Դպրություն

Սփյուռքի դպրոցները դասագրքերի կարիք ունեն․ «Դպրություն»

Հայտնի է, որ հայկական համայնքներում կրթական խնդիրների և լեզվապահպանության միասնական համակարգ գոյություն չունի, իսկ Սփյուռքի դպրոցները դասագրքերի կարիք ունեն։
Ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու օտար ափերում ապրող հայ երեխաների հայեցի լեզվամտածողության, ազգային ինքնության պահպանման հարցերը։

Արարատ Ղուկասյան

«Իսպանիայում, մասնավորապես Վալենսիայում, հայապահպանության գլխավոր հիմնասյունը դպրոցն է։ Մեր ուսուցիչները նվիրյալներ են, ովքեր իրենց միակ ազատ օրը՝ կիրակին նվիրում են տեղի հայ երեխային հայեցի մեծացնելուն, ուծացման դեմ պայքարին։ 18 տարի է գործում է մեր կիրակնօրյա դպրոցը։ Նախկինում, երբ կար Սփյուռքի նախարարություն, ամեն տարի մեզ ուղարկում էին գրքերի ցանկերը, մենք նշում էինք մեզ անհրաժեշտ գրքերը և դրանք ուղարկվում էին կամ հայկական դեսպանատուն կամ նշված հասցեով՝ դպրոց։ Վերջին 3 տարին ես նորից դիմում էի դասագրքերի հարցով, բայց չունեցանք, հիմա արդեն չեմ էլ դիմում»,– ասում է Իսպանիայի Վալենսիա քաղաքի «Արարատ» հայկական միության նախագահ, տեղի կիրակնօրյա դպրոցի հիմնադիր տնօրեն, գրող հրապարակախոս Արարատ Ղուկասյանը։

Հովհաննես Ալեքսանյան


«Մինչև 2019 թվականը Սփյուռքի նախարարությունը իրականացնում էր Սփյուռքի հայկական կրթօջախներին դասագրքերի տրամադրման ծրագիրը։ Երբ ձևավորվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, այդ ծրագիրը փոխանցվեց ԿԳՄՍ նախարարությանը։ Բայց, ելնելով ավանդույթից, նաև այն իրողությունից, որ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատակիցների գործուղումների ժամանակ, երբ համայնքներում պարբերաբար անդրադարձ է կատարվում դասագրքերի հարցին՝ մենք նրանց ուղղորդում ենք ԿԳՄՍ նախարարություն, որի կազմում գործում է Արտաքին կապերի և սփյուռքի վարչություն»,– պարզաբանում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Կարեն Մնացականյան

«Դասագրքերի խնդիրը միշտ օրակարգի մեջ է։ Եվ դասագրքերի հարցը դարձել է Սփյուռքի կրթական հաստատությունների հիմնական մտահոգիչ հարցը։ Իմ կարծիքով սա կարևորագույն հարցերից է։Բայց, քանի որ մենք բյուջետային հնարավորություններով կաշկանդված ենք, ցավոք սրտի դասագրքերի առաքման համար չունենք հատկացումներ պետական բյուջեից։ Մարտի սկզբին կամփոփենք նախնական հարցումների արդյունքները և մոտավորապես կպատկերացնենք, թե ո՞ր դասագրքերից է պետք ձևավորել պահանջարկ։ Եթե մեր հայրենակիցների կողմից կան առաջարկներ՝ մենք բաց ենք բոլորի համար։Սփյուռքը բազմաշերտ է և խնդիրների բարձրաձայնման արդյունքում, եթե կարողանում ենք ինչ որ արդյունքների հասնել, դա համատեղ ուժերով արված աշխատանքի արդյունք է», –ասում է ԿԳՄՍ Արտաքին կապերի և Սփյուռքի վարչության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը։

Back to top button