Մոռացված ֆիլմերի ստվերները

Մայրանուշ Գրիգորյանի արտիստական կյանքի գաղտնի ու հետաքրքիքր էջերից. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոյի և թատրոնի դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը շատ երիտասարդ էր, երբ մուտք գործեց արվեստի աշխարհ։ Նրա ճանապարհը լի է հաճելի հանդիպումներով, հաջողություններով և նաև դժվարություններով։

Հոբելյանի առիթով դերասանուհուն հրավիրում եմ ռադիոյի ձայնագրության տաղավար:

Մայրանուշ Գրիգորյան

Արդեն կես դարից ավելի Մայրանուշ Գրիգորյանի կյանքը կապված է թատրոնի, կինոյի, հեռուստատեսության ու ռադիոյի հետ։ Այդ աշխարհը Մայրանուշին գուցե չտրվեր, եթե բարի աչքերով, հմայիչ ժպիտով գեղեցիկ աղջնակին չնկատեր ու նրա թատերական ճակատագիրը չկանխորոշեր Խնկո-Ապոր գրադարանի գրադարանավարուհի Մանիկ Կոշկակարյանը։ Նրա հորդորով Մայրանուշը դպրոցն ավարտելուց հետո դիմեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, ընդունվեց և ավարտեց Կիմ Արզումանյանի արվեստանոցը։

1971 թվականին ռեժիսոր, դերասան, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դասախոս Կիմ Արզումանյանի կուրսում հավաքվել էր ուսանողների մի հրաշալի խումբ։ Տարիներ անց նրանք, գրեթե բոլորը, ճանաչված և սիրված դերասաններ և բեմադրիչներ դարձան։ Այդ շնորհալիներից մեկն էլ Մայրանուշ Գրիգորյանն էր, որն այս տարի նշում է իր հոբելյանը։ Այս առիթով հարցազրույցներից խուսափող Մայրանուշ Գրիգորյանին հրավիրեցինք զրուցելու և բացահայտելու նրա դերասանական կյանքի գաղտնի ու հետաքրքիր էջերից։ Մեր զրույցը սկսվեց կադրից դուրս՝ աշխատանքի իր վարպետությունից։

Կիմ Արզումանյանը իր ուսաանողուհւների հետ

«Կրկնօրինակման սպասասրահում ես շփվում էի թատրոնի և կինոյի այն ժամանակվա առաջատար դերասանների հետ: Եվ դա իմ կյանքը հարստացրել է»,-ասում է Մայրանուշ Գրիգորյանը:

 «Աշնան արև», «Ձորի Միրո», «Հող և ոսկի», «Ընկեր Փանջունի» և այլ ֆիլմերում էպիզոդիկ, բայց  տպավորիչ ու կանացի դերեր մարմնավորած Մայրանուշ Գրիգորյանը տարիների հեռավորությունից ժպիտով ու մի քիչ էլ հումորով է վերհիշում իր առաջին նկարահանումը։ Բագրատ Հովհաննիսյանի «Աշնան արևը» ֆիլմում նա հանդես եկավ գլխավոր հերոսի՝ Սիմոնի սիրուհու դերում։ Անկողնային մի տեսարան, որ նա պիտի խաղար Կարեն Ջանիբեկյանի հետ։ Այդ տարիների համար համարձակ քայլ էր դա, ինչը հաճախ դերասանուհու և կինոռեժիսորի վեճերի ու քննարկման առիթ էր դառնում։   

«Երբ Տերյան 2 հասցեում գտնվող կինոստուդիայում նախնական հանդիպում ունեցա Բագրատ Հովհաննիսյանի հետ, նա ինձ չասաց, որ անկողնային տեսարանում պիտի նկարաահանվեմ: Մի քանի օր անց ես ուղևորվեցի Ահնիձոր՝ նկարահանման: Տեսարանի նկարահանումից առաջ ռեժիսորի հետ քննարկման ժամանակ ես անակնկալի եկա և կտրուկ հրաժարվեցի այդ տեսարանում նկարահանվել: Ե՛վ նա, և՛ ֆիլմի երկրորդ ռեժիսոր Հակոբ Իսկուդարյանը համոզում էին ինձ, բայց երբ Բագրատը հասկացավ, որ անդրդվելի եմ որոշեց փոփոխություն մտցնել տեսարանում: Մտածեց, մտածեց և լուծում գտավ, որը կարծում եմ դուր է եկել նաև կինոդիտողին»,-պատմում է Մայրանուշ Գրիգորյանը:

«Աշնան արևը» ֆիլմին հաջորդեց Ժիրայր Ավետիսյանի՝ « Ձորի Միրոն»։ Տարիների փորձառությամբ այսօր Մայրանուշ Գրիգորյանը նկատում է, որ խութեցի հարսի կերպարում կարող էր ավելին ներդնել, սակայն Սոս Սարգսյանը, որն այդ ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսի՝ Միրոյի կերպարը, ռեժիսոր Ջուլիետ Կաժոյանի «Մեր Մարոն» ֆիլմում այլ կարծիք է հայտնել։

«Դուքանի տեսարանի նկարահանման սկզբում Մայրանուշը կարծես թե մի քիչ կաշկանդված էր, բայց նկարահանումից հետո, երբ դիտեցի տեսարանը, հասկացա, որ ինչ որ նա արել է կադրում ուղղակի կատարյալ է: Մի փոքրիկ դեր է Նարեի դերը, բայց Մայրանուշը կարողացավ էկրանին նրբորեն ու ճշգրտորեն ներկայացնել փախստական կնոջ ողբերգությունը»,- այսպիսին է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի բնորոշումը:

Մայրանուշ Գրիգորյանի ձայնով այսօր էկրանին խոսում են  բազմաթիվ դերասանուհիների ստեղծած կերպարներ, բայց քչերն են կռահում, որ խոսում են ոչ թե էկրանին երևացող հանրաճանաչ արտիստները, այլ  հնչում է Մայրանուշ Գրիգորյանի ձայնը։ Դերասանուհին, վերհիշելով տարիներ առաջ կատարած ձայնագրությունները, ափսոսանքով նշում է, որ իրեն ցավոք բախտ չվիճակվեց շատ կինոռեժիսորների հետ աշխատել կադրում։ Իսկ կադրից դուրս նա կրկնօրինակել է ութ հարյուր յոթանասունից ավելի դերեր։

«Այնպես եմ աշխատել կադրից դուրս, որ դիտողը երբեք չկռահի, որ էկրանին երևացող դերասնուհու ձայնի փոխարեն այլ դերասանուհու ձայն է հնչում: Գենադի Մելքոնյանի «Թթենի» ֆիլմում Թամար Հովհանիսյանին եմ կրկնօրինակել և ոչ ոք չի կարող ասել, որ դա Թամարի ձայնը չէ»,-նշում է Մայրանուշ Գրիգորյանը:

Հումորով, ժպտերես Մայրանուշ Գրիգորյանն ավելի քան երեք տասնամյակ է դարձել է Հանրային ռադիոյի կոլեկտիվի անբաժանելի մասը։ Կինոյում տարբեր կերպարներ ստեղծելուն զուգահեռ նա նկարահանվել է նաև հեռուստաթատրոնում, մասնակցել ռադիոթատրոնի բեմադրությունների, որ այսօր պահպանվում են Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում, իսկ մշակութային ակտիվ գործունեության և անցած ճանապարհի համար արժանացել է վաստակավոր արտիստի կոչման։ Եվ չնայած այդ ամենին, նա չի պատրաստվում ապրել պասսիվ ու հանգիստ կյանքով։

Back to top button