Սփյուռքի ձայնը

Հայ փրկարարները աղետի գոտում. տուժած հայերի համար այսօր հիմնականը օթևանի խնդիրն է․ «Սփյուռքի ձայնը»

Հայ փրկարարները փլատակների տակից փոքրիկ աղջնակ են փրկել. այս լուրը մենք ստացանք փետրվարի 9-ին Թուրքիայի «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Բագրատ Էստուկյանի հետ հեռախոսազրույցից մի քանի րոպե առաջ։ Հայ խմբագրապետը հիշեց, որ 1999 թվականին մեր փրկարարներին ուղարկել էին մի վայր, որտեղ կենդանի մարդիկ չկային և դա շատ էր ազդել և նրանց, և Էստուկյանի վրա։ Ուստի` փոքր երեխայի փրկելու մասին մեր հայտնած լուրը Էստուկյանին շատ ոգևորեց։

Իսկ «Ակօսի» խմբագրապետին ու Սիրիայի «Երազ» ռադիոկայանի տնօրեն Ռուբեն Գևորգյանին մենք զանգահարել էինք` տեղեկանալու աղետի գոտում մեր հայրենակիցների վիճակի մասին։

Նրանց օգնության հարցերով զբաղվում են նաև հայոց եկեղեցու առաջնորդարանները` միաժամանակ համայն հայությանը օգնության կոչ անելով։

Սիրիայի «Երազ» ռադիոկայանի տնօրեն Ռուբեն Գևորգյանը նշում է, որ կազմվել է հանձնաժողով, որն ուսումնասիրելու է վնասի չափը: «Սիրիայի բարեկամ երկրների ուղարկած օգնությունը՝ սնունդ և դեղորայք, բավականին շատ է և պետությունը տրամադրում է: Այսօր սիրիահայերին, որոնք տուժել են երկրաշարժից, անհրաժեշտ է օթևան: Եթե շուտափույթ օգնություն չտրամադրվի, շատերը կմնան դրսում»,- ասում է Ռուբեն Գևորգյանը:

Նա նաև ավեացնում է, որ տարբեր երկրների հայությունը արձագանքել է սիրիահայերի ձայնին և արդեն որոշ քանակով օգնություն հասել է իրենց: Սակայն ամենամեծ խնդիրը՝ տների վերանորոգման հարցն է, նշում է նա:

Թուրքիայում երկրաշարժի հասցրած վնասները շատ մեծ են, ասում է Բագրատ Էստուկյանը։  «Ակօս»- ի խմբագիրը նաև ավելացնում է, որ պետությունը օպերատիվ չի աշխատում, որի հետևանքով տուժածների թիվը ավելանում է։ «Չկան ապաստարաններ, երկիրը պատրաստ չէր նման իրավիճակին»,- ասում է Բագրատ Էստուկյանը:

Ինչ վերաբերում է համայնքի և Պոլսի պատրիարքության գործողություններին, ապա այստեղ ևս ամենամեծ խնդիրը մարդկանց օթևանով ապահովելն է:

Back to top button