Ժամանակի վկան

Սերիկ Դավթյանի կենսասիրության ու մաքառման 130 տարիները․ Մերի Քեշիշյան․ «Ժամանակի վկան»

Ո՞վ էր Սերիկ Դավթյանը, ի՞նչ դերակատարություն է ունեցել անցյալ դարի հայկական իրականությունում, ինչպիսի՞ կերպար էր, ի՞նչ ուսուցանող, ընդօրինակման արժանի դրվագներ կան նրա կենսագրության հայտնի և անհայտ էջերում՝ կիմանաք այս հաղորդումներից։

Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան, ազգագրագետ Սերիկ Դավթյանի կենսագիր, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի գիտաշխատող Մերի Քեշիշյանի հետ երկու հաղորդումով ներկայացնում ենք Սերիկ Դավթյանի կյանքն ու գիտական ժառանգությունը։

Ինչո՞վ է պայմանավորված է Մերի Քեշիշյանի գիտական հետաքրքրությունը Սերիկ Դավթյանի կյանքի և գործունեության նկատմամբ։

Բացի նշվածը, մեկ այլ նախապայման էլ կար, որն ավելի բուռն էր դարձնում Սերիկ Դավթյանի անձը խորապես ուսումնասիրելու և բացահայտելու ցանկությունը։

Սակայն ավելին իմանալու ցանկությունը բավարար չէր․ Մերին բախվեց բազում խոչընդոտների, որոնցից մեկն էլ եղած փաստական տվյալների ու նյութերի գտնվելու վայրերի անորոշությունն էր ու սփռվածությունը։ Անհրաժեշտ էր նաև ջանք՝ հայտնաբերածը գիտականորեն համակարգելու համար։
2023 թվականը հոբելյանական է Սերիկ Դավթյանի համար․ լրանում է նրա ծննդյան 130 ամյակը։

Հետաքրիր պատմություն կա պահպանված Սերիկ Դավթյանի ծննդյան օրվա և անվան ընտրության մասին, որն առնչվում է Խրիմյան Հայրիկի ներկայությանը։
Հետաքրքրասեր և ուսումնատենչ Սերիկը փոքրուց հմտացավ բազմաթիվ արվեստներում ու արհեստներում, որոնք նրան օգնեցին ողջ կյանքում և, հետևելով հաղորդման ընթացքին՝ կհամոզվեք, որ այդ հմտությունները նույնիսկ փրկօղակ դարձան ծայրահեղ ծանր իրավիճակներում։

Սերիկ Դավթյանի ներաշխարհի և ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեցան ոչ միայն ներքին՝ ընտանեկան, և արտաքին՝ դիլիջանյան, մշակութային միջավայրները, այլև այն հանգամանքը, որ փոքրուց նա ճանաչեց ու շփվեց հայ մեծերի հետ։ Այդ առումով առանձնապես անառարկելի էր հոր դերակատարությունը և ունեցած կապերը։

Երիտասարդ հայուհու կյանքում թիֆլիսյան տարիները շրջադարձային եղան։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ ծանոթությամբ հիմք դրվեց ոչ միայն երկարատև մտերմության, այլ նաև՝ ստեղծագործական համագործակցության։
Թիֆլիսաբնակ հայ մեծերի, նրանց ընտանիքների հետ մտերմությունը, նրանց մասին հուշերն ավելի արժեքավոր են դարձնում Սերիկ Դավթյանի կյանքի պատմությունը։
Թիֆլիսում Սերիկ Դավթյանն ապրեց մինչև 1914 թվականը, ապա նորից վերադարձավ Դիլիջան։

Դիլիջանից հետո ճակատագիրը նրան տարավ Էջմիածին, Բաքու, Աստրախան, ապա Սարատով։ Ամենուր նա ուսուցչությամբ էր զբաղվում, փորձում օգտակար լինել իր հայրենակիցներին, ինչպես նաև՝ ստացավ բարձրագույն կրթություն։

Սարատովում ավարտելով ուսումնառությունը, Հայաստանի խորհրդայնացումից հետո Սերիկ Դավթյանը կրկին վերադարձավ Դիլիջան։

Շուտով նա աշխատանքային առաջարկ է ստանում Երևանից։ Եղիշե Չարենցի հետ ծանոթության և մտերմության մանրամասնությունները կարևոր դրվագներ են նրանց կենսագրություններում։

Էջմիածնում որպես կրթության ոլորտի պաշտոնյա աշխատած տարիները բեղմնավոր եղան։ Մտերիմ կապեր հաստատվեցին այդ տարիներին Էջմիածնում գործած հայ մեծերի հետ, մասնավորապես, ապագա կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի և բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի հետ։

Back to top button