Երաժշտական եռանկյունի

Կարեն Արզումանյան․ «Էմփիրեյից»՝ անհատական նախագիծ․ «Երաժշտական եռանկյունի»

Կարեն Արզումանյանի հետ ծանոթացա 1994 թ.-ին, երբ հետապատերազմյան Հայաստանում փորձում էի մի խումբ նվիրյալների հետ վերականգնել համալսարանական «Ուսանողական գարունի» ավանդույթը:

Խորհրդային շրջանում այդ բուհական փառատոնը միավորում էր բոլոր ստեղծարար ուսանողներին և թույլ էր տալիս ուսանողական միջավայրում ներկայացնել սեփական ստեղծագործական ձիրքը՝ թատրոնից, ԿՎՆ-ից մինչև ռոք երաժշտություն:

Հետպատերազմյան Հայաստանում մի քանի տարիների ընթացքում կորսվեց այդ ավանդույթը, որը շատ և շատ երիտասարդների համար դուռ է բացել դեպի արվեստի աշխարհ:

«Գաուդեամուս» երաժշտական փառատոնը այն հարթակն էր, որտեղ ի հայտ եկան այսօր հանրաճանաչ և բավականին հնչեղ անուններ, այդ թվում «Էմփիրեյ» խումբը, որի հիմնադիրներից մեկը կիթառահար Կարեն Արզումանյանն էր:

«Այն ժամանակ մենք ստեղծագործում էինք անգլերեն և փորձում էինք ռոք երաժշտության միջոցներով արտահայտել մեր երաժշտական տեսլականը: Երգերը գրում էինք Ռոբերտ Բըրնսի խոսքերով, հայերեն սկսեցինք գրել շատ ավելի ուշ»,- ասում է Կարենը:

«Էմփիրեյ»խումբն այն օրինակներից է, որը ուսանողական շրջանակներում ձեռք բերելով ճանաչում՝ այնուամենայնիվ տարիների ընթացքում սեփական երաժշտությանը հաղորդեց ավելի կոմերցիոն բնույթ՝ ընդլայնելով թե երգերի թեմաները, թե հայացնելով տեքստերը, ինչի շնորհիվ նաև գրավեց փոփ երաժշտության սիրահարների լսարանը:

Նաև խմբի երգացանկի վրա մեծ ազդեցություն թողեց դաշնակահարուհի Գիսանե Պալյանը, ով մուտք գործելով խումբ՝ նվագում էր ոչ միայն ստեղնային գործիքների վրա, այլ նաև գրում էր երգեր, որոնք շատ արագ կազմեցին ռոք խմբի երգացանկը:

«Էմփիրեյը» շատ ակտիվ մասնակցում էր տարբեր միջոցառումների, փառատոների, երաժշտական և ռադիո հաղորդումների: Նույնիսկ գրում և կատարում էր երգեր պատվերով, գրում երաժշտություն կինոյի և հեռուստատեսային կոնտենտի համար: Տարիների ընթացքում սկսեց փոփոխվել նաև երաժիշտների կազմը, ինչն իր հերթին նոր երանգ հաղորդեց խմբի երաժշտությանը:

Կարեն Արզումանյանն ի սկզբանե դրսևորվեց որպես ինքնատիպ սոլոկիթառահար, ում կիթառի հնչյուններից միանգամից կարելի էր կռահել, թե ով է նվագում՝ ուներ ուրույն կատարողական ոճ, և բնական է, որ տասնամյակների ընթացքում ձեռք բերված փորձառությունը և ստեղծագործական ձիրքը պետք է տանեին երաժշտին դեպի սեփական անհատական նախագծի իրականացում:

«Ֆեյք էռռոռ» ալբոմը Կարեն Արզումանյան ստեղծագործողի ինքնադրսևորումն է, որը ներառում է սեփական 8 գործիքային կոմպոզիցիաներ, որոնց բոլոր նվագարանների կատարողը և հնչյունային ռեժիսորը ինքը՝ Կարենն է:

Հաղորդման ընթացքում հնչում են Կարեն Արզումանյանի «Էմփիրեյ»-ական և սեփական հեղինակային կոմպոզիցիաները:

Back to top button