Վերնատուն

Կիլիկյան Հայաստանի մոդելը․ գաղափարներ՝ մերօրյա համակեցական միջավայրի համար․ «Վերնատուն»

Պատմաբան Զոհրաբ Գևորգյանը հետազոտել է Կիլիկյան Հայաստանի առօրյան, առևտրաշրջանառությունը, կապիտալին վերաբերվելու մշակույթը։

«Կիլիկյան հայաստանի մոդելը տալիս է գաղափարներ, մտածողության մոդելներ, որոնք կձևավորեն նոր մոդելներ՝ մերօրյա համակեցական միջավայրի համար, արդիականությունը հենց սրա մասին է։ Արդիականության մեջ մի գործողություն կա, դա համադրելն է, քանի որ Կիլիկյան հասարակությունը ուղն ու ծուծով՝ իրավական, տնտեսական, քաղաքական ոլորտից համադրությունների տրամաբանության մեջ էր», – ասում է պատմաբանը։

Լևոն արքան թագադրումից երեք տարի անց երկու առևտրային պայմանագիր է կնքում այն ժամանակվա առևտրային գերհսկաների՝ Վենետիկի և Ջենովայի հանրապետությունների հետ։

Հետագայում դրանք թարմացվել են, միացել են նաև այլ քաղաքներ՝ Պիզան, Կատալոնական քաղաքները, Մոմպելիեն, Մարսելը, Սիցիլիայի թագավորությունները։ Այստեղից էլ, ինչպես պատմաբանն է ասում, պետության մակարդակով մեծ ուշադրություն է դարձվում համակեցությանը, որը դառնում է հայեցակարգ։

«Կիլիկյան Հայաստանը ձևավորեց մի միջավայր, որտեղ անխուսափելիորեն առաջանում էր կարիք՝ իրավական համակեցական նոր մշակույթ ձևավորելու, և պատահական չեմ համարում, որ Սմբատ սպարապետը նախաձեռնեց Մխիթար Գոշի Դատաստանագրքի հիման վրա նոր Դատաստանագրքի կազմումը, և այնտեղ դետալների միջոցով նկատելի է համակեցական նոր մշակույթ, որտեղ ներառված են նույնիսկ մանր կենցաղային դրվագներ»։

Զոհրաբ Գևորգյանը, խոսելով Կիլիկյան Հայաստանում կապիտալի հետ հարաբերվելու ձևերի, ունեցվածքի բաժանման, ունեցվածքը փաստաթղթավորելու մասին, նշում է, որ մեր իրականության մեջ այսօր նյութականն ու հոգևորը մեկուսացված են, շահի գիտակցումը չի ամփոփված ոչ հոգևոր, ոչ նյութական միջավայրում։

«Կիլիկյան միջավայրում կաթոլիկ միսիոները կարող էր նաև լինել տնտեսական գործակալ։ Կոնցեպտը նյութական և հոգևոր աշխարհների համադրումն էր։ Մեզ շրջապատող նյութական աշխարհը նաև մեր հոգևոր աշխարհն է ձևավորում», – ասում է Զոհրաբ Գևորգյանը։

Պատմաբանը ֆենոմենալ հաջողություն է համարում Կիլիկյան Հայաստանի 300- ամյա պետությունը և հորդորում է փնտրել այն բանաձևերն ու մոդելները, որոնց հիմնա վրա կայացավ այն։ Ասում է, որ այդ բանաձևերի հիմքում դրված է շատ կարևոր մի գաղափար համադրությունն է։

«Վերնախավից սկսած մինչև հասարակության բոլոր շերտերը այն ժամանակ շատ ավելի բաց էին, քան հիմա, Կիլիկիո թագավորների կանանց մեծ մասը եվրոպացի էր։ Այսօրվա հայաստանյան իրականությունը բաց լինելու կարիք ունի։ Ազգայինը ձևակերպվում է բաց լինելով և դրանով է այն հարստացվում, փակ լինելով ազգային մշակույթը մեռնում է և չի զարգանում։ Կիլիկիան դրա օրինակներից է, որը ոչ թե պետք է պատճենել, այլ պետք է շատ խորությամբ ուսումնասիրել այն մոդելները, որոնք բերեցին այդ պետությանը հաջողության», – ասում է պատմաբանը։

Back to top button