Մոռացված ֆիլմերի ստվերները

Լաերտ Վաղարշյանի՝ փառքի և սիրո տրուբադուր ֆիլմերը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Լաերտ Վաղարշյանի «Կոչված են ապրելու» և «Այսօր արևոտ օր է» ֆիլմերի առաջին ցուցադրությունները հանդիսատեսը ողջունեց։ Սակայն դրանք դիտելու նոր հնարավորություն այլևս չտրվեց։ Ֆիլմերը ծածկվեցին լռության շղարշով։ Այդ գորշ լռությունը տարիներ շարունակ ապրեց Լաերտ Վաղարշյանի հետ:

Լաերտ Վաղարշյան

Անցյալ դարի 50-ականների առաջին կեսին կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանը նախաձեռնեց «Այսօր արևոտ օր է» վավերագրական ֆիլմի նկարահանումները։ Ֆրանսիայի դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի և նրա ղեկավարած ինտերնացիոնալ խմբի մարտիկների մասին պատմող կինոնկարի բախտը հենց սկզբից կապվեց միջազգային-քաղաքական անցուդարձի հետ:

Միսաք Մանուշյան

Ֆիլմի նկարահանման գաղափարը Լաերտ Վաղարշյանի մոտ ծնվեց «23-ի փառքի էջերը» գիրքն ընթերցելու ժամանակ։ Այդ գիրքը, որ հրատարակվել էր 1951 թվականին՝ Փարիզում, ամփոփում էր Միսաք Մանուշյանի ղեկավարությամբ Ֆրանսիայի ազատության համար մարտնչող խմբի անդամների հրաժեշտի նամակները։

Խիզախ մարտիկների զոհվելուց տարիներ անց հրատարակված այդ գիրքը գրավել էր «Հայֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր Հակոբ Սալախյանի ուշադրությունը։ Լաերտ Վաղարշյանի հետ մի զրույցի ընթացքում նա է ռեժիսորին առաջարկել կարդալ գիրքը՝ հետագայում այն ֆիլմի վերածելու մտադրությամբ։ Կինոռեժիսորի դուստրը՝ Մարինա Վաղարշյանը պատմում է, որ մանուշյանցիների նամակներն իրենց մարդկային-քաղաքացիական խիզախությամբ ցնցել էին Լաերտ Վաղարշյանին։

Մարինա Վաղարշյան

«Միսաք Մանուշյանը մարդկային բարձր ու վեհ առաքինությամբ օժտված երիտասարդ էր: Նա հայ էր իր արյան յուրաքանչյուր բջիջով, անցյալով և ներկայով, բայց ամենից առաջ նա ազատության մարտիկ էր: Հենց այդ կերպարն էլ հավերժացնելու համար հայրս նկարահանեց «Արևոտ օր է,» վավերագրական ֆիլմը,»-պատմում է Մարինա Վաղարշյանը:

Կինոգետ Սիրանույշ Գալստյանը նշում է, որ Լաերտ Վաղարշյանը վավերագրական այս ֆիլմը նկարահանելիս ցանկանում էր մոռացությունից փրկել և հետագա սերունդներին պատմել իր ժողովրդի հերոս զավակների մասին:

Սիրանույշ Գալստյան

«Այս ֆիլմում զարմանալի խորաթափանցությամբ պատմական իրողությունների, աշխարհաքաղաքական և մարդկային լայն ընդգրկմամբ ճշգրիտ դիտարկումներ կան։ Ինչը էլ ավելի արժեքավոր է դարձնում ֆիլմը»,-ասում է Սիրանույշ Գալստյանը։

Կինոնկարի մոնտաժային աշխատանքների մեծ մասը կատարվեց Մոսկվայում։ Ավարտից հետո՝ 1975 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց եղեռնի 60-րդ տարելիցի օրը, «Այսօր արևոտ օր է» վավերագրական ֆիլմը հանձնվեց հայ հանդիսատեսին։ Մարինա Վաղարշյանը նշում է, որ ֆիլմն ընդունվեց ոգևորությամբ, բայց ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների մեկ-երկու միջոցառումների ժամանակ ցուցադրվելուց հետո այն այլևս չերևաց էկրաններին:

«Այսօր արևոտ օր է» վավերագրական ֆիլմի անհաջողությունը միակը չէր կինոռեժիսորի կյանքում։ Այս ժապավենից շուրջ մեկ տասնամյակ առաջ Լաերտ Վաղարշյանը գեղարվեստական մի ֆիլմ էր նկարահանել Եղեռնից փրկված երկու եղբայրների, ռուս աղջկա ու գերմանացի սպայի ողբերգական սիրո պատմութան մասին:

Իրական պատմության հիման վրա ստեղծված «Կոչված են ապրելու» ֆիլմն էկրան բարձրանալուց հետո մեծ աշխուժություն էր առաջացրել հայ հասարակության մեջ:

Դերասանական կազմում ընդգրկված էին այն տարիների ճանաչված հայ և ռուս արտիստներ։ Փորձառու դերասանների կողքին ֆիլմում խաղում էին նաև երկու երեխաներ։ Նրանցից մեկի՝ չորսամյա Մաշայի դերը մարմնավորում էր Արշալույս Բադալյանը։ Ֆիլմի նկարահանումից գրեթե վեց տասնամյակ անց Հանրային ռադիոյի տաղավարում առաջին անգամ հանդիպեցին Մաշայի դերակատար Արշալույս Բադալյանը և Մարինա Վաղարշյանը։

Մեր ձայնագրության տաղավարում վերհիշելով ֆիլմի նկարահանումները՝ Արշալույս Բադալյանը նշում է, որ Լաերտ Վաղարշյանը ոչ միայն տաղանդավոր կինոռեժիսոր էր, այլև մեծ հոգեբան և համբերությամբ տանում էր իր մանկական բոլոր քմահաճույքները։

Մարինա Վաղարշյան, Արշալույս Բադալյան

«Ես անընդհատ փնտրում էի Մարինային և նկարահանող խմբի անդամներից որևիցե մեկին, բայց իմ որոնումները անարդյուք էին: Մի քանի տարի Մոսկվայում ապրելուց հետո, երբ վերադարձա Երևան նպատակ դրեցի ամեն ինչ անել ու վերջապես գտնել նրան։ Եվ պատկերացրեք, «Կոչված են ապրելու» կինոնկարի երկրորդ ռեժիսորի դուստրը՝ Անահիտ Հայրապետյանը հանդիսացավ այն կապող օղակը, որի միջոցով ես գտա Մարինային»,- ոգևորությամբ նշում է Արշալույս Բադալյանը։

Նկարահանումներն ու մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո, 1961 թվականին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենում «Կոչված են ապրելու» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմն արժանանում է թե’ հանդիսատեսի, թե’ մամուլի առանձնահատուկ ուշադրությանը, սակայն կարճ ժամանակ անց այն դադարում են ցուցադրել: Պատճառը իրական և չխրախուսվող երկու թեմաներն էին։

«Հետաքրքիր է, որ ֆիլմին շնորհվեց առաջի կատեգորիա։ Մոսկվայի, Երևանի, Խորհրդային Միության այլ երկրների լավագույն կինոթատրոններում ցուցադրվում էր կինոնկարը։ Եվ հանկարծ այդ ֆիլմի շուրջ սկսվեց անհասկանալի մի իրարանցում։ Ես դա բացատրում եմ նրանով, որ մոտենում էր Ցեղասպանության 50-րդ տարելիցը և Խորհրդային իշխանություները հասկացան, որ այս ֆիլմը կարող է շատ շատերին ոտքի հանել»,- ասում է Մարինա Վաղարշյանը։

Լաերտ Վաղարշյանի՝ «Կոչված են ապրելու» և «Այսօր արևոտ օր է» ֆիլմերն ավելի քան կես դար է սպասում են էկրան վերադառնալուն։ Ընդ որում, եթե առաջին՝ «Կոչված են ապրելու» գեղարվեստական ֆիլմն այսօր հասանելի է միայն համացանցում, ապա «Այսօր արևոտ օր է» ֆիլմի գոյության մասին գիտեն միայն նեղ մասնագիտական շրջանակում։

Ռեժիսորի դուստրը՝ Մարինա Վաղարշյանը սակայն, չի կորցրել հույսը, ավելին՝ վստահ է, որ գալու է այն օրը, երբ այդ երկու ֆիլմերը կցուցադրվեն հայկական հեռուստաալիքներով, և հայ հանդիսատեսը կգնահատի այն օրերի համար հերոսաբար ստեղծված կինոնկարները։

Back to top button