Հատվող եթեր

Արվեստ ծնված ստվերներից․ «Հատվող եթեր»

Մտորումների խորություն, նորարար գաղափարներ, խորհրդավորություն, պայծառ, լուսավոր գույներ, հաճելի տրամադրություն. աչք շոյող անչափ էսթետիկ և երբեք չմոռացվող ստեղծագործություններ, որտեղ ամենատպավորիչ մասն անհավանական պատրանքներն են՝ խորհրդավոր ստվերները։

Գեղեցիկն ընկալելու և վերարտադրելու մի յուրահատուկ մոտեցմամբ է արարում նկարիչ Վահագն Ղուկասյանն իր նորարար ու եթերային կտավներում։ Յուրահատուկ ու անբացատրելի ստվերախաղ, որտեղ ստվերն անվերջ շարժման մեջ է և գաղափարի կրողը։

Մանկուց շրջապատված լինելով արվեստի գործերով, ապրելով և ոգեշնչվելով ստեղծագործական միջավայրում ու հետագայում դառնալով այդ հսկա ժառանգության կրողն ու վերարտադրողը՝ այսօր արդեն Վահագն Ղուկասյանը դժվար է պատկերացնում իր կյանքն առանց արվեստի։

Նկարիչը ծնվել է Գյումրիում, արվեստագետի ընտանիքում, հայրը գեղանկարիչ Համբարձում Ղուկասյանն է: Սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում, Հայաստանի նկարիչների միության, Թանգարանների միջազգային միության անդամ է։

Վահագն Ղուկասյանը եղել է Գյումրու ամենասիրելի մշակութային անկյուններից մեկի՝ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրենը՝ իր բազմաթիվ նոր և ստեղծարար նախագծերով մշակութային կենտրոնը վերածելով Գյումրու այցեքարտերից մեկը:

Այսօր արդեն արվեստագետը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենն է և շարունակում է զբաղվել ակտիվ մշակութային գործունեությամբ։

Զրույց նկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանի հետ:

Back to top button