզվել Սևանում, ինչը առաջին անգամն է մեր պատմության մեջ և ռեկորդ է, չնայած պաշտոնապես չգրանցված։  Ինչպե՞ս ձեզ հաջողվեց։

  • Դա հեշտ չէր, ես երկար եմ մարզվել։ Սևանը ծովի մակերևույթից մոտ 2 կմ բարձրության վրա է գտնվում, ավելանում է նաև բարձրլեռնային հիպոքսիան և կրճատվում է շունչը պահելու տևողությունը։ Այստեղ գլխավոր գործոնը ոչ թե ջրի ջերմաստիճանն է, ինչը ներքևում 5 աստիճան է, այլ բարձրությունը, ինչը թթվածնային քաղց է առաջացնում։ Այսպիսի պայմաններում սուզվելու համար լավ կլիմայավարժեցում է հարկավոր։ Ես ողջ ամառ Սևանում եմ մնացել, կուրսեր եմ անցկացրել, աստիճանաբար վարժվել կլիմային և 2 ամիս Սևանա լճի ափին ապրելուց հետո ինձ մոտ ամեն ինչ ստացվեց։ Իհարկե, եթե մարդիկ հարթավայրից են գալիս, նրանց համար դժվար է, ժամանակ է հարկավոր, որ օրգանիզմը հարմարվի թթվածնի նոսրությանը։    

-Ձեր կարծիքով, Հայաստանում հնարավո՞ր է ֆրիդայվինգի միջազգային մրցումներ կազմակերպել և աշխարհի ռեկորդ սահմանել։

  • Միջազգային մրցումներ կազմակերպելը Սևանում դժվար է, բայց հնարավոր։ Դժվարությունը կայանում է նրանում, որ սեզոնը շատ կարճ է տևում, օգոստոսի կեսից մինչև սեպտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածն է հարմար մրցումներ կազմակերպելու համար։ Դա այն ժամանակահատվածն է, երբ լճի մակերեսին ջուրը տաքանում է, դա մրցաշարի անվտանգության պայմաններից մեկն է։ Տվյալ պահին մենք ամեն ինչ արել ենք, որ ունենանք տեխնիկապես կահավորված բազա՝ անվտանգության բոլոր կանոններով ու համակարգերով, որ կարողանանք Սևանում միջազգային մրցումներ անցկացնել։

Սևանում՝ «Արմդայվինգ»-ի ափից մոտ 200 մետր դեպի լիճ, կառուցված է հակակշռման համակարգով հատուկ հարթակ, ֆրիդայվերերի համար դա անվտանգության ապահովման առաջին նախապայմանն է՝ բոլոր խորջրյա սուզումների դեպքում։ Սուզորդական կենտրոնը նույնպես կահավորված է և պատրաստ հյուրեր ընդունելու ու միջազգային մրցումներ անցկացնելու։ Այս պահին ամենամեծը կազմակերպչական խնդիրն է, քանի որ նման բնակլիմայական պայմաններում շատ քչերն են մրցումներ կազմակերպել։

Առաջին խորջրյա մրցումները բարձրլեռնային լճում անցկացվել է Ռուսաստանում, «Ծերիկ գյոլ» կոչվող կապուտակ լճում՝ 2021-ին։ Այնտեղ առաջին անգամ Ռուսաստանի առաջնություն անցկացվեց այն բանից հետո, երբ 2020-ին ես աշխարհի ռեկորդ սահմանեցի և մենք մեխանիզմներ մշակեցինք՝ ցույց տալով, որ նույնիսկ սառը ջրում կարելի է ֆրիդայվինգ անել։

Ծովերի համեմատությամբ լճերն ունեն իրենց առավելությունները. դա ստորջրյա հոսանքների բացակայությունն է։ Սևանն այս տեսանկյունից անվտանգ է։ Իսկ ինչ վերաբերում է աշխարհի ռեկորդ սահմանելուն, ասեմ, որ մենք այդ մասին մտածել ենք, հրաշալի գաղափար է։ Տարբերություններ կան աղի և մաքուր ջրերում սուզվելու, CMAS (Սիմաս) միջազգային կազմակերպությունն առանձնացրել է մաքուր և աղի ջրերում սուզվելու մրցակարգերը։

Մրցումները մեծամասամբ ծովերում՝ աղի և տաք ջրերում են անցկացվում, որտեղ ավելի դյուրին է։ Մաքուր ջրում ավելի սակավաթիվ մարզիկներ են սուզվում, քանի որ այն ունի իր առանձնահատկությունները։

Մաքուր ջրում անկման արագությունը ավելի ցածր է, ջուրը շատ սառն է։ Բայց այնուամենայնիվ, կան մարդիկ որոնք ռեկորդներ են սահմանում լճերում, քաղցրահամ ջրերում։ Նման մրցումներ հաճախակի են անցկացվում արևադարձային տաք լճերում, Մեկսիկական սենոտներում,  որտեղ ջրի ջերմաստիճանը 27-28 է և սուզորդները կարող են բարակ հիդրոկոստյումով սուզվել և հարկավոր չէ ավելորդ ծանրոցներ վերցնել։

Այս ամենը հաշվի առնելով՝ մեր օրերում ավելի քիչ են ռեկորդները լեռնային քաղցրահամ ջրերում։ Որքան հիշում եմ, քաղցրահամ ջրերում կանանց առավելագույն ռեկորդը եղել է 75 մետրը, մշտական ծանրոցով, մոնոլաստով։

Սևանի խորությունը 81-82 մետր է, երբ մենք ֆրիդայվինգի մրցման խորություն ենք սահմանում, անվտանգության կանոններից ելնելով անհրաժեշտ է, որ մինչև հատակը մի 3 մետր տարածություն մնա։ Սա այն տարածությունն է, որտեղ մենք ֆրիդայվերի նշանակետի անվտանգության համակարգը և կամերաներ կտեղադրենք։

Այսպիսով՝ Սևանում կարող ենք 77-78 մետր անվտանգ խորություն ապահովել և աշխարհի ռեկորդներ սահմանել։ Դա շատ դժվար մրցապայքար կլինի, բայց ես ուզում եմ, որ այդ ռեկորդակիրը հայ լինի։  

Back to top button