ՀարցուԳԻՏԱփորձ

Ե՞ս եմ որոշում՝ ում սիրել․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հստակեցրել է սեր եզրույթը և այն դասել հոգեկան շեղումների շարքին»։

Ալկոհոլիզմ, խաղամոլություն, թմրամիջոց չհանդիսացող, բայց թունավոր նյութերի ու դեղամիջոցների չարաշահում, գողություն կատարելու հիվանդագին հակում։ Եվ սեր։

«Այդ շարքը, որին դասվել է սերը, կոչվում է «սովորությունների և հրապուրանքների խանգարումներ»։

«ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր հոգեկան ամենագեղեցիկ շեղումի՝ սիրո մասին է։

***

Հին հույները տեսակավորել էին սերը։ Այն տեղավորվել էր 4 հիմնական խմբում․

  • Ստորգե- ընտանեկան սեր,
  • Ֆիլիա- ընկերական սեր,
  • էրոս- ռոմանտիկ սեր կամ սիրահարվածություն,
  • Ագապե- զոհաբերական սեր կամ սեր առ Աստված։

Բայց նրանք, որ մեզնից առաջ էին ու մեզնից խելացի, հասկացել էին՝ ևս 3 տարատեսակի կարիք կա։ Այսպիսով՝

  • Լյուդոս- սեր՝ որպես խաղ,
  • Մանյա- սեր-մոլուցք, որի հիմքում կիրքն է,
  • Պրագմա- գործնական սեր, որի հիմքում հաշվարկն է։

Անկախ սիրո տեսակից և նպատակից, անկախ սիրո օբյեկտից ու դրա սուբյեկտիվ ընկալումից՝ սերը գործընթաց է, որի ոգեղեն, մոգական կողմը զգում ենք բոլորս, ֆիզիոլոգիական կողմը՝ ուսումնասիրում գիտնականները։ Մե՞նք ենք որոշում՝ ում սիրել, սերը կառավարելի՞ է։ Մեր մարմնի ո՞ր մասում է ծնվում սերը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի հարցն այսօր սա է։

«Սիրուն բնորոշ են որոշակի գծեր (չեմ ուզում ասել ախտանիշներ)։ Առաջին հերթին դրանք սևեռուն մտքերն են մեկ այլ մարդու մասին, տրամադրության կտրուկ փոփոխություններն են, անհանգիստ քունը և շատ հաճախ նաև անքնությունը, չկշռադատված իմպուլսային վարքագիծը։ Սրանք ավելի շատ հոգեբանական դաշտում դրսևորվող գծեր են, բայց ֆիզիոլոգիական, կենսաքիմիական տեսակետից նույնպես կան որոշակի փոփոխություններ․ կարող են դիտվել արյան ճնշման կտրուկ տատանումներ, ալերգիկ ռեակցիաներ։ Սերը սթրես է»։

Սեդա Մարությանը ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության ու կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ է, զբաղվում է ընդհանուր կենսաքիմիայով։ Ճանաչում է սերը խիստ շոշափելի մակարդակում։ Մարությանը պատմում է՝ առեղծվածային զգացումը ծնվում է մեր գլխուղեղի հրահանգով՝ հորմոնների ձեռամբ։ Պարզվում է՝ մեր գլխուղեղն արդեն որոշել է՝ ում ենք սիրելու․

«Ֆլիրտ», 1903. Էժեն դե Բլաաս

«Մարդու ենթագիտակցության մեջ (որի տեղն էլ կարող ենք նշել՝ գլխուղեղի կորիզներում, ենթակեղևային հատվածներում) նախապես կա իր իդեալի մտապատկերը․ ինչպիսի՞ն ինքը կցանկանար տեսնել իր կողակցին։ Անգամ այն դեպքում, եթե մարդն այդ մասին չի էլ մտածում, չի  կռահում, իրականում յուրաքանչյուր մարդ ունի իր իդեալը»,- ասում է Սեդա Մարությանը։

Այսպիսով՝ երբ մենք նոր մարդու ենք հանդիպում, գլխուղեղը առաջին վայրկյաններն օգտագործում է այդ մարդուն իր իդեալի հետ համեմատելու համար։ Այս ընթացքում սինթեզվում է ադրենալին և նոր ադրենալին, որոնք սրտխփոցի արագացում, քրտնարտադրություն, ոտքերի ու ձեռքերի դող են առաջացնում։ Եթե համընկնումներ չկան, ապա հորմոնների մակարդակն իջնում է, կյանքը՝ շարունակվում բնական հունով։ Իսկ եթե դիմացինի մարմնակազմվածքը, պահվածքը, խոսքը, ժեստերը, նույնիսկ բույրը մեր գլխուղեղի «սրտով» է լինում, ապա մեկնարկում է ճանաչողության փուլը։

«Այս փուլում օրգանիզմում բարձրանում է դոֆամինի, իջնում՝ սերոտոնինի քանակությունը։ Այս երկու հորմոնները կոչվում են ուրախության հորմոններ։ Դոֆամինը պատասխանատու է օրգանիզմում ցանկացած տեսակի կախվածության դրսևորման համար։ Միաժամանակ, երբ սերոտոնինը պակասում է, թվում է թե պիտի ուրախության մակարդակը իջնի։ Բայց սերոտոնինի պակասելը հանգեցնում է սևեռուն մտքերի առաջացման, այսինքն՝ մարդն անընդհատ մտածում է միևնույն մարդու մասին, որը ուժեղացնում է նրանից կախվածությունը»։

«Գլխապտույտ», 1903. Յուբեր Դենի

Սրան հաջորդող փուլը կոչում են կրքի փուլ։ Այս ընթացքում առաջանում են սթրեսային հորմոններ՝ նոր ադրենալին և կորտիզոլ․

«Այս փուլում և՛ տղամարդու, և՛ կնոջ օրգանիզմում սկսվում են սինթեզվել մեծ թվով սեռական հորմոններ։ Տղամարդու մոտ՝ տեստոստերոն, կանանց մոտ՝ պրոգեստերոն, տեստոստերոն և էստրոգեն, կանանց մոտ մի ամբողջ խառնուրդ է, հորմոնների կոկտեյլ»։

Սիրո ձևավորման երրորդ փուլ՝ կապվածություն։ Այս փուլում օրգանիզմում նոր հյուրեր՝ վազոպրեսին և օքսիտոցին հորմոններն են հայտնվում։ Օքսիտոցինը, որը նաև անվանում են «գրկելու հորմոն», կնոջ մոտ ձևավորում է մայրական բնազդ, իսկ վազոպրեսինը տղամարդու մոտ նպաստում է մոնոգամությանը՝ միայն մեկ կնոջով հետաքրքվելուն։ Դոֆամինը՝ կախվածության հորմոնը, տեղը զիջում է նոր՝ կապվածության հորմոններին։

«Եվ ի վերջո դրսևորվում է սիրո զարգացման 4-րդ փուլը, որը կոչվում է երանության փուլ։ Այս փուլում արդեն ձևավորված ընտանիքի հետ գործ ունենք, համերաշխ, սիրող ընտանիքի, որտեղ վախի, տագնապի զգացմունքները, կորցնելու վախը նահանջում են, և երկարատև ժամանակի համար մարդկանց միջև փոխըմբռնում և ներդաշնակություն է ձևավորվում»։

«Մուրաբա են պատրաստում», 1876․ Վլադիմիր Մակովսկի

Այս վիճակի համար էլ պատասխանատու հորմոնն առաջանում է՝ արդեն նահանջած սթրեսային հորմոնների փոխարեն։ Այսպես մինչ մարդը հուզվում է, բարկանում, ուրախանում, անհանգստանում, տագնապում, երջանկանում, և կրկնում այս փուլերը խառը հերթականությամբ ու պարբերականությամբ՝ օրգանիզմը իր գործն է անում՝ խիստ կանոնակարգված, կոնկրետ հորմոնների հստակ քանակություն արտադրելով։

***

«Այսօրվա բանաստեղծությունների սիրո դրսևորումները Վահան Տերյանի բանաստեղծության նրբագեղության աստիճանի վրա չեն կարող մնալ, որովհետև փոխվել են գրականության՝ իրականությունը ներկայացնելու, ոգեղենի մասին խոսելու չափանիշները և առօրյան ավելի շատ է սկսել մտնել գրականության, արվեստի մեջ։ Առօրյայի քաոսը ավելի շատ է հայտնվում բանաստեղծության մեջ»,- ասում է Հասմիկ Հակոբյանը։

Սերը, որը ծնվում է նույն «ընթացակարգով», արտահայտման խիստ տարբեր դրսևորումներ ունի։ Մինչ հորմոններն «իրենց կյանքով են ապրում»՝ մեզ մեր կյանքը թելադրելով, մենք ընտրում ենք զգացածն արտահայտելու մեր ձևը, որը նույնը չէ, ինչ ուրիշի մոտ, նույնը չէ, ինչ ուրիշ ժամանակում էր։

Հասմիկ Հակոբյանը սիրո հոսքի տակ է՝ բառի ուղիղ իմաստով։ Գրականագետ, գրաքննադատ, «Գրանիշ» կայքի խմբագիր լինելը ենթադրում է մեր ժամանակներում ստեղծված սիրո մասին բառերն ամենաշատը կարդացող մարդկանցից մեկը լինել։

«Սիրահարները պատուհանի մոտ», 1815, Յոհանն Խամզա

— Երբ փորձում եմ վերլուծել, հասկացա, որ ժամանակակից պոեզյայում սիրային բանաստեղծություններ շատ քիչ են գրվում։ Առհասարակ սեր կա, բայց սերն այն իմաստով որ պատկերացնում ենք Տերյանի բանաստեղծության մեջ, սիրերգություն այն իմաստով, որ կա Սևակի բանաստեղծության մեջ, ժամանակից պոեզիայում դժվար է գտնել։
— Իսկ ինչի՞ մասին է խոսում ժամանակակից պոեզիան։
— Ժամանակակից մարդու մասին, որն ունի տարբեր մտահոգություններ։
— Եվ քիչ սե՞ր։
— Ունի նաև սեր, բայց այդ սերը առօրյա հոգնածությունների տակ երբեմն կարող է ճնշվել և լավ չարտահայտվել կամ արտահայտվել այդ աղմուկների միջոցով։

Այսօր գրվող սերը փոշոտ է ու աղմկոտ՝ առօրյա քաոսին խառնված։ Հասմիկ Հակոբյանին դա դուր է գալիս, ասում է՝ այսպես գրականությունն ավելի անկեղծ է, ցույց է տալիս, որ մարդը մոնոտոն, միայն սենտիմենտալ ապրումներով չի ապրում, ունի նաև կենցաղ և սեր՝ այդ կենցաղում։ Հիմա սեր զգացողը ավելի քիչ է խաբում սերը բառ դարձնելիս։

«Նույն Հասմիկ Սիմոնյանի, Կարեն Անտաշյանի բանաստեղծությունների մեջ սեր, իհարկե, կգտնեք, բայց այդ սերը միշտ որոշակիորեն այլ բանի, այլ ձայնի հետ փոխկապակցված է ներկայանում։ Նույն Ներսես Աթաբեկյանը հրաշալի սիրային բանաստեղծություններ ունի, որոնք շաղկապված են այլ իրականության, այլ աղմուկների հետ»։

Հայտնի ու առաջին քայլերն անող, կոփված ու գրականության մեջ դեռ խարխափող մարդկանց բառերը բոլորից առաջ կարդացողին հարցնում եմ՝ ո՞վ է վերջին տարիների ամենահայտնի սիրերգակը։ Պատասխանը միանշանակ է՝ Հուսիկ Արա, բանաստեղծությունը՝ «Եվ սերն ասաց»․

«Հուսիկն էլ կդառնար ժամանակավրեպ, միայն սենտիմենտ արտահայտող, եթե սիրային բանաստեղծությունը չփոխարիներ մշակութաբանական շերտի խաղարկման հետ։ Ի՞նչ է անում ինքը՝ վերցնում է Աստվածաշնչյան աշխարհաստեղծման հայտնի խոսույթի մոդելը և դա վերագրում սիրային բանաստեղծության, որտեղ ստեղծվում է աշխարհը և ստեղծվում է սերը միաժամանակ»։

Սերը չի փոխվել։ Այսօր էլ Տերյանի չափ նուրբ զգացող ու տառապողներ կան։ Աղմուկն էլ մեր սերնդի «ձեռքբերումը» չէ․ Սևակի ժամանակ էլ ժամանակները խաղաղ չէին։ Փոխվել են արվեստի չափանիշներն ու մարդու սպասումները։ Չարենցի, Սահյանի, Հովհաննես Գրիգորյանի բառերն ու ոճն արդեն օգտագործել են իրենք՝ հեղինակները։ Հիմա գրականությունը հին սիրո նոր դրսևորում է ուզում․

«Բնականաբար, հասկանում ես, որ մարդը գրել է իր հույզերի մասին, ամենանվիրական ապրումներով, ամենասիրուն բառերն է օգտագործվել, ուղարկել է ու հանկարծ այն կողմում նստած «բոբո-խմբագիրն» ասում է՝ գիտեք, Ձեր գրածը չի համապատասխանում մեր կյանքի գեղագիտական սկզբունքներին, չեմ կարող հրապարակել։ Իհարկե, դաժան բան է, հասկանում ես, բայց ուղղակի որպես խմբագիր չես կարող տեղի տալ միայն զգացումին և անտեսել գեղագիտությունը, նորարարությունը, լեզուն»,- ասում է Հասմիկ Հակոբյանը։

«ՀարցուԳԻՏԱփորձ»-ը հաճախ է ասել՝ գիտությունը կախարդանքը հողեղեն դարձնելու բնավորություն ունի։ Բայց գիտնականները ևս սիրում են, վստահաբար՝ ոչ պակաս մոգական սիրով։ Սեդա Մարությանին հարցնում եմ՝ հարմա՞ր է սիրել, երբ գիտես՝ սերն իրականում ինչ է․

«Շատ լավ բան ասացիք, որ չիմացող մարդու համար դա ոգեղեն է, գեղեցիկ է։ Իմացողի համար՝ նույնպես։ Երբ գալիս է այդ պահը՝ սիրահարվածությունը, սիրո զգացումը կամ ընտանիք կազմելը, առավել ևս՝ երեխա ունենալը, հորմոններն էլ եք մոռանում, ամեն ինչն էլ։ Ու ապրում եք զուտ զգացմունքային դաշտում։ Միշտ չի, որ մենք խորանում ենք ամեն ինչի նյութական հիմքերի մեջ, որովհետև լավ է, որ մարդուն տրված է գեղեցիկը վայելելու հատկությունները։ Երբեք և ոչ մի պարագայում սիրահարված մարդը չի մտածում՝ այս պահին իմ մոտ դոֆամին սինթեզվեց, իսկ հետո սինթեզվելու է վազոպրեսին»։

Այն, որ ստամոքսի թիթեռնիկներն իրականում հորմոնների խաղ են, որ մենք առաջնորդվում ենք մեր գլխուղեղի ճաշակով, որ սեր ենք արտահայտում՝ աչքի պոչով ժամանակի պահանջներին նայելով ու ըստ դրանց բառեր ընտրելով՝ չի ստվերում առեղծվածը։

Հաջորդ շաբաթ մենք նորից հանդիպելու ենք՝ խիստ մարդկային մի երևույթի գիտական հիմքերը բացահայտելու՝ ոչ թե զգայական դաշտը գիտականով փոխարինելու, այլ գիտակցված զգալու ակնկալիքով։

Back to top button