Վերնատուն

«Խատուտիկի Գինին»․ կյանքի բոլոր համերը՝ մեկ ներկայացման մեջ․ «Վերնատուն»

Համազգային թատրոնի հերթական պրեմիերան ամերիկացի ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինին» ստեղծագործությունն է։ Սա ինքնակենսագրական վեպ է, որը Բրեդբերին գրել է 36 տարեկանում` վերադառնալով մանկություն, ստեղծել է Գրին Թաուն քաղաքը՝ իր բնակիչներով։

Բեմադրող ռեժիսոր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասում է, այս ստեղծագործությունը հարազատ է իր համար, քանի որ կյանքին նայում է գլխավոր հերոսի՝ 12- ամյա Դագլաս Սփոլդինգի աչքերով, կյանքին երջանիկ և ստեղծագործաբար վերաբերվելու և կյանքը վայելելու դիրքերից՝ չմոռանալով իրականությունը, որի մեջ ապրում ենք։

«Որքան էլ ստեղծագործական կյանքով ապրենք, վայելենք ու սիրենք կյանքը, Արցախն այս օրերին շրջափակման մեջ է, կորուստներ կան, հիվանդություններ, ինչը հաճախ հոգեպես կարող է կործանել։ Շատ դժվար է պահել լավատեսությունը», –ասում է Նարինե Գրիգորյանը։

Ներկայացման գլխավոր հերոսի դերակատար Նարեկ Բաղդասարյանը խոսում է ներկայացման մեծ մասշտաբների մասին․ «Շատ հագեցած ներկայացում է, որտեղ խոսքը շատ է, շարժումը շատ, դերակատարները շատ են, դեկորները՝ մեծ, երաժշտությունն ու լույսերը՝ շատ, սերունդները՝ բազմազան՝ 10 — 70 տարեկան», – ասում է Նարեկը՝ հավելելով, որ այս մասշտաբները մարդկանց իրենց մանկություն ուղեկցելու համար են ու որ իր հերոսը հենց դա է անում՝ մարդկանց տանում է դեպի մանկություն։ Նարինե Գրիգորյանը, խոսելով ներկայացման ուղերձների մասին, ասում է, որ առաջին անգամ բեմում փիլիսոփա է և ուզում է, որ մարդիկ խորհեն կյանքի մասին։

«Աշխարհում շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում, և մարդը նույնպես պետք է փոխվի, մարդը պիտի սկսի խորհել կյանքի մասին։ Շատ պառակտված ենք ամեն ինչում։ Մի բան կա, որ բոլորիս ընդհանրացնում է․ երևի դա մեր մանկությունն է, որտեղ բոլորս ինչ-որ չափով հավասար ենք, բոլորիս բերում է մի դաշտ, ազնվացնում, պարզեցնում։ 12 տարեկանը այն տարիքն է, երբ կյանքը իր խտություններով բացահայտում ես, ես ուզում եմ որ բոլորս վերադառնանք այդ տարիք փիլիսոփայորեն ու նորովի բացահայտենք կյանքը։ Շատ ուզում եմ մի լեզվով խոսենք՝ Մանկության լեզվով», – ասում է ռեժիսորը։

«Ներկայացումը մանկության մասին չէ, բայց այն կետն է, որից պիտի նորովի սկսենք ապրել, վերաիմաստավորել կյանքը։ Պիտի կարողանանք մեր երազանքի ու դաժան իրականության միջև մի ընդհանրություն գտնել։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր ներկայացումից մարդը լուսավորված ու ապրելու անհագ ցանկությամբ դուրս գա։ Ուզում եմ վարակել առողջությամբ, և այդ տրամաբանությամբ էլ ընտրվում են պիեսները։ Վերջում Դագլասը հիշեցնում է կյանքի բոլոր համերի մասին», – ասում է Նարինե Գրիգորյանը։

Back to top button